ՈՒրբաթ, 19.04.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Նախանշված է, ասես իմ ուղին
Նախանշված է, ասես իմ ուղին,
Վաղն էլ անսովոր ոչինչ չի լինի,
Ծանոթ է անգամ այս նեղ փակուղին,
Թովիչ են կույսն ու սարսուռի գինին:
Դե, լից, մատռվակ, թասերը զնգուն,
Կյանքի հանդեսում հարբել եմ կրկին,
Ինձանից վանել մտքերս զեղուն,
Նրանց բզզոցում ու մի պագշոտ կին:
Աղեկտուր է ջութակը հնչում,
Այս փողոցն այնպես դատարկ է թվում,
Որ արձագանքս հազար տեղ բեկվում,
Ինձ հետ ընկում է, ինձ հետ բարձրանում:
Անհայտությունը պոռնիկի նման
Կիսաբաց կրծքով ո՜նց է հմայում,
Բայց բնազդաբար տենչում եմ նրան,
Որին բացարձակ մերկ եմ հնարում:


Կինն անտարբեր է, սակայն սավանը
Տարալուծում է կորերը նրա,
Արձակ մազերի սևն ու ճերմակը
Մատնանշում են տարիքն ակամա:
Կուրծքը հևում է և արագընթաց
Պատկերներ ,ասես, հեռու անցյալից
Վետվետ ընկնում են հուշերն անթափանց,
Մթին եզերքում ո՞վ է դեռ լալիս:
Դուռը անաղմուկ հրեցին կրկին,
Եթերը լցվեց բույրով առնական,
Կնոջ նազանքից մնաց պճրուհին
Նաև հաճույքի հանգը տևական:
Կինը դողում էր երազի թևին,
Մի քանի շրջան սարսուռը գծեց,
Արուն մասնակից սիրո այս տոնին
Մտքերում անգամ նրան չլքեց…


Ծիրանենին ծառ է կարկուտը ծեծած,
Հողն անջրդի է, ամպի մի ծվեն երկնքում չկա,
Իմ երակներում արյուն կա շշմած,
Ես ստվեր եմ փնտրում, որ ինձ բացառեն
Օրերի հոգնած, անիմաստ երթից,
Այս գոյությունս, որ քարշ եմ տալիս
Քարափ է փնտրում,
Գահավեժ կընկնի…
Տեսնես, անդունդը, ո՞նց է հմայում,
Ես կույս անդունդ եմ փնտրում տակավին,
Որ անվերջ ընկնեմ:
Եվ ազդագրերից մահս չգուժեն…


Ինձ դրեցիք պատիճում, որ անանձնանամ,
Գոյությունը իմ նվաստ ինքս էլ ուրանամ,
Մի կրակեք ինձ վրա հանուն իմ սիրո,
Խանդն ինչու՞ է այսքան հին խաղալիք հարգո:
Խավարի մեջ մի նշույլ, հույս կար տարագիր,
Այս աշխարհը այնպես ցուրտ, մթին է էլի,
Խոսքերն ինչու՞ են այսքան էժան ու պատիր,
Ձեր վախերը ինձ տվեք, չմնաք թերի:
Անակնկալ ինձ խփեք, մահս չիմանամ,
Մեկով ավել կամ պակաս, ես ի՞նչ իմանամ,
Հենակներս խլեցիք, փետուր ու սուսեր,
Միթե թվաց, թե այդպես կմնամ անսեր:
Այս հանգերը ինձանից անբաժան էլի,
Մեղեդին է իմ հոգու այնպես ցանկալ,
Ես ժպտում եմ մեկուսի, թեկուզ մի հոգի
Աչքի թացն է դեռ սրբում իմ ձեռքով էլի:
Այս շարժումն է բացառիկ և զարմանալի,
Մենակ մարդը աշխարհում անելիք չունի,
Կամ կրակեք ինձ հերթով, կրակեք էլի,
Ախր, ո՞վ եմ ես եղել. Խանդն է անտեղի…


Մի օր հուշի թևերով ես էլ կգամ տուն,
Էլ չեմ փարվի շարունակ ունայնին անտակ,
Այս աշխարհը կուսական և անձեռակերտ,
Համասփյուռի մի ծիրում աննշմար մի կետ:
Թե տենչում ես ինձ տեսնել անկյունում քո տան,
Բացիր դուռ ու պատուհան, բացիր անվարան,
Ու թե չգամ մինչ ի մահ, կգամ, կասեմ,- քույր,
Այս հեքաթն է անավարտ ու մենք նրան հյուր:
Մի երազ է, մի աշխարհ, "սատանի" կամուրջ,
Ծվարել ես հոգուս մեջ, ասես լույս, անուրջ,
Սավառնակը մեր կրկին երկինքն ակոսում,
Ժամանակը անտարբեր այս ու՞ր է հոսում...


Դու գալիս ես հուշերի քնքուշ թևերով,
Քո մեկնարկը անհունում երազ է էլի,
Սպասում եմ հրաշքի ակնկալիքով,
Այս աշխարհը մի ուրիշ նմանակ չունի:
Տես, անշփոթ պիտի գաս, իմ երանելի,
Մթնշաղն է ի՜նչ չքնաղ, այգը՝ ցանկալի,
Հուշումները այս երկու փարոս են ու լույս,
Չխարխափես խավարում, անուրջներիս կույս:
Աստված մարդուն արարեց իր նմանությամբ,
Հերթը մինչև ինձ հասավ կավն այդ չորացավ,
Մեկը որդուն ուրացավ, մեկն էլ մատնությամբ
Այս ընթացքում բացառիկ աղի սյուն դարձավ:
Շփոթում եմ գուցե ես կերպարները այս,
Բայց ծածան են պատումիս կերպասները խաս,
Ծիածանն եմ ես փռել ոտքերիդ առաջ,
Տատանվու՞մ ես, թե՞ այսօր կգաս աննահանջ:
Պատրանքներս են քեզ ծնել կամ մայրդ մի օր,
Թե սերն արատ է, հոգիս, ես եմ կամակոր,
Մի հուզմունք է ինձ պատել այնպես անմեկին,
Սպասում եմ շարունակ ես էլ իմ հերթին:
Տես, որ կավը յոթնահունց մատներդ շոյեն,
Ինձ կարարես հղացքիդ շուրթերով բոսոր,
Հետո թե ինչ կլինի, գաղափար չունեմ,
Գուցե մեռնեմ ես մի օր, բայց սիրեմ այսօր:


Եւ տառապանքի մի վարդ արյունոտ
Ինձանից խլեց երազ ու կարոտ,
Ես ինձ փնտրեցի տրտմության ժամին.
Ինձ աչքով արեց նույն հոմանուհին:
Ես ում երազում դարձա խաղալիք,
Մութի թեւերին դողահար ալիք,
Գունատ նայեցի նույն փշոտ վարդին,
Որը թոշնեց իմ անուրախ դեմքին:
Քեզ ի՞նչ սիրով են ընդունել ծաղիկ,
Ա՜խ, թաց աչքերով դու լուսե աղջիկ,
Քո միայնության անծիր երկնքից
Անթարթ ժպտում ես նույն գերեզմանին:
Իմ երեկոն է փոխվել գիշերի,
Անմարմին աղջիկ անցած հուշերի,
Մի վարդածաղիկ ինձ թունավորեց.
Սիրո հուզմունքին թողնելով անտես:


Իմ կարոտն է հուշերի անսքող մի վարագույր,
Աղջիկն անծես հույզերում մի երկինք է ջինջ, մաքուր,
Եվ փորձում եմ ես շոյել նրա վարսերը հյուսկեն,
Որ փերիներն անտառի նոր պատմություն մի հյուսեն:
Մթնշաղն ըստ հեքիաթի ցոլքեր ունի կանացի,
Գրավիչ է անմեկին կույսի նման թանկագին,
Ես բեկվել եմ իմ ծիրից և վարգի մեջ անանցի
Զարմանում եմ թե ինչո՞ւ ի՜նչ հեռու եմ ու անդին:
Ձեռքս մեկնեմ կհպվեմ, աչքս թարթեմ կտեսնեմ,
Բառեռն ընկան ոսկեգիր, բառ չեմ գտնում աղերսեմ,
Մի մեղեդի, մի կիթառ հեծկլտում են իմ սրտում,
Այս ինչքա՜ն ես մոտեցել, որ քեզ անտես եմ սիրում:


Աբո Ալավերդյանի հիշատակին
բանաստեղծություն, որ պիտի գրվեր սեպտեմբերի 16-ից հետո

Քո հիսուն տարին երազի նման եկավ ու անցավ,
Ոմանց թվում է, իրենք ապրում են ու դու չես մեռել,
Ոմանք էլ, ավաղ, իրենց մահով են ցավն այս անթեղել,
Ամենքն էլ, Աստված, վետվետ գոյությամբ թող մնան անցավ:
Ես գիտեմ սգալ, և կարեկցանքի բուրվառում մխալ,
Խունկի բուրմունքից ես տարածական սպառվել գիտեմ,
Փորձում եմ ապրել կենսաբանական այս կյանքն անսխալ,
Մի օր գուցե ես ապրածս ակամա անհունից դիտեմ:
Բայց ես խորհելու ժամանակ չունեմ, չունեմ պարզապես,
Խաչագող մեկի ժպիտն է շինծու և անասպարեզ,
Իմ հիշողության ամեն մի հյուլե, ամեն ակնթարթ
Քեզ հետ ապրում է անվերջ, շարունակ ու այնպես հանդարտ:


Այս աղջիկը կուսական, սակայն հրաշք է թվում,
Արև ունի իր հոգու ակնախտիտ եզերքում.
Պարմանուհի, լուսնկան աջ ու ահյակն իր թովում,
Նրա արձակ շողերում հերարձակ ես անրջում:
Չես հանդիպել այն մեկին և թախծում ես անմեկին,
Մի օր սիրո հոգեթով և ներդաշնակ մեղեդին
Պատրանքների աշխարհից վար կբերի քեզ, անգին,
Ու կհիշես ակամա գիշերակաց պոետին:
Քո ասպետը մի հանգի, ծիածանը յոթնագույն
Հորիզոնը կակոսեն տրոփն արած հենասյուն,
Անսանձ ձիեր ու կարոտ, քառատրոփ երամակ,
Հրաշածին ակնթարթ ու մարդացած ժամանակ:
Սակայն կյանքն է շարունակ անակնկալ մատուցում,
Գուցե՞ գտնես դու նրան ձեր հարակից փողոցում,
Տես, անձրևն է միալար և տեսիլքն այս աներկբա
Սիրտդ լցնում քնքշությամբ. երազելը կա ու կա…


Ինձ ծանոթ է քո հոգու այս հոգեթով մեղեդին,
Մենք թախծում ենք շարունակ և թախծում ենք անմեկին,
Եվ եթերն է համասփյուռ ու կիթառը միալար,
Մենք եկել ենք, որ երգենք աննմանի սերը հար:
Վարդն այսօր է դեռ կոկոն և դյուրաբեկ ապակին,
Անհաղորդ եմ ես այսօր զգայացունց ապտակին,
Ամեն ինչ ինձ ցանկալի ու թափվում է մանանա,
Բառերն անգամ ոսկեգիր, ես երբեք չեմ մահանա:
Աննման իմ հոգեառ, արցունք ընկավ մի կաթիլ,
Սերս մնաց երկյուղած, ասես ձյունի մի փաթիլ,
Որ երկնքից պար բռնել ու գալիս է շարունակ,
Ես լոկ ունեմ մի երազ ու սիրելու ժամանակ…


Փողոցում այս նվիրական
Մի կույս կրկին անիրական
Անուրջներն է իմ տատանում,
Ինձ հետ թաքուն սիրաբանում:
Նա սահում է, ես՝ ոտնաքայլ,
Նա սիրուն է, ես՝ անայլայլ,
Մեղքն իմ մեջ է հասունանում,
Նրա մեջ եմ ես վերանում:
Լուռ ընկնում եմ սալահատակ
Այս փողոցի դիմագծին,
Եվ սուզվում եմ ես անհատակ
Ջրափոսում անձրևածին:
Մի արև է իմ գոլորշին
Տարալուծում վերացական,
Կույսն այսօր էլ գոլ ու անգին,
Հեռանում էր… ի՜նչ թափանցիկ
:
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (08.07.2013)
Դիտումներ: 825 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz