ՈՒրբաթ, 25.05.2018
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Երկնաուրաց, բայց ջրերին դեռ սովոր
Երկնաուրաց, բայց ջրերին դեռ սովոր,
Հալածական անձրևներից անսովոր,
Ակնախտիտ մթնշաղն այս կողմերում
Մի աղջիկ է ցնորական դողերում:
Արևն,ասես վայր է ընկել իր ծիրից,
Ամպերի գորշ փաղանգներում՝ ուրվագիծ,
Մառախուղը սքողել է ամեն ինչ, 
Շոշափում եմ ու չեմ գտնում քեզ նորից:
Այսքան տարի, որ ապրել ես նույն հանգով
Ու չես բեկել տեսիլներն իմ դյութական,
Հիմա եկել աստվածուհու նազանքով,
Երազ դարձած՝ ենթակա ու գոյական:
Քեզ գրկում եմ հուշերիս մեջ ածանցյալ,
Եթերածին այս ինչքա՜ն ես աննման,
Ինչո՞ւ այսքան կորընթաց է ու անցյալ
Ժամանակն այս, որ խառնում է ամեն բան:


Խարազանեց ինձ այսօր ցավը հանապազ,
Կծկվել է սիրտս լուռ, ասես մի մատուռ,
Ուր մոմերն էլ հավատի ծուխ են ու երազ,
Անանց է լոկ կարոտն իմ, իմ աստվածատուր:
Դու եղել ես եթերի քույրը թափանցիկ,
Ապակու պես դյուրաբեկ, ավազից սորուն,
Եվ բեկվել է իմ հոգում սերդ սլացիկ,
Խնկարկել եմ մարմինդ, իմ լույս, իմ սիրուն:
Ինձ դյութել ես կրքերում այն օձագալար,
Եվ իրանդ էր ուռենուց ճկուն ու դալար…
Ես տենչում եմ շուրթերիդ համը չիչխանի,
Մի օր հուշն այս անմեկին հոգիս կհանի…


Ինչ աշխարհ է, մարդը մարդուն բարեկամ,
Մենաստանում ժուժկալ մեկը չմնաց,
Ճգնավորն էլ Աստծուն մերժեց ինքնակամ,
Խուժանն անցավ. քարը քարին չմնաց,
Մի նախարար հագուրդ տվեց կրքերին,
Դատավորին հարգ ու պատիվ չմնաց,
Մարզպետ մեկը անլուր տեղի կարգերին
Խրախճանքը կիսատ թողեց ու գնաց:
Պալատական խարդավանքում անմեկին
Ի՜նչ գլուխներ թռան հայտնի և անհայտ,
Անգամ մանր ու մեծամեծ պետերին
Մեկը գետնեց, որ չմնա մի անհատ:
Մի աթոռին յոթից ավել թեկնածու,
Նստած մեկին մի խորամանկ բանսարկու
Թիրախ սարքել կրակում է աջ, ահյակ,
Տեր, իմ հերթին մեղքից կանես ինձ արձակ…


Մի այլ աշխարհ, այլ մի աղջիկ, այլ երազ,
Տառապանքիս գինն եք այսօր հատուցում,
Սիրահոժար ինձ դյութում եք հանապազ
Եվ զարմանքս եք հանդիպակաց հարուցում:
Աշխարհն այսօր գունագեղ է իր ծիրում
Եվ աղջիկն է զմայլական դեռ սիրում,
Երազիս մեջ ջրերն անգամ այլ հունում,
Սակայն սիրո առասպելն են հորինում:
Եվ հոսում է ժամանակը անհունում,
Որ անխառն է մոռացված իմ անկյունում,
Իմ տարածքը այս ինչքան է փոքրացել,
Քո աչքերում, ասես ես եմ մանրացել:
Բառեր դեռ կան, որ ասում ես ի հարկի,
Եվ ժպտում ես կամ քրքջում ակամա,
Հոգիս պիտի թնդա, սակայն ըստ կարգի
Դեռ մարմինդ եմ երկրպագում աներկբա:
Իմ կասկածը ունի այլ մի անվանում,
Երբ կանչում եմ, սակայն էլ չես ժամանում,
Կամ գալիս ես, անցնում ու չես կայանում,
Հետո ասում,- անիմաստ ես զայրանում:


Ոչինչ չկա մահվան նման հմայիչ,
Անգամ աղջիկն անզուգական և թովիչ,
Ամեն սկիզբ ավարտին է մոտենում,
Մեկ սիրում ենք, մեկ էլ կրկին մոռանում:
Անհնարինն այս ե՞րբ դարձավ ակնհայտ,
Երբ հուշերս փնտրում են դեռ թաքստոց,
Թափառում եմ փողոցներով ինձ անհայտ,
Անտեսում եմ մենաստան ու կուսանոց:
Թե խումար եմ գնարբուկից երեկվա,
Տկճորն առած պանդոկներն եմ հմայում,
Գուցե մի տեղ քո պատկերը երևա,
Այս թասերը մահվան երգ են հնարում:
Նորից մեռավ սիրահարը ցանկալի,
Քահանան իմ մեղքին չարեց թողություն,
Պտույտներիս շրջագծով անձկալի
Կանգ եմ առել և տենչում եմ հող ու թույն:


Կարող ես քայլել բոբիկ ոտքերով,
Փուշ ու տատասկի արահետներով,
Թափառ այս կյանքում դու էլ շրջմոլիկ,
Մա՞րդ ես, թե՞ փրկիչ կամ մելանխոլիկ:
Շուրջդ բազմաթիվ գառներ ժպտադեմ,
Ի՞նչ են մտովի դավեր որոճում,
Մի օր անհավատ, տաս օր դալկադեմ,
Անվերջ խորհում են ու չեն որոշում:
Հարուստն ընչաքաղց, աղքատը՝ հպարտ,
Ո՞վ է մուրալու գութ ու պաղատանք,
Խիղճը չորացավ աչքերում անթարթ,
Մի օր կանթեղեն մասունք ու պատանք:
Պալատ չմնաց, որ չնկարեմ,
Ծայրահեղ բարքեր, որ չբևեռեմ,
Հյուղակներ դեռ կան, որտեղ չեմ ապրել,
Մի օր ծնվել եմ, երկու օր մեռել:
Անթափանց մնաց միայն հակումը՝
Մարմաջը սիրո և կնամեծար,
Ամեն օր նրանց գրկից անվարան
Առաջնորդվում եմ դեպի քավարան…


Կաթիլն ի՞նչ է օվկիանի մեջ՝ խեղդվողի ճիչ կամ սիրահար մի ջրասույզ,
Հյուլեն ի՞նչ է համասփյուռի անմեկնելի ծիրից անդին՝ նշույլ անհույզ,
Իմ քննախույզ հայացքն ի՞նչ է ՝ թեք լանջերն է սիրահետում այն կորագիծ,
Եվ աղջիկն է մի տեսաբան կրքահարույց, նրա գիրկն է անպարագիծ:
Թրթռում է սիրտս էլի, քո պատկերն է վիճահարույց, էմալապատ
Շողերի մեջ իրիկնային սահում հեռվում, մայր է մտնում մի արեգակ,
Որ բնույթով անդավաճան կույս է անվերջ, անտեր թողնում մի անապատ,
Հեռանում ես, հուշերս էլի ավազներից քիչ են սորուն՝ որբ, անճարակ…



Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (15.07.2013)
Դիտումներ: 175 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz