ՈՒրբաթ, 25.05.2018
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑ
ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑ

Ով առաջին սերմը գցեց հավատի հետ ամենազոր,
Ով կարոտը հանգավորեց, լուսնի եղջյուրն ով նկարեց,
Երանելի ինչ ձեռք իջավ երկրագնդին այս մենավոր,
Ով բարբառեց բառն առաջին, ով էր հեռվից արձագանքեց:

Ադամորդին տխուր ձայնեց,
Խաղաղության կարմիր գույնը ով հնարեց,
Վահագն անցավ Հարդագողի ճանապարհով,
Ու երկինքը խուլ հեկեկաց,
Գիշերային երկնքի մեջ
Անհասելին վերանվանվեց գիսավորի,
Վարից ով էր ականջ դրեց
Սիրո կանչին գաղտագողի:

Ով ցույց տվեց ստինքներն իր բարկ արեւին,
Ցանկասեր ինչ հայացք դիպավ թփերից այն փշատենու,
Ով արարեց չիմանալով, ու հեռացավ փայլն աչքերին,
Եւ ինչ եղավ ծինն առաջին . էգ թե արու:

...

Մեղրի պես ծորում, բառերն են ոսկի,
Շուրջկալ է հիմա փողոցում խոսքի,
Շշուկների մեջ ինձ ես կորցրել,
Ինչ ես որոնել եւ ինչ ես գտել:
Մերկ է մարմինդ ու փարոս անշէջ,
Կնավեմ մի օր քո ափը դեպի,
Ով հիշողության փոքրիկ մի խէցի
Քո միայնության ծովեզրին թաղեց:
Մի օր բառերը կծնեն մտքեր,
Աղոթքի նման կհնչեն խոսքեր,
Եւ ծովից եկած մի հուզմունք-քամի
Շրջազգեստի պես քեզ էլ կփարվի:
Դու ինձ կփնտրես քո անուրջներում.
Անտերունչ խեցի՛ ծովի հատակում,
Փարոս-լուսատու, որ ինձ է կանչում
Անվերջ հուզվում է, սակայն չի սիրում

...

Անձրեւամաղ գիշերում դող,
Հեծկլտոցն է երազներից,
Հարս գեղանի քո գրկում թող
Ճրագ վառեմ լուսումութի:
Ստվերի մեջ ձեռք երկարեմ
Հազարածալ, բայց խազագետ,
Զույգ ձայնանիշներդ քնարեմ
Ճրագազարդ իմ դիցուհի...
Եւ հալածեմ շութերդ ջերմ,
Համբույր փնջեմ ու հառաչեմ.
Ճաքճքվել են շուրթերդ, տես,
Ու վերածվել անապատի:
Կանոնավոր ու քառանիստ
Բուրգեր գտնեմ կաթնաշաղախ
Տեսնես, ախ, ով է արարել
Մարմինը այս բազմաճանաչ:
Երբ կոնական հատույթներիդ
Սկզբնակետ, թե միջնակետ
Հազար գծով էլ, ախ, հատեմ,
Սնում է նույն հաճախազարկն,
Որ սիրտ բառով են զարդարել:

...

Դիմակներ
Օրը բացվեց, հավսարականչ,
Մի տողանում ու նույնադեմ,
Սրանց ինչպես զանազանեմ,
Ավերակին մարդ չմնաց:
Մի դուռ բացվեց հասարակաց,
Ով շնացավ, ով ժպտադեմ,
Ձայներն ինչպես տարբերակեմ,
Ասելիքին հարգ չմնաց:
Տեսա անթիվ ու անհամար
Դիմակ տեսա ու դիմախաղ,
Ինձ էլ տեսա, որ ծաղրահար
Իր հերթին էր, ուսին մախաղ:
Ամենամեծ դիմակը քեզ,
Դու ծածկելու բան կունենաս,
Արքա լինես, թե մեկենաս,
Հայ ես եթե կամ իրոկեզ...
Հայն ինչ ուներ այս կողմերում
Սա երեւի հանգս էր կաղում,
Վարպետ խոսքին ինչ ժամանակ,
Վարպետ խոսքն է առանց դիմակ:

...

Անձրեւ է գալիս,
Գոլորշին եմ ես
Ջերմացած հողի...
Որոտ է, կայծակ.
Ծառ եմ չորացած,
Այնպես միայնակ,
Կրակի ճարակ...
Տրոհվել եմ ես
Բյուր փաթիլների,
Իջնում եմ անտես,
Որ այս հեքիաթի
Ավարտին բարի
Ցած ընկնեն դեռ տաք
Երեք երազանք...

...

Մի պատմություն արցունք բերեց աչքերիս,
Անակնկալ շունն էլ ժպտաց նկարից,
Ես ինձ տեսա սայլակի մեջ ինքնագամ,
Խիղճս մնաց... առանց նրա ուր գնամ:
Հոգիդ կամքի մի տաճար է, մի դղյակ,
Հաշմված չեն նաեւ հույս ու երազանք,
Աղջիկն ահա եկել օտար եզերքից,
Նա քո կինն է , «խոնարհ ծառան» հնազանդ:
Եւ թող խոսեն լեզուններն այս պատումից,
Սրտերի այս հրաշագեղ հատումից,
Ոսկեծամիկ սպասումի բերկրանքից,
Ձեր հավատին Ձեզ համահունչ տվածից:

...

Սա մի թատրոն է իրական,
Ուր ես խաղում եմ իմ այս դերը,
Թեեւ գիտեմ երկրորդական,
Ես հասկացել եմ գլխավորը...
Դու սիրում ես եւ վարդերը
Որ ես չեմ քեզ նվիրում,
Անթառամ է լոկ այս ցավը,
Որը բառեր է հորինում...

...

Այս աշունն իմ ուրվականը
Անթեղեց լուռ իր հուշերում,
Կորացած նույն հարցականը
Մնաց անհույզ իր անկյունում:
Մի կարուսել տատանվում էր
Տեսարանում անհրապույր,
Ասես, անվերջ ծածանում էր
Քամու բերանն ընկած համբույր:
Վերջին ժամին հրաժեշտի
Եկավ աղջիկն այն գլխիկոր,
Կարծես ուզում էր զավեշտի
Վերածել այս պատկերը կոր:
Ինձ ետ տարեք վաղվաղակի
Պատանի այն ժամանակին,
Ուզում եմ ես նրան ասել,
Որ ես աշունն եմ լոկ սիրել:
Ընկերուհի ինձ կարեկից
Ես անցյալն եմ ուզում փոխել,
Դու փախչում ես այս ներկայից,
Որտեղ աշունն է ինձ թաղել...

...

ՊԱՏԿԵՐ

Բարձրանում ես, թե իջնում ես ձորակով,
Կանգ ես առել հրաշալի ակնթարթ,
Պարուրել ես շրջազգեստը քեզանով,
Քո նազի մեջ հեռավորի ակն անթարթ:
Ինչ չքնաղ ես պարմանուհի դյուրաբեկ,
Երբ ճեմում ես, հեռանում ես դու անխոս,
Ու թե հանկարծ կանգ ես առնում, հրաշեկ
Մի զարմանք ես տարածական, ինքնահոս:
Եւ լեռների կատարներին ծվարել
Այգն է խարտյաշ, սիրահար մի պատանի,
Քո հայտնությամբ շուրջն ամեն ինչ համրացել,
Ախ, ում սերն է մատնեմատիդ մատանի:

...

Մահվան տեսիլ

Ահա գգվել եմ նուրբ վերջալույսին,
Քնքշադեմ մութին, այնպես կանացի,
Վերջին մի ակորդ հեռվում լալագին
Մոլորահնչուն թողեց տավիղին:
Չկան հետայսու այգ ու ակնթարթ,
Դադար է, կանգ առ, ծպտյալ ժամանակ...
Ես ինձ տեսնում եմ սահմանին խավար,
Մնում է մի քայլ. Մի վերջին արար...

...

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ախ, ես եկա ու ես եկա մեղավոր,
Արցունքն աչքիս, կարոտից թաց ու մոլոր,
Մի շրջան էր, մի աշխարհ էր աննման,
Չկար մեկը, չկար մեկը քեզ նման:
Այս փողոցով, այս փողոցով վեր ու վար
Բույրդ կանգուն, դու չկայիր, իմ սիրուն,
Եվ անթերի ժպիտդ անգամ անավարտ
Քամին բերեց, քամին տարավ տուն առ տուն:
Ախ, ով տեսավ, ախ, ով սիրեց, նազելի,
Քո բերկրանքը, քո հուզմունքը ինձ ծանոթ,
Ինչ դատարկ էր այն փողոցը անցյալի,
Ուր մի աղջիկ տեսիլք է դեռ անծանոթ:

...

Ես զգում եմ.
Հարցը, որ չես տվել,
Բառը, որ չես արտաբերել,
Ձյունը, որ չես տեսել,
Գոլորշին, որ չես արտաշնչել,
Գիրկդ, որ իմը չէ,
Մատներդ, որ ափերիս մեջ բույն են հյուսել,
Քո երկրում պատասխանները հետեւում են հարցերին,
Բանաստեղծություններն բառերի շարան չեն,
Ձմռան մեջ ձյուն չկա,
Արտաշնչում ես շունչ առնելուց հետո,
Իմ հույսերն են քո գրկում,
Բայց մատներդ շոյում են անորոշությունը...
Ես զգում եմ:

...

Ես հեռու եզերքում անտերունչ,
Վաղանցիկ կրքերից երերուն,
Տրվել եմ սիրերգին, գինուն.
Օտար մի գգվանքին համահունչ:
Մի աղջիկ ժպտում էր շեղակի,
Երազ էր երազն էլ անթերի.
Գիշերը մանվածք էր դյութական,
Ինձ սիրեց հեշտանքով իրական:
Քո պագշոտ հայացքի մի ծիրում,
Նայվածքով բեկբեկուն ու ժլատ,
Անորոշ ու խարտյաշ անծայրում
Ինձ ժպտա հույզերիս արեգակ:

...

ՀՐԱԺԵՇՏ

Լռությունը լուսնի մահիկն է սուզված ջրափոսում,
Մեղմ քամին ծածանում է լռությունը,
Եւ ջրափոսը անսահման փոքրանում է
Մի լուսնի եւ մեր երազանքների համար,
Ես հեռանում եմ.
Հիմա իմ գինու գավաթում լուսինը բոսոր է,
Այս ամենն այնքան անսովոր է...
Մի կաթիլ արցունք ալեկոծ արեց մահիկը,
Եւ մնաց միայն մահը խոշոր ու փայլուն փետուրներով..

....

Եւ աննկատ անցան ժամ ու պատարագ,
Խավարի մեջ մնացի ես անճրագ,
Հոգիս դարձյալ հորձանքի մեջ ալեկոծ
Վարագուրեց ասելիք ու ասեկոս:
Ասեղնակար խայթոցներից անմեկին
Աստղերն անգամ պար բռնեցին ցավագին,
Այս կողմերում Դուք չե՞ք տեսել այն մեկին,
Որ ինձ կորցրեց աշնան վերջին ու մեգին:
Ու եթե նա ինձ է փնտրում լալագին
Իր փողոցում, իմ փողոցում կամ անդին,
Հուսահատ մի ասեք, տեսանք սիրահար
Ու՞մ էր կանչում, ու՞մ էր տենչում անդադար:
Բայց եթե նա անդավաճան իր կերպին,
Մոռացումի խսիր փռեց աչքերին...,-
Գուցե... խնդամ... բախտիդ համար, իմ Անգին,-
Հեռվից հեռու լուռ հետեւեմ իր աստղին:

...

Ես եմ, ես եմ, անգին, քո սիրելին, 
Առանց վեղար, առանց պատմուճանի,
Աշխարհիկ եմ այսօր, հավատի իմ քննիչ,
Եւ քո Աստծո առջեւ մեղավոր եմ մի քիչ:
Աչքիս անտես մնաց մերկությունդ լուսե,
Ախ, թափանցիկ անցար կամուրջներով մոմե,
Շռայլության տվիչ այդ հաճույքի ահից
Ոտքերս հեռու անցան, ոտքերն իմ դավաճան:
Ձեռքս պարզած անցա, միտքս արած լուսին,
Շոշափելով դեմքը դալուկ կեսգիշերի ,
Սակայն գտա միայն նազանքներդ նախկին,
Մռայլադեմ աստղիս ծանոթ խառնարանին:

...

Գիտե՞ս, սուտդ չե՞մ նկատել,
Չե՞մ կարեկցել մի պահ քեզ,
Աստված այդպես է քեզ հնարել,
Ես անկարող եմ փոխել:
Օրդ ամբողջ գիշեր սարքել
Ի՞նչ ես իմ մեջ որոնում,
Թե՞ գտել ես կամ չես գտել.
Աչքերդ ինչու՞ են փայլում:
Մի խորամանկ ժպիտ թառել,
Դեմքդ դարձել է երազ,
Հույզերիդ ծովն են ակոսել,
Ծովակալ են, թե նավազ:
Այս տիպերը ինքնահավան
Գիրկդ երկինք են արել,
Էլ ինչու՞ եմ չմահավան
Ես քեզ այդես եմ սիրել:
Եթե կուզես էլ անիմաստ
Հարց չեմ հանի գզրոցից,
Սիրուց ոռնամ, սիրո ցավից,
Պատասխանդ սուտ է, շա՜տ:
Գիտե՞ս, սուտդ չե՞մ նկատել,
Չե՞մ կարեկցել մի պահ քեզ,
Աստված այդպես է քեզ հնարել,
Ես անկարող եմ փոխել:

...

Ճերմակ հաճույքի հրեշտակները
Չքնաղ նազանքով ցած են ծածանվում,
Ամպերի ձյունե երանությունը
Մեզ իրար կապում ու էլ չի վանում:
Կամ դու ես հալվում իմ ափերի մեջ,
Կամ ես իջնում եմ կոպերիդ դողով,
Աչք մի կկոցի, թող մնամ անվերջ
Սիրո ծիրից ներս ու մի քիչ վախով:
Երկյուղեմ ամեն հպումիս համար,
Համոզիչ փարվեմ մարմնիդ մարմար,
Ու թե այդ վախով հալվեմ, վերջանամ
Իմանամ սուտ չէր հեքիաթը այս ձյան:

...

Այս պատկերը կրկնվում է
Աչքի դանդա՜ղ թարթի նման,
Քո ժպիտը դեռ թեւում է
Հիշողության բեմի վրա:
Հայացքիդ մեջ քանի գարուն
Ծլարձակեց սիրո ավյուն,
Ամեն բողբոջ հույսեր հնչուն
Ծնեց մոլոր հոգիներում:
Քեզ ո՞վ սիրեց խենթի նման
Եւ ո՞վ հիշեց իր տաղերում,
Անսեր եկել ես, աննման,
Ու մնացել այս տողերում:
Այստեղ հոգի ու սիրտ ունես,
Կարոտ ունես այսաշխարհիկ,
Աստվածուհու ժպիտ ունես
Հայացքիդ մեջ չնաշխարհիկ:
Եթե մի քիչ անքուն ես, բայց
Սիրտն ես գերել անվարանի,
Դարձել եմ ես հեքիաթասաց
Երազներում սիրահարի:
Լույս է կաթում մոմի շուրթից
Աչքի դանդաղ թարթի նման,
Չես հեռանում դու իմ գրկից
Հեթանոս այս սիրո համար:
Չքնաղ բառեր ես հնարել
Հնաբույր քո տեսքին վայել,
Հայացքիդ դեռ լույս է թառել.
Վետվետ մի մոմ, բայց կիսավեր:

...

Մի կաթ արցունք ես հողին պահ տվել,
Հոգի ու թաղար մեկտեղ ես արել,
Ծաղիկ ես չքնաղ այս անապատում,
Բառերից բուրգ ու սֆինքս են հարել:
Տերունական է աղոթքդ կրկին,
Սերն անտես եղավ բրածո մեկին,
Քո մի համբույրը վերստին, հոգիս,
Հոգեդարձն է իմ, բալասան մարմնիս:
Հազար ասպարեզ ու բյուր ակնթարթ
Հեռու եմ քեզնից իմ լիալուսին,
Գերին եմ դարձել նազանքիդ անկարգ,
Սկիզբս անորոշ ու վերջս է անհայտ:
Ինձ փնտրիր քո մեջ մի վերջալույսի,
Գիշերն իմ մեջ է ու ես գիշերի,
Աստղ եմ մի անհայտ անտես եզերքիդ,
Ես կամ, շնչում եմ համահունչ հևքիդ:

...

Եւ դուռ բացվեց մի նախաստեղծ,
Կույս չէր արդեն բռնած ուղին,
Եդեմից էր մեղքն առաջին
Ադամական ու Եվածին:
Ո՞վ արարեց իր նմանին.
Մարդու տեսքո՞վ, թե՞ պատկերով,
Ո՞վ երկունքը զգաց ցավով,
Ադամն անցա՞վ այդ կողմերով:
Ի՞նչ տեսակի օձ էր հպվել
Նախատատին մերկամարմին,
Ում մեղքն ինչպե՞ս էր կշռվել,
Ամեն մեկին ըստ արժանի:
Այս պատմությունն իբրեւ սկիզբ
Նմանակվեց անթիվ անգամ,
Հավատացյալ, թե աթեիստ
Օձ կծածին օ՞ձն է դարման:
Սերունդներին շփոթ բերած
Բաբելոն ու Երուսաղեմ,
Նույն լեզվով ենք դեռ բարբառում
Դրախտի ու դժոխքի դեմ:
Սերն անխառն է ի սկզբանէ,
Թե այն կինն է քեզ հմայել,
Ում սերն ինքդ ես հեղինակել,
Գայթակղել որձի նման..

...

Ինձ թողեք տառը, ես այն կձևեմ,
Բառ ու բանից այս ժպիտ կպեղեմ,
Սիրո պատարագ ձեզ կմատուցեմ,
Թողեք ցավն անանց, այն էլ իմն անեմ:
Աղքատի հպարտ կեցվածքն ինձ տվեք,
Դուք էլ բարության ոսկին ամբարեք,
Ինչ փույթ, որ մերկ եմ ու մի քիչ անուժ,
Սակայն սեր ունեմ ու սիրո անուրջ:
Մի հոգնած ժամի, անուրախ պահի,
Ես ձեր եղբայրն եմ եւ կամ սիրելին,
Մի օր գույներում այս հին աշխարհի
Կգտնեմ երանգն այնպես ցանկալի...

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (07.05.2013)
Դիտումներ: 87 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz