Երկուշաբթի, 24.09.2018
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Եվ երկյուղս ընկած հոգեվարքի մեջ
Աշնան տերևի դող է անթաքույց,
Իմ տեսակարար կշիռն է ,ասես,
Ափիս մեջ հյուսկեն՝ բութն ինձ մատնացույց:
Ես մոռացել եմ ժամ ու պատարագ,
Քնքուշ պատկերդ էր ամեն ակնթարթ
Հոգուս մեջ խազված նոտագիր անկարգ,
Լուսնի մեղեդի, աստղերի նվագ:
Մի սուրբ ղողանջ է շուրջս թևածում,
Անզոր թախիծն այս ցավ է տարածում,
Ես իմ մեջ մեռա, որ քո մեջ մի օր
Ածանցվեմ, ասես, հուշ մի հեռավոր:

...

Ինչ աշխարհ է՝ մի մոլորակ անկենդան,
Ավերակիս մարդաբույր էլ չմնաց,
Ու՞մ հետ անցա անհրապույր այս ճամփան,
Անշուք տեսքիս ձեռք թափ տվեց ու գնաց:
Իմ կարոտը մի հնչյուն էր անհունում,
Մի դրվագ էր ժամանակի բավիղում,
Թե փողոցն այս վերից վար էլ ես անցնեմ,
Մի անկատար ուրվական եմ դալկադեմ:
Ո՞վ է ասում, թե չեմ փորձել քեզ ժպտալ,
Առանցքս ընկած ժպիտներ եմ օրորել,
Արդյոք կզգա՞ս շշուկների մեջ ծպտյալ
Այն եզակին, որ քո սիրով էր նորել…
Այս թափորը ինձ է տանում երևի,
Քեզ կպատմեն, անհնար է, որ չասեն,
Ես ժպտում եմ, մեռնող մի հևք տերևի
Ցած է սահում, որ ծառերն էլ չթախծեն:

...

Ես փնտրու՜մ եմ, չգիտե՛մ… ու՞մ, ինչի՞ համար,
Հեռու ու մոտ մի արահետ, կորած ստվեր,
Ինձ անծանոթ, ինձ դաշնակից, ինձնից համառ,
Լուռ ու տխուր, և անտերունչ, և առանց սեր:
Իմ պատկերով, նմանությամբ, շուրթին աղոթք,
Եվ հեթանոս, քարայրում այր մի նախամարդ,
Առաջ ստվեր անկերպարանք, անձեռ, անոտք,
Վտիտ, անձայն, սիրո գերի, սիրո կախարդ:
Ինձ քո սրտի ո՞ր անձավում ես անթեղել,
Դու պագշոտ կին ու ցանկասեր հոմանուհի,
Աստվածուհի, ու՞մ պատկերն ես արհամարհել 
ԻՄ կերպարում երիցս անտիկ, չափազանց…հին:

...

ԽԱԲԿԱՆՔ

Ես ինձ գտա պատկերում.
Կյանքս երազ էր թվում,
Վարդի փունջ մի շառագուն,
Որ ինձ քեզ մոտ էր պահում:
Եւ ծվարած քո գրկում,
Գույներիդ շեկ ու շռայլ,
Բաբախ էի քո սրտում,
Թեեւ տեսքով շատ մռայլ:
Կարծր էի յուրովի,
Ասես արծաթ, ձույլ ոսկի.
Դարձա օդի պղպջակ,
Լույսից թեթեւ, լույս-պսակ:
Հաջորդեցի նախորդին
Ցավը արած մեկնակետ,
Ծովում կորած նավորդին,
Որ դեգերում էր հավետ:
Ինձ ինչ մնաց, սիրելիս,
Հույզերի մի օվկիանոս,
Իմ աչքերով են լալիս
Ծովաճուռակ ու արոս:
Ես ինձ գտա նկարում
Հնամաշ մի կտավի,
Անհեղինակ ակնարկում
Մնաց սերս ինձ դավի...

...

Երազին իջավ ցողը վաղորդյան,
Ոտնաքայլ անցա քո ճանապարհով,
Մի տեղ կտրվեց հանգույցը գորդյան,
Ու ցավը դարձավ խարիսխ ապահով:

Երազի նման եկա ու անցա,
Անգամ չիմացա ինչու սիրեցի,
Քեզ քույր կոչեցի, որ հոգիս ցնծա
Քո անուշ տեսքից այնպես կանացի:

Ես չեմ հեռացել, ես չեմ էլ եղել,
Ինչ իմանայիր, որ սա էլ խաղ էր,
Քեզ անիրական ես եմ հնարել,
Ու անվերադարձ վերստին ջնջել:

...

Կինը խելառ ցանկությունից մերկանում է հանկարծակի
Սիրախաղի թրթիռն իմ մեջ ահագնանում եւ մութի մեջ
Նուրբ իրանն է տարածական ստվեր, որից բուրումնավետ
Տեսանելի բլուրներն են, զույգ, անիրական ու ցանկալի:
Կոր եմ արդեն, բեկյալ գծի մի հավելում, պատրաստ ցատկի,
Մարտարվեստի իմացության զինանոցը այս հովազի
Կերպարանքն է արագավազ պեղել իմ մեջ եւ հեռահար
Մի ցատկ նրան գետնում է , օ, չքնաղ մարմին իմ սիրահար:

...

Տանջահար դարձա տաճարն ունայնի
Շռայլ եզերքից ցոփ ամենայնի,
Սիրտս սուր ցավից կծկվեց կրկին,
Դու երազ էիր, երազ թանկագին:
Եվ ես դառնացած բախտս հեգեցի,
Երանությունն իմ անխոս հեգնեցի,
Հիմա դարձել եմ թափառաշրջիկ,
Ունայնախոս մի սիրուց ընկեցիկ…

...

Ձոն

Անձրև է մաղում,փողոցում հիմա
Անծանոթ մի շան ոռնոցն է թրջվել,
Իմ սավառնակը թափ է հավաքել,
Եվ միալար է երկինքն ակոսել:
Մեկն այս քաղաքում հույսն իր չի մարել,
Հուշերի գրկում ծվարել թաքուն,
Թանձր մշուշից որոգայթ լարել,
Հեշտանքածին է գիշերն այս անքուն:
Աղոթքների մեջ սիրելի դեմքեր.
Անտես բարձրունքներ այսքան ժամանակ,
Կոնյակի բույրն ու մի հարթաքանդակ,
Արթուր արքային ձոնվել են ասքեր:
Գոռ միայնության հենակներն ուսած,
Սա քեզ Գավառի մանկատունն է նույն,
Այստեղ լուսնկան վարսերն իր հյուսած,
Թախիծ է ծորում աշխարհին ունայն:
Լիլիան ծաղիկ է վայրի ու նրբին,
Խոհերն աշխարհիկ ծես են, շարական,
Մի օր ծաղկել է անմատույց ծերպին,
Որ հազար տարի անչար հագենան:
Իրեն նա թեև գուսան չի կարծում,
Սակայն մեղեդի ունի իր սրտում,
Ինձ հետ համաչափ ու ո՜նց է թախծում,
Ու ես էլ նրա թախիծն եմ սիրում…
Քույրս՝ Արուսյակ, պաշտելի ու վեհ,
Իր ուղեծիրը ոսկով է պատել,
Ազնիվ է անվերջ ՝պատեհ, անպատեհ,
Եվ ժամանակի հետքն էլ չի հատել:
Խոհերն ու ծուխը մաղող գլգլակ,
Թադևոսն անցավ երկիրը Հայոց,
Փարիզին մնաց սեր ու անարգանք,
Հակադիր հույզեր ու մի ձոր Վայոց:
Միածինն իջավ քաղաքում անէ,
Էլի մի տաճար կոչվեց Գայանե,
Ում էլ մարգարեն կոչված Մկրտիչ
Հպվեց ու տվեց հայտնության գրիչ:
Եվ Շանթի նման ձայն մի ղողանջեց,
Դավիթն իր մորը ձոնեց մի սիրերգ,
Տիկին Թյուսոյի թանգարանում ցավ,
Մոմե քանդակում ո՞վ անշարժացավ:
Մայրության տոնին մեկն ինձ գուրգուրեց,
Մեհյանն իր տեսա կողմում Երիզա,
Ոսկեձույլ արձան մի զինվոր ջարդեց,
Սակայն կուրացավ ու խելագարվեց:
Իմ սավառնակը մի շրջան գծեց,
Ես ում մոռացա, մնացի անծես,
Աշոտ եղբայրս ինձ չանվանարկեց,
Մեկն ինձ անթեղեց, սակայն… չթաղեց:
Իմ մեջ լույս չկա, իմ լույսը վաղուց
Առկայծներ դարձած, ցիրուցան, էլի,
Անցել է հազար հանգրվան, նեղուց
Փարվել Ձեր լույսին այնպես ցանկալի…

...

Ես հենվել եմ ունկերիս, մեղանչում եմ ոտնաքայլ,
Մի հին պատկեր անցյալից, սիրտս է խուժել անայլայլ...
Փեշդ քամին ծածանեց, երկյուղդ առավ ու տարավ,
Ձեռքերդ անզոր շոյեցին կարկամ հայացքս ծարավ:
Մեղքն ակամա ինձ զատեց մենատարազ կրքերից,
Քամին ծածան, ես անձայն, փշաքաղված կոնքերից
Դյուրաբեկ մի անդրադարձ, հազար մասի ենք կիսված,
Հիշողության բյուրեղներ ցիրուցան ու անտեսված:
Եվ անվստահ ես անցա ձագարաձև քառուղղին,
Ու՞ր սահեցի, ու՞ր ընկա կածաններով նոր ու հին,
Մի պանդոկ է, մի երազ, կույս մի գինու գավաթում,
Ինձ շոյում է և անհագ շուրթը շուրթիս է հպում…

...

Սիրասույզ անցա ծովն այս արբանքի,
Թովիչ ժպտում էր մեկն ինձ խավարից,
Հեռվում թողեցի ցավն անարգանքի,
Թունդ էր թրմօղին սիրո գավերից:
Սիրտս ուզում էր հեռվում անրջել
Քաոսից պոկված այս սիրուս համար,
Նրա գրկի մեջ սակայն անարգել
Լինել կամակոր ու մի քիչ համառ:
Մեկը եկել է մոմերը վառած,
Ասես դալուկի մի պատգամաբեր,
Հեգնանքով մի պահ նայել է վրաս,
Մոխիրն է սփռել ցավից մահաբեր:
Բայց կախարդանքն այս քաղցր է յուրովի,
Հեշտանքածին ու դյութիչ մանանա,
Թեկուզ գրկիդ մեջ սիրտս խորովի,
Սակայն մի թող, որ անսեր մահանա:

...

Ճաղերից դուրս ի՜նչ աշխարհ է անմատույց,
Ապակե պատ ու մենք ներսում մատնացույց,
Նույն շրջանն է, ես եմ դարձյալ կրծքից կախ,
Կողքից դիտորդ, իր խոհերի հետ անկախ:
Որքան ծույլ են երկոտանիք այս անբավ,
Զարմանքն իրենց ճոճաթառին են գամել,
Փշրանքներից մեզ մասհանում են արել,
Իրենք անհոգ, գիտեն մենք էլ ենք անցավ:
Սրանց շարքում մանուկներն են սիրելի,
Անմեղության կանթեղներ են, երևի,
Ասելիքի պակաս չունեն անհապաղ,
Բայց մեզ նման լուռ են մնում հանապազ…

...

Հազար տարին օրվա նման հպանցիկ,
Երկու օր է Տերը գամված է խաչին,
Դառնացած եմ աշխարհիկ այս բարքերից,
Ծերանում ենք, սակայն մեղա չենք գալիս:
Անհավատի խսիրն արել ենք փիլոն,
Մերկանդամ ենք, հագած՝ մետաքս ու նեյլոն.
Լույսերի ծով, կույրի նման խարխափում,
Մեկ օր սոված՝ ինքներս մեզ ենք լափում:
Ի՜նչ աշխարհ է, որոգայթներ ու դավեր,
Ծերն անհառաչ և պատանին ծերունի,
Ու անցյալի վերքերն, ավաղ չբուժած,
Դատ ենք անում, մեր դատաստանն անտեսած:
Անապատում Տերն այդպես էլ մարդ մնաց,
Նրա բաժին սատանան էլ՝ զարմացած,
Շքեղության հարկից դևը համրացավ,
Թիկն տվեց, անգամ նրան էլ անելիք չմնաց:
Թուրքը գերեց, կատարածուն մենք եղանք,
Մենք, որ թաքուն կամ բացահայտ նենգ եղանք,
Հերոսներին դարանակալ խփեցինք,
Իսկ ով մնաց, հաց ու ջրից կտրեցինք:
Եվ անցել ենք սահմանները ունայնի,
Գաղթականի անթացուպն ենք անգոսնել,
Մի բարեգործ սայլակներն է անայլի
Մեզ նվիրել և պատվիրել կանգ առնել…

...

Ամիսն անցավ ահեկան,
Նորալուսին մարերի,
Ախ, չեմ տեսել ես նրան,
Արի գիշեր, անթերի:
Իջավ գիշերն անթերի
Հրեշտակի պատկերով,
Աստղերի լույս հեշտանքից
Էլ անսովոր աչքերով:
Առկայծի մեջ շողերի 
Հրճվանքներ կար վայրենի,
Մենատարազ, հոլանի,
Բայց... անծանոթ վայրերի:
Ամիսն անցավ մարերի,
Լիալուսնի հետ մարգաց,
Անվերջ փնտրում ենք նրան,
Գթա գիշեր, անսերիս:

...

Չարակամ արքան օրերից խռով իր մայրամուտին
Ծիրանին հագավ, կանչեց արքունի նախարարներին,
Դրանիկների ընտիր, զինավառ գունդը ժողովեց,
Եվ արքայական գահը մինուճար որդուն ավանդեց:
Հետո տնից տուն, աշխարհից աշխարհ գուժկանը ձայնեց,
Եվ քամուց ծածան ավետիսն այդպես բազմաձայն բեկվեց,
Բռնապետության երկյուղն արքայի փառքի հետ մարեց,
Սուր հիշոցներում չարը նզովվեց: Երանի՜… չասվեց:
Նոր տիրակալր հոր կերպարի շուրջ երկար մտորեց 
Ու մի ոսկեձույլ արձան պատվիրեց և հսկիչ կարգեց,
Սակայն քանդակն այդ գիշերով, թաքուն հազար կես արեց,
Քաղաքն արթնացավ և քաջի հորը երանի տվեց:

...

Սա մի թատրոն է իրական,
Ուր ես խաղում եմ իմ այս դերը,
Թեեւ գիտեմ երկրորդական, 
Ես հասկացել եմ գլխավորը... 
Դու սիրում ես եւ վարդերը 
Որ ես չեմ քեզ նվիրում, 
Անթառամ է լոկ այս ցավը, 
Որը բառեր է հորինում...
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz