Շաբաթ, 18.08.2018
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Տարերքներից առաջինը և միակը այսաշխարհիկ կինն է,հոգիս,
Հրդեհվել է հորիզոնը, անձեռակերտ մթնշաղի ղողանջն անգամ,
Լույսն ընկել է տարածական հոգեհմա և ցանկալի, ասես, գոգիս
Կոր ու ծաղիկ, կույս ու զվարթ, խենթ-խոլական. Դու ցնծում ես վերջին անգամ:
Ես չեմ մեռել, իմ ստվերն է անտիկ ու հին, նոր ու շաղոտ, և երկարել,
Լավ է, հոգիս, ծփանքը այս ափ է նետել գուրգուրանքի խոյադելֆին,
Ես եմ նրա աչքերում թաց մագնիսական բևեռը քո արհամարհել,
Որ հեքիաթում անասացի, գտնեմ կույսին, որ հղի է, գտնեմ էլֆին:
Ստինքներդ, որ կաթնահամ, զույգ ու բլուր, ճերմակ ու ձիգ, և այսքան մոտ,
Ի՞նչ ես ուզում, իմ դյուրաբեկ արձագանքն է ընկել եթեր ու փորձանոթ,
Ես սիրում եմ վաղվաղակի մթնշաղի ակունքը այս և բացառիկ,
Գրոհներում մտամոլոր սյուն ու խոյակ, տարերքածին և անառիկ:



Քո հուզմունքը կուսական
Գիշերում այս ինձ ընծա,
Եզերքներում մեղսական
Հոգիս գաղտնի թող ցնծա:
Արտոնիր ինձ, քեզ գգվեմ,
Անտես մնամ տակավին,
Քազնով, անգին, ես հարբեմ
Վայելքներում անմարմին:
Վար կբերեմ լուսնկան,
Ի՞նչ ջրհեղեղ ու տապան,
Այսօր ես եմ մի փարոս,
Ափիդ մոլոր հեթանոս :
Ծովն է սուզել մի հառաչ,
Մի մարգարիտ, մի խեցի,
Նավաբեկյալ մի նավազ,
Եվ ես էլ քեզ սիրեցի..
Աստղ է ընկել երկնքից,
Աղջիկն՝ անբիծ հուշերից,
Հրդեհվել են միակամ
Մոմի աղոտն ու վկան:
Ո՞վ քեզ տեսավ հոլանի,
Ծանր է շնչում և հևում,
Ծածանվում են այն հեռվում
Վայրի սեզեր ու քամի:
Մի մատուռ ես, մի աշխարհ
Գիշերում այս դյութական,
Հորինում եմ անդադար
Անուրջներս մեղսական…



Իմ անձև տեսքից էլ մի երկյուղի,
Սիրտս չգիտի, որ տգե՜ղ եմ, շա՜տ,
Հոգիս բռնել է անդարձի ուղին,
Ու ես էլ իմ հետ ապրում եմ անհաշտ:
Աչքերդ փակիր համբույրիս պահին,
Ասես հպվում է քեզ աշնան քամին,
Խայամն էլ այսօր կարգին է հարբել
Ծննդյան տոնին՝ թանկագին հուշեր:
Ես դուրս եմ եկել մեր թաքստոցից,
Էլ ուժ չմնաց ուժանակիս մեջ,
Երկյուղս բեկվեց աղոթք ու լացից,
Շոյում եմ մարմար մարմինդ անվերջ:
Միտքս կարող է քեզ թագադրել,
Անգամ պոռնիկի հանդերձ հագցնել,
Սակայն մետաքսից կռել եմ սուսեր,
Փետուր եմ բռնել, անդավաճան սեր:
Ինչ բառ ու բանով էլ ազդարարեմ,
Ես քեզ եմ սիրում օրերիս վերջում,
Ու, բան է, հանկարծ, մի օր դադարեմ,
Ինձ էլ կհիշես օրերիդ երթում…



Ես հոգնա՜ծ եմ, մի դատեք,
Ատենակալ, թե դահիճ,
Անձս ուրացեք, մի ատեք,
Ինձ չանթեղեք անպատիճ:
Թանձրածաղիկ ու խոլորձ,
Շուշաններն են խաղացկուն,
Անրջում են էգ ու որձ
Մինչ ի գիշեր, մինչ ի քուն:
Համաստեղում կույսն անկարգ,
Աղեղնավոր բարձրակարգ,
Ես մնացի հուշերում
Եվ չարտոնված ծեսերում:
Ես հոգնած եմ, մի դատիր,
Քեզ սիրում եմ պարզապես,
Թող խոսքերը քո պատիր,
Կամ ուրացիր, որ ատես…



ի՜նչ հրաշք օր է, հուժկու, զորավոր խոսքի մի տոնահանդես, ու թե կարող ես, միայն վայելիր... պահ ու ակնթարթ շարժում են մեկտեղ ու բաժան բաժան, թեև դարձել են շնորհիդ գերին, բայց մենաստանի ճգնակեցն անգամ երկինք է նայում, որտեղ սկսվել ու չի ավարտվում ձայնեղ բառերի մի գլխապտույտ...մի անպարագիծ երազ է ընկել ծիրն իր հանապազ…
տխրությունն, ասես, անուրջ հեռավոր, երկրպագության բուրվառում թրծվել, կոփվել է վաղուց պողպատի նման, ո՞վ եմ ես եղել այսքան ժամանակ, չեմ կողմնորոշվում, ես էլ եմ թախծում, աչքերս են թախծո՞տ երկրի չորս կողմին միտված հայելի, ես ինձ տեսնում եմ Ձեր հույզերի մեջ, ասես թափանցիկ բացել եմ մի էջ, գրում եմ անվերջ, բայց տողատակին, ուր մահն է բուրում, ենթախորշերում մեկն ինձ ակամա թախիծի արքա հպարտ հռչակեց, ես էի սակայն, ուրիշը չկար... հայելին ընկավ... կյանքը ինձ գտավ անանուն ափին, և մերկ էր արքան, թախիծը չկար, հանդերձանքն անգամ ցնդել էր վաղուց, ես հեռանում եմ նեղուց առ նեղուց, հրվանդաններով որտեղ չեմ եղել, ծովերով անհույզ ուր ես չե՜մ նավել, նավազ չեմ եղել Ձեր տառապանքի հարուցիչների բազմաբովանդակ ջրերում աղի, գրում եմ էլի, կրկին,շարունակ, ինձ էլ մերժվածի հանդերձ հագցրեք, որ սլաքները իմ ժամացույցի անդարձ չկանգնեն...



Իմ դեմ հանել ես հույզերի փաղանգ,
Էլ չեմ հասկանում, ո՞նց ընդդիմանամ,
Զինավառ եկար ու բազմաերանգ,
Ակնախաբկանքին ինչպե՞ս դիմանամ:
Օրս ծածան է վշտի ափերում,
Խորհրդավոր է մահն առաքինի,
Գուցե ընկղմես ինձ քո սափորում,
Որ այս երկյուղս ինձ է՛լ չզինի:
Կույս են հուշերն իմ անէության մեջ,
Այդ անհունում էլ դու ես բացակա,
Սակայն վավաշոտ, սակայն աներկբա
Սահմանս ես հինել՝ տարածք սնամեջ:



Խրտվիլակս ընկավ խոցված դիմահար,
Մազերիդ թաց պատրվակ էր լոկ,
Կարծեցյալ սուտդ քեզնից էր համառ,
Աչքերս բացեց պահվածքդ անհոգ:
Ժամանակները լուռ անէացան,
Վայրկյան չմնաց ձևական, գոնե,
Կուզես, սպասեմ հուր ու հավիտյան,
Սակայն մեկնում եմ, որ ինձ չանգոսնեմ:
Աշխարհը մտավ ծիրը Կաթինի
Դու դեռ անհառաչ այս ի՞նչ ես անում,
Վաղուց եմ ընկել, ձեռքդ տուր ,անգին,
Որ քեզ շոյելով ցավս մոռանամ…



Նորօրյա հեքիաթ

Խավարն իմ մեջ է և ընկալելի,
Հարբած օրորվում և չի հեռանում,
Այսօր թասընկեր կլինեմ էլի,
Ինչ թունդ է գինին հոգնած մառանում:
Կրկին հայելին ինձ ահազանգեց,
Աչքերս են ընկել վիհերն անդարձի,
Իմ մեջ կիսվել եմ և… անմնացորդ,
Ծայրը չեմ գտնում իմ հոգեդարձի:
Բարձյալ մեղքերս ինձ չե՞ն ներվելու,
Անտնտես մեկն ինձ կարգեց սարկավագ,
Ո՞ր հնոցում եմ անվերջ այրվելու
Հեռվում թողնելով աղմուկ ու նվագ:
Մի զեփյուռ եկավ կողմից ալանաց,
Փոթորկոտ մի հույզ կոչվեց Սաթենիկ,
Բութ մի հայեցում անցա աննկատ,
Կեղևս զգաց շարժն այդ տեկտոնիկ:
Այրվում եմ ,ասես մարող գլանակ,
Մառախուղն իմ մեջ էլ ցող չի դառնում,
Կրակն ու ջուրը այսքան ժամանակ
Քո տարերքն իմ մեջ անտես են անում:
Անցար կանացի և անձեռակերտ,
Կավ չկա, հոգիս, որ քեզ արարեմ,
Բազմակետերից մնաց մի չակերտ,
Եկել է պահը, որ քեզ հնարեմ:



Ես հոգնել եմ այս թվացյալ դադարից,
Ոչ արցունք է, ոչ ծիծաղ է, ոչ զարմանք,
Խլացել եմ կրծքիս անտակտ զարկերից,
Լսելի են շշուկներ ու արձագանք:
Նկատում եմ լույսի աղոտ մի նշույլ
Քո աչքերի թաքստոցում թանկագին,
Խարխափում եմ, այս ինչքան եմ դարձյալ կույր,
Դու ճեմում ես կույսի նման երկնային:
Ես զգում եմ , որ թախծում եմ անմեկին,
Խորհրդավոր հրապույր կա, որ անխոս
Ինձ հուշում է, էլ մի փնտրի այն մեկին,
Նա քո կինն է, քո սիրելին լուսաշող…



Եւ երկիրը վերջին շրջանն իր սկսեց հեռացող այս տարվա ծիրում,
Իր ընթացքով կրկնելով ճանապարհը հազարամյա,
Տարին իմ մեջ ակոս արեց, մի տարով էլ վերջալույսին ես մոտեցա,
Մի աղջիկ է դեռ թափառում իմ հուշերում, սիրահետող իմ հայացքում...



Բարև, սիրելիս, բարի առավոտ, երբ կիսես օրդ, քեզ բարի կեսօր, երեկոն իջնի քաղաքիդ վրա, բարի երեկո, աստղերը ցրես երկնակամարիդ ամբողջ եզերքով, բարի կեսգիշեր, եւ բարի գիշեր, խորհրդավոր ու սիրառատ հուշեր, մերկ մարմինների ալեբախություն համաչափ, դանդաղ, դանդաղ մարող հևք, ու մի նորաթուխ երջանկություն, որ ՍԵՐն է սակայն:



Կենսագրություն

Ես ծնվեցի վաթսուներեքին,
Խառնակ ժամանակներ էին,
Հայկն արդեն խոցել էր Բելին,
Իմ բախտից էր, որ տատմերս հայ էր…
Մեր գյուղում մառախուղները
Հակադարձ հաջորդականությամբ
Ներթափանցում էին ծնկներից վե՜ր, վե՜ր…
Եվ անիմաստ ծածանվում էին արխալուղները,
Մշուշն ավելի թանձ էր:
Հայրս ոտքով, ես ու մայրս ձիու գավակին,
Անձրևները քշել էին երբևէ եղած հողը,
Թռել էր.
Ձյունը՝ սալերի ջերմությունից,
Տիեզերք՝ առաջին բանագնացը,
Հանդգնությունը չներվեց…
Արյունը սառել էր ծնկներիս և ալ կարմիր էր,
Ես անառիկ էի պահել դարպասը,
Խորամանկ թուրքը երկու էշ ուներ և հարեմ,
Հետո իմացա, թե էշերն ինչքան որձ էին.
Թուրքի լամուկներն էշի նման էին զռռում…
Տարիններս ճկվում են հուշերի ծանրությունից,
Մուտքի մեջ աղջիկն ու ես դողում ենք,
Անցնում եմ իմ կողքով և շարունակությունը
Մի ոտքի վրա կանգնած արագիլի նման է…
Իր էգին և հույսը չկորցրած:


Կատվիկ

Տատրա՜կ,- կանչեմ աղջկան,
Աչք կկոցի ու գա տուն,
Ախ, կորել է իմ կատուն,
Մեր տուն չեկան ուզընկան:
Աղջիկն անցավ սեթևեթ,
Տղա տեսավ, նայեց խեթ,
Կորած կատվի սարսափից
Հացն էլ թռավ տաշտակից:
Առանց կատու, առանց հաց,
Տարին տարի գումարած,
Ասելիքս վերջացավ,
Դուք էլ մնացեք անցավ:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz