Հինգշաբթի, 25.04.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Տանիքն առանց կղմինդր
Տանիքն առանց կղմինդր,
Ինչպես երազն առանց կին,
Բարձվենյակ իմ օշինդր
Թրմօղիդ է անմեկին:
Չափագրեմ զիստերդ
Ափերիս մեջ կորընթաց,
Հայացքս ընկած ծնկներդ,
Արխալուղդ է մի քիչ թաց:
Համբույրս առ ու տարածիր
Համասփյուռ քո տարածքում,
Եվ անուրջն այս ցանուցիր
Պահպանիր քո հայացքում:
Ինչպես խաչքար շիրիմիս,
Թեև ուրիշ մի աշնան,
Մարդը երգ էր, մարտն՝ ամիս,
Այսպես էլ թող ինձ անսան…
Հնազանդվեն մի պահ ինձ՝
Ոսկի, արծաթ ուրացած,
Այծամորուս՝ վայրի սինձ,
Հուշերիս մեջ ո՞վ մնաց:


Այս ամառն անէականը,
Ցանկասեր իմ ուրվականը
Հովի թևին քշեց տարավ
Մինչ անապատ, դեպի հարավ:
Մեր սենյակի չորս պատերը
Սքողում են լույս ու ժպիտ,
Դառնացել են շատ-շատերը,
Ու՞ր է կինն այն ակնախտիտ:
Ես սիրում եմ տատանումը,
Երբ որ ջրերն են ալեկոծ,
Այս հուզմունքն ու ծածանումը
Բրոնզագույն կամ ոսկեզօծ:
Հոլանի է աղջիկն ամպոտ
Դեռատի է կամ տարեկից,
Ես վառել եմ մի ծխախոտ
Եվ մշուշն է ինձ կարեկից:
Դիմանում եմ ես անհառաչ
Այս հորձանքին բազմաբևեռ,
Նախահարձակ նախևառաջ
Հրեշտակ է հագած թևեր:
Նա է ճախրում անկողնուց վեր,
Ես ժպտում եմ, ի՜նչ խորամանկ,
Ընկերուհի, միթե անվերջ
Կամ շարունակ ողջ ժամանակ…
Պտղատու է կենաց ծառը,
Կամ խոկում եմ ես անգիտակ,
Մեղեսիկի խերն ու շառը՝
Ակամա եմ հեգում… Աստվա՜ծ:


Արքաներին տվեցին փառքը աշխարհի,
Նրանց արյունը կապույտ, խոնջություն չունի,
Ի՞նչ ենք այստեղ մենք անում թափառ ու կրկին,
Հեռուներից հավաքվել գալիս ենք էլի:
Հայրենիք էր որ առաջ, դիմադարձ դարձել,
Գառնին միշտ է հմայել, Գեղարդը՝ դյութել,
Սակավաջուր իմ լճակ՝ թագուհու պերճանք,
Միջնաբերդ մեր Երևան՝ վարդագույն հրաշք:
Աշխարհի չորս ծագերից հովեկներ բազում
Հյուսիս-հարավ այս ճամփան կտրել են ոտքով,
Արևահամ Հայաստան գույներիդ խաղում
Սերդ հեռվից ընկալվեց, դարձավ երգ ու գովք:
Կանգ առ, հլու ժամանակ, նեցուկ չմնաց,
Մի հենարան ինձ տվեք՝ մեջքդ չծռես,
Օրհնյալ լինես, դու երկիր, թե Նոյը գնաց,
Անակնկալ նրան դու էլ հետ չկանչես:


ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

Այս երկինքը լազուրի գովքն էր անապակ,
Երբ ջրերին սառնորակ մնաց լոկ խայտանք,
Նախաստեղծ էր ամեն բան և զարմանալի,
Աչքերն անմեղ կկոցեց կինն իմ անձավի:
Արուն էգին հմայած առնական էր, քաջ,
Հեթանոս էր թեև նա, սակայն ցանկալի,
Քանի հարբած հրաբուխ, թե ահյակ, թե աջ,
Կենդանացան մի կանչով, գործում են էլի:
Հոդաբախշ էր ամեն միտք և հասկանալի,
Բռնությունը բացառած կամ կասկածելին,
Իմացության ծառից կախ հատուկենտ խնձոր,
Իրենց հերթին սպասում, կախվել են անզոր:
Առաջածին մեղքը բայց դեռ շապիկ չուներ,
Արհամարհվածն ինչ քավեր, Աստծուն չգիտեր,
Գիտափորձ մի հաջողված կոչվեց մարդկություն,
Այս բեմելից մեզ մնաց անլուր փորձություն:


Միևնույն հույզի երկու բարձրակետ,
Աչքերս շուքիդ առաջ ակնդետ
Ճրագներ են, որ հեռվից են փայլում,
Քո մեջ շողում են, արդեն չեն դողում:
Ինձ էլ են ասել այնպես մտերմիկ,
Անմատչելի եմ այլոց խորանում,
Ծիրանագույն է ծաղիկը հիրիկ,
Զառ-մանուշակ է, որ էլ չի գերում:
Միթե խաշխաշը անհաս ծերպերի
Չեչոտ քարերով դեռ չեն տրորել,
Գնում եմ գտնեմ, գուցե անհունի
Երազն անմեկին կրկին հորինեմ:


Իմ համբույրներից կինն իր անկյունում
Փակ աչքերով է աշխարհն ընկալում,
Ճերմակն այդպես էլ ճերմակ է թվում,
Հավքերն աննդհատ հարավ են չվում:
Ինձ հարցնում են, պատասխան չունեմ,
Ուսիս մախաղում չոր լավաշ ունեմ,
Ծակ կոշիկներով, սակայն ազնվացեղ
Սիրող այս սրտին բալասան եմ, դեղ:
Այս իմ աշխարհում հրճվանք ես թաքուն,
Ճար չունեմ, հոգիս, գիշերս է անքուն,
Ես ինձ ատում եմ այնքան ինքնատիպ,
Գրում եմ, սակայն գործերս են անտիպ:
Եվ քո հետքերով հասնում եմ ցողին,
Կաթիլի մեջ էլ արևն է շողում,
Կանգնել եմ ամուր իմ պատառ հողին,
Մարմինդ անվերջ ու ո՜նց եմ շոյում…


Լույսը բացվեց, անմխիթար, նզովում եմ քեզ գիշեր,
Փայլածուն ինձ նվեր տվեց անիրական մի սուսեր,
Ո՞վ է կոփել այս մետաղը, ճկվում է դեռ անընտել,
Այս քար կտրած սիրտս ի՞նչ է, թե որ չունի էլ հուշեր:
Ինձ խոցում եմ վերջին անգամ, հետո գնամ հանդեսի,
Ուրվականս մի քիչ առաջ ճամփան բռնեց անտեսի,
Երգեհոնի ձայնն ալեհեր իմ մեջ մեռավ այս գիշեր,
Շփոթն ընկավ ունկից այլոց, մնացել են լոկ հույզեր:
Դու կարող ես ինձ բացառել պատրանքներում հեշտածին,
Թեկուզ ուրիշ սեր հնարել, որ չես ապրել ցավագին,
Սակայն մի օր ալեկոծված ետ կդառնաս քո կամքով,
Ինձ կփնտրես ու չես գտնի սիրահարված նույն հանգով:


Թող այս գիշեր անձրև լինի
Ու թաց լինի աչքիս պես,
Եվ կարոտից անտես մեկի
Ես լաց լինեմ հենց այնպես:
Դու գաս, անցնես իմ փողոցով
Եվ չիմանաս, թե ինչու,
Մութը դիմակ և անվրդով
Մեկտեղ ժպտանք ես ու դու:
Ինձ հմայեն ուրիշ կանայք,
Որոնց անգամ չեմ տեսել,
Արցունքն աչքիս, ես անտաղանդ,
Թեկուզ խաղամ նոր դերեր:
Թող այս գիշեր և այս գիշեր
Ինձ պարգևեն թանկ հուշեր
Օտար կանայք, որոնց անգամ
Ես երազում չեմ տեսել…
Եվ նրանց մեջ ու խանդավառ
Փնտրեմ քեզնից մի մասնիկ,
Որբի նման՝ անհայր, անմայր,
Անսեր մնամ, իմ փոքրիկ…


Այս աշխարհի լավն ու վատը չեմ ուզում,
Մեղքս խորն է ու քեզ դարձյալ չեմ հուզում,
Ծնկաչոք է աստվածավախ քահանան,
Գուցե մի օր ինձ էլ տանեն քավարան:
Թողություն տուր, Տեր, չգործած մեղքերիս,
Ավերակիս մի քար ավել չեմ ուզում,
Չես վրիպել իմ սիրաբան ձեռքերից,
Սակայն, ավաղ, քեզ վերստին չեմ հուզում:
Մեր շուրթերի անվերապահ հպումից
Չեմ խաղաղվել, խզարում եմ աջ, ահյակ,
Մի հաստաբուն կաղնի այդ լուռ շփումից
Վայր է ընկել և փայտացել անճարակ:
Ինձ էլ բոցի լեզվակներում քնարի,
Այստեղ լինի, թե գեհենի օրոցքում,
Իմ պատկերով մի մանեկեն հնարի,
Որ քեզ սիրի, անգամ եթե չի հուզում:


Թե կարող ես, նոր մի լուսին հնարի,
Որ խառնվածքով կույսի նման քնարի,
Եվ երկնաճեմ հանդերձանքով հոլանի
Ինձ մակընթաց այլաց գրկում տատանի:
Մակույկի պես տարուբերի աջ, ահյակ,
Շողերի մեջ արծաթաբան ու մանյակ,
Նայեմ նրա անզուգական ընթացքին
Եվ արարեմ սիրաբանող այր ու կին;
Կինը լինի Լիլիթից էլ հմայիչ,
Եվայի պես անհնազանդ ու թովիչ,
Իմ նավակը լինի պարտեզ ու այգի,
Օձ չլինի, որ հեքիաթն այս այլհունի:
Ես էլ լինեմ տարօրինակ գեղագետ,
Թեկուզ անգեղ, խավարամիտ կամ անգետ,
Կանթեղների լույսն ինձ փարոս օրնիբուն,
Ափ չփնտրեմ, լինեմ սիրո տրիբուն…


Իմ աչքերով քո աչքերն են հմայիչ,
Քո հայացքը իմ հայացքից հարատես,
Ես եկել եմ հորիզոնի ծագերից,
Ողջ եմ սակայն, ողջ եմ միայն որբի պես:
Պարզած ձեռքիս պատառիկներ կան հուշի,
Շրջազգեստդ է քամին անվերջ ծածանում,
Ակնախտիտ հրապույրն այս անուշի
Ինձ կարեկցեց հիշողության կածանում:
Իմ զուգահեռ կյանքի մի այլ չափերում
Քեզ հիշում եմ անմահական պաչերում,
Անակնկալ ինձ խոցեցին դավադիր,
Եվ մնացինք բևեռներում հակադիր:
Նետի սայրը սպի թողեց իմ սրտին,
Թե ուզում ես, կարող ես դեռ շոշափել,
Հիմա գիտեմ, որ եղել ես դու ինձ կին,
Այլ չափերում ծառերն էլ են սոսափել…


Լույս, տարաբախտ քո զավակին
Վերջին անգամ նշավակի,
Մեղքերի մեջ այս հոգնակի
Թող ինքն իրեն նա ծանակի:
Սիրել մեկին հանկարծակի,
Որ եթերից թեթև է քիչ,
Եվ թաքցնել համարձակի
Հայացքից այն հետաքննիչ:
Պահմտոցի խաղալ քամու,
Ականատես աչքերի հետ,
Անդունդն անցան այն ահարկու
Լարախաղացն ու մի անգետ:
Ես գրեցի վարդի մասին,
Սակայն խաշխաշն ինձ հմայեց,
Սիրո թրթիռն այս անմեկին
Կամ անիվը ո՞վ հնարեց:
Ես տեսել եմ ծաղկի շուրթից
Մեղուն նեկտար էր հավաքում,
Դու հուզվել ես այսօր ,սիրուն,
Ես ծնվել եմ քո արցունքից:


Դու էլ մեղք չունես, որ այս ձիերը վարգում են փութով և արագընթաց,
Եվ ես չգիտեմ ինչպես են հնչում իմ այս մտքերը այլոց կատարմամբ,
Ունկերս են սովոր քամու հառաչին այնպես ողբաձայն և գիշերակաց
Հավքն է անվրեպ իր զոհին գտնում հանգանակելով մահը տարաժամ:
Ես ի՞նչ վարպետ եմ զորավոր խոսքի, երբ տեղատարափ անձրևն է սաստիկ,
Արձագանք թե կա, միայն օրոցքում այնպես թովիչ են երազ ու մանկիկ,
Դու էլ մեղք չունես, որ մայրդ մի օր լույս աշխարհ բերեց քեզ անզուգական,
Եվ մերկ մարմինդ կատարելության չափըն է չորրորդ ու հավանական…


Հնագետ եմ և պեղել եմ քո հոգին,
Ուր արծաթը ոսկուց էլ է զրնգուն,
Թե ազնիվ է, բացառիկ է նաև հին,
Եթե գանձ է, ես գիտակ եմ, իմ սիրուն:
Քո մարմինը անտիկ արձան է ասես,
Մարմարակերտ ճաճանչներում լուսերես,
Օրհնված ես, իմ թանկագին սիրո ծես,
Իմ իրական, իմ ցանկալի, իմ անտես:
Բուրումնավետ մի աղջիկ ես դալկադեմ,
Քիչ է մնում, որ քեզ իսպառ քնարեմ,
Ամռան տապին անձրև դառնամ, տաք անձրև,
Կետադրեմ քո երկյուղը այս անձև….
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (08.07.2013)
Դիտումներ: 750 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz