ՈՒրբաթ, 29.03.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Վալս
Վալս
Ի՜նչ անմեղ ու լուսավոր ես ինձ ժպտում,
Խորհրդավոր, մաքրամաքուր, կանացի,
Հևքդ հիմա շուրթերով եմ ես զգում,
Իրանդ առել ձեռքերիս մեջ առնացի:
Ես փլվել եմ սիրատոչոր կրքերից,
Պտույտներից, անուրջներիս դիցուհի,
Հիշողության քարն ընկել է իր ծիրից
Եվ այրվում է քո ոլորտում, սիրուհիս:
Համակենտրոն քա՜նի շրջան ենք գծել,
Դու՝ կրակոտ, ես քո հևքով բռնկված.
Ի՜նչ արեցինք, այս ինչքան ենք ճերմակել
Եվ կարոտի պարագիծն ենք անգոսնել:
...
Քեզ դահանակ, աղերսակից անհոգի,
Ծիածանի տուտն ես այսօր կարկատել,
Պրկված աղեղ, որ միտել ես անհունին,
Եվ իմ սիրով հեռուներն ես հրդեհել:
Արուսյակը գծեց մի նոր հետագիծ,
Գիշերը լույս մի անտեսված այցելու
Հրկեզ անցավ, բոցավառվեց, իմ Արմիկ,
Կրքերի այս չափը էլ չի անցնելու:
Անմնացորդ բաժանել եմ ինքս ինձ,
Յոթնավոր եմ, յոթնապատիկ աննման,
Մալախիտի գույնը ունի ամեն սինձ,
Այծամորուս, որ վայրի է քեզ նման:
...
Ի՜նչ խոշոր են կաթիլներն այս անձրևի,
Երբ թրջվել է անգամ ծայրն իմ աշխարհի,
Մեղեդին ու մի շուն դողում են նորից,
Եվ միալար ցավն է ոռնում իր բնից:
Իմ եղածով, ախր, ե՞րբ եմ հագեցել,
Ամպը զամպին, մառախուղն է անմեկին,
Քարափն ընկած գահավեժ եմ հառաչել,
Ծնկներն հասնող արխալուղն եմ անմեղին:
Այս ի՜նչ կարճ է օրն իմ արծաթ կրքերում,
Թե՞ անշարժն եմ քաղաքային բարքերում,
Ասես քամի, որ կանացի փեշն ահա
Մի ակնթարթ պիտի քանդի ակամա:
Թափանցիկ են շրջազգեստ ու աննման,
Ի՜նչ անզոր են ափերդ դեռ պայքարում,
Ջուրն ու քամին հրաշք՝ անծես, անվարան
Հաճույքների կապանքներն են արձակում…
...
Ես հոգնել եմ այս անվերջ ցավ ու ծանակից,
Ինձ անհաղորդ, անմեկին սիրո ճարակից,
Այս կազմաքանդ հույզերի անլուր քանակից,
Թավագլոր հուշերի ձայնեղ տարափից:
Ես հոգնել եմ սիրտ մաշող թախիծի ծիրից,
Քո ընթացքով առհավետ իմ պտույտներից,
Իմ կարոտը երկու ոտք, հենակներ ունի,
Ես հոգնել եմ կաղընթաց իմ գոյությունից:
Ես մեկնում եմ այս բանուկ խառնաշփոթից,
Իմ չվերթը անհունում վերադարձ չունի,
Եվ ծնվել եմ, թե ապրել, ի՜նչ տարբերություն,
Երբ իմ սերը բացառել…. ու ես եմ հարբում:
...
Տեր ամենակալ եվ ամենայնի,
Մատնացույց արա ինձ ճանապարհը կառափնարանի,
Ինձ հետ զուգահեռ մի ծեր աղվես է նրան հոտոտում,
Ով ինձ տենչում է , սակայն չի սիրում,
Ինձ կարոտում է իր անապատում, ուր անձրև չկա,
Եվ իր երկնքում, որ ավազներից աղի է սաստիկ...
Եվ իր հուշերում, առանց վերհուշի, 
Իր անուրջներում, սակայն հեռավոր և անմեկնելի,
Աչքերն աչքերիս, նա ինձ չի տեսնում,
Ձեռքն է երկարում ու ինձ չի գտնում,
Առեղծվածային ժպիտ պարգևում,
Բայց, Տեր իմ աստված, այնպես չի ժպտում...
Կերոն է նա իմ խավարին միտված,
Լուսավորիչ մի` կուրծքը կիսաբաց,
Թանկագին նվեր իմ տարեդարձին,
Որ չեմ նշելու իր հետ առանձին...
Նա ինձ է սիրում , բայց վախենում է,
Ու Ինքն իրեն է դա խոստովանում,
Արձակիր նրան մեղքից ծանրագույն
Թե ինձ սիրելը մեղք է համարվում: 
Տեր ամենատես, Տեր ամենայնի,
Չափագրում եմ սանդղակը Ցավի ,
Ես մոտենում եմ կառափնարանին,
Սպասումների իմ օրն է վերջին,
Ամբոխ հռհռա, թեկուզ տենդագին,
Լուսապսակն եմ ականատեսի
Նետել առհավետ քո պարանոցին...
Ով սրտի դողով ինձ է սպասում,
Նա ակնթարթը դրել է կողքի,
Հրեշտակ է մի. 
Որ հիշողության հայելի ունի,
Ում անուրջներում ես եմ թագակիր,
Տեսե՞լ է նա ինձ մահվան սնարին,
Գտե՞լ է նա իմ տանջահար դեմքին
Իր իսկ ժպիտը առեղծվածային,
Տեր Աստված, իսկ ես ինչպե՞ս եմ ժպտում...
Շուրջս խավար է, ջահակիր չկա,
Կրծքերն աստղիկներ դեմքին գիշերվա,
Այսօր էլ լուսնի մաշված մահիկը
Չափագրել է ...իմ ժամանակը:
Տեր, ինձ ապրելու մի երազանք տուր,
Մահվանն այսքան մոտ,
Կյանքը սիրելու մի շարժառիթ տուր,
Կամ տար ինձ Քեզ մոտ...
...
ԱՇՈՒՆ
Արձակ դաշտ է անհունի լուսանցքում կորած,
Ասես, հարճ մի հերարձակ, սիրտը՝ երկյուղած,
ԵՎ աշունն է ընկել ցած կարոտի ծիրից,
Ես շոյում եմ նրա մերկ կոնքերը նորից:
Մշուշն անգամ թափանցիկ՝ անտես սիրահար,
Առաջնության այս դափնին ինձ է վստահել,
Մի ուրու է, մի աղջիկ՝ ծիածան կամար,
Որ հպվել է իմ լանջին՝ այսպես անրջել:
Այս աշխարհը թեև խենթ, բայց զարմանալի,
Իր պտույտը Աստծո շուրջ արել է էլի,
Ինձնից առաջ սեր չարած քանի տարաբախտ
Էսքիզներ են մնացել աշնան շուրթից կախ:
...
Մոնթե Մելքոնյանին
«Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու...»:
Մովսես Գորգիսյան
Կարճ հղում է իմ պատին, կիսատ մի պատում,
Որ հերոսի բնորոշ կյանքն է ավետում:
Լեռնական է քո հոգին և արդարադատ,
Աննկուն է հանց ոգիդ՝ երկնասույզ արծիվ,
Ի՜նչ երազ է՝ մաքառել , վրեժ է ու Դատ,
Կիսակատար դեռ այսօր, անավարտ կռիվ:
ՈՒ ինքնության մեր վկան Արարատն է հար,
Կեղծ է հայի ձեռքերում անձնագիրն օտար,
Խոնարհումդ՝ փառավոր, Արցախն՝ աներեր,
Քաջամարտիկ հնագետ, պայքարի ընկեր:
Ակնածանք կա և ամեն հայի աչքերում,
Ի սփյուռս միակամ անհայտ ծագերում,
Քանի Մոնթե մկրտվեց այս ավազանում
Քեզ պես մաքուր և զուլալ՝ սիրո խորանում:
...
Մենք իջել ենք անհունի անհայտ մի ծիրից,
Ասես, փախել խավարի անսքող վիհից,
Մեր երազը՝ անկատար, միագույն նարոտ,
Ա՜խ, բեկել ենք անվրեպ՝ անհասցե կարոտ:
Թե դարձել ենք երկյուղի առաջամարտիկ,
Հորինել ենք մահն անբավ մեր ցնորքներից,
Ուրվական ենք մենք կյանքի սևաթույր բեմին,
ԵՎ գգվել ենք մեկուսի ավեր այդ սեմին:
Վիշտն աննկատ մի խարան ակնախեցու մեջ,
Մեր աչքերը թեև չոր, լալիս են սակայն,
Հրճվանքն ի՞նչ էր, չիմացանք, մնացինք այսպես,
Մեր գոյությամբ անարդար և պատահական:
Մի երազ է, մի աշխարհ անցնում զուգահեռ,
Քեզ թողնում եմ այդ եզրում և ես՝ հեռանում,
Մենությամբ իմ քմահաճ ու նաև անսեր,
Ես կաղոթեմ, որ կրկին քո մեջ… վերանամ:
...
Ափերս թողած հորձանքիդ գերի
Անձուկ օրերիս հաշիշն եմ ծամել,
Հուշերից ծնված աննման փերի
Պագշոտ աչքերդ ինձ են հմայել:
Երբ խռովել ես անդորրը հոգուս
Սիրո հրճվանքում, օծյալ թագուհի,
Լուսընկեց եկել, և անտարակույս,
Եզրագիծն էիր արշալույսների:
Քեզնով անկյունս շենշող է դարձել,
Աշխարհն իմ անծես այս ո՜նց ես հեգել,
Մի օր գերել ես, մի օր անրջել,
Սակայն ինձանից չես էլ հագեցել…
...
Գիշերն էլ, ասես, ձնաբուքն ընկել
Ու խենթ խավարի շուրթն է համբուրում,
Կույսն այսօր էլ էր անհույս անրջել,
Նրա մարմինն է մութի մեջ բուրում:
Ոռնում է քամին գայլի հեզությամբ,
Ի՞նչ կա անսովոր ու հեշտանքածին,
Հուշերն ընկնում են, ի՜նչ արագությամբ,
Քայլերից հոգնած կեղտոտ հատակին:
Դռան ճեղքերից մութն է թափանցում,
Գգվում է կույսին տիրակալի պես,
Գրգիռներն անանց մարմին են հունցում
Անթափանց մութի տեսիլների մեջ
...
Հարյուր տարին ինչպես անհաս մի երազ
Ցավ է բեկում հուշերի մեջ հանապազ,
Նշանառուն կրկին խոցեց մի թիրախ,
Մեկը ընկավ, մեկը մնաց անուրախ:
Չար կրքերում հեշտանքածին, վայրենի
Բաքոսի հետ փողոցն անցավ մի սատիր,
Այլահավատ մի դեմք օտար վայրերից
Մեր մեջ սեպվեց անթվակիր ու պատիր:
Եղերականն այլ սահմանում դեռ չունի,
Երգ է գրվել վերնագրված Անտունի,
Անլռելի զանգակատուն է դարձել
Ու վշտածին բյուր հորձանքներ է սանձել:
...
ՍԵՐԳԵՅ ԳՈՐՈԴԵՑԿԻ
Վ Ա Ն
Իմ հոգին ծով է մի անծայրածիր,
Ու հևքն է քամու հրաբուխն ընկած,
Արյունոտ վիշտն է հատել իմ հոգին
Դրախտ եզերքում Վանի ավերված:
Երջանկությունն այդ զոհաբերության,
Տառապանքն անուշ և երանավետ,
Հաղորդակցվել եմ մահին իրական,
Շփվել վշտահար ստվերների հետ:
Ես կարող էի կեսօրին կրքոտ
Ապրել ողջերի լույսերի ներքո,
Բայց լուսնի հանդարտ պատկերն է հառնել
Այգիներից վեր՝ այնպես տխրադեմ:
Անկասելի են ճաճանչներն անանց,
Ավերակներն են ահարկու, անշարժ,
Հիշատակների սիրուց անայլայլ
Լսվում է նաև սոխակի դայլայլ:
Լույսի հեղեղն է լուսինը բեկել
Այգիների մեջ այն բուրումնավետ,
Խնկաբույրն ահա հոգու մեջ խեղդել.
Անմարմին մարդիկ, ծաղկած արահետ:
Նրանք անցնում են շարան առ շարան,
Շեմքից ներս մտնում իրենց նախկին տան
Մութի կապանքում բանտվածի նման
ԵՎ շոշափում են պատերն ածխահամ:
Երկնակամարի աստղերից պայծառ
Նրանք անթիվ են, նրանք անհամար,
Մեկը երկյուղած նստել է շեմին,
Մեկը շուրթերն է հպել քարերին:
Ողբն այդ խեղդել եմ սրտիս մեջ ցավով,
Փարվել եմ նրանց տագնապով, վախով,
Ողբում է հոգիս վիշտը հայկական
Այս երկնքի տակ հսկա, անսասան:
...
Ինչ աշխարհ է խայտաբղետ գույներում,
Փողոցս առանց սիրող կնոջ դատարկ է,
Գիշերս՝ լույս, ցերեկս մութ մի ծիրում
Խորհրդավոր, երկյուղիս պես անանց է:
Իմ փողոցը առանց պանդոկ չեմ հիշում,
Ինձ առանց թաս, առանց արցունք չեմ հիշում,
Երբ թախծում եմ քեզնով հարբել եմ արդեն,
Կարոտս ի՞նչ է առանց ծաղիկ ու վարդեր:
Մի ծաղիկ ես վարդերի մեջ պարտեզի,
Նրանք՝ չքնաղ, դու աննման ես, անգին,
Շոշափում եմ և չեմ գտնում ինձ հայտնի
Համաստեղն այն, որ խռովել եմ կրկին:
Այս առավոտ գիրկդ նման հեքիաթի,
Ինձ հուշում էր , որ ինչքան էլ երազեմ,
Եթե հարբած և թե անգամ խումար եմ,
Քո բույրն ունի ամեն քարն իմ փողոցի:
...
Սիրտս նման է անհունին թախծոտ,
Ցավն ընդարձակում, ցրում է տենդոտ,
Լուսավոր պահս աստղիկ է դառնում,
Որ թույլ առկայծ է հեռու խավարում:
Օրս անշարժ է կոտրած սափորում,
Հուշերիս կավն է այնտեղ քարացել, 
Կարոտս է միայն ավազից սորուն
Անապատն իմ մեջ անվերջ քառատել:
Իմ տեսադաշտում դու կրկին չկաս,
Քո ուրվականն է՝ անտես- թափանցիկ,
Շրշում է հագած մետաքս ու կերպաս,
ԵՎ շրջանցում է արձանս անտիկ:
Քո ժամանակը սպառվե՞ց այսօր,
Վար բեր ինձ, անգին, իմ պատվանդանից,
Այլոց հրճվանքում ես էլ եմ անզոր,
Երբ կրկին մերկ եմ ու հուշ անցյալից:
...
Մուրացկանի մենախոսությունը
Իմ այս տեսակը չի ընդվզելու,
Իզուր եք փորձում ինձ հունից հանել,
Շարժառիթ երբ կա ողջակիզվելու,
Ինքնամփոփ հոգիս կրակն է խանձել:
Ինձ մոմի դալուկ լույսն է հարազատ,
Նրա մորմոքի արցունքն անազատ,
Ես վկայում եմ անարդարության
Համանվագը կույր և այլազան:
Մուրացկան ասես, ափիս Ձեր խիղճն է,
Փետուրի նման թեթև, անկշիռ,
Ձեր առջև ծնկած էլի նույն խեղճն է,
Սակայն ոտնակոխ, սակայն անթրթիռ:
Այսօր էլ մեկը նայեց ինձ վերից,
Ծանոթ մի հայացք այն նույն պանդոկից՝
Ստորակետ էր կյանքի իջվածքից,
Հարբած փարվեցի նրան Անդոկից:
Փողի քսակը հանեց վախվորած,-
Իմ կենացն,- ասաց,- կխմես գինով,-
Ինչ իմանայիր, մեղքի տակ կքած,
Հանգանակում եմ համարժեք ցավով…
Ձեր ինձ տվածն էլ ինձնից կտանեն,
Ի՞նչ է բացառիկ, որ անտես անեն.
Աստված եմ կանչում, որ կարեկցադեմ
Սիրո փշրանքներ ինձ բաժին չանեն:
...
Հայտնության պահը կրկին կուշանա,
Ջուրը կմաղի, սակայն կմնա 
Արտասուքների մրուրն անորոշ,
Լուսապսակից՝ միտք ու ապարոշ:
Նա չէ հայելի, բայց և շողում է,
Լուսինն անցնում է որոգայթների
Ալեծուփ եզրով, ցավից դողում է,
Մեկն ինձ հիշել է՝ աչքս խաղում է:
Մարմինս ընկավ իր պատվանդանից,
Եւ մատնենատիս արծաթ մատանին
Մի բեկոր դարձավ պոկված քանդակից,
Մինչ այն կգտնի խաժաչ պատանին:
Առավոտ լուսո, լույս արեգակի,
Հերձվածող ընթացք կույր մոլորակի,
Մի օր երկբևեռն ինձ անտես կանի,
Ես էլ կաղոթեմ, որ մահն ինձ տանի:
Հոգսերից կքած ընտիր բեռնակիր
Նշենուց կախված էլ բան չմնաց,
Դեռ ջուր չտեսած, ի՞նչ իմանայիր
Որ սմբակներիդ տրեխ չգնաց:
...
Օրնիբուն բանող այս անասունը.
Ցուլ էր հավակնոտ և վայելչատես,
Իր մեջ խեղդեցին սերն ու ցասումը,
Ամորձատել են բոլորին ի տես:
Նոր գինին պարզել, տեղափոխել են
Տակառից տակառ, նստվածքից զատել,
Ու հենց այսպես են գինին այս կրտել,
Բայց համ ու հոտից երբեք չեն զրկել…
Ով խոնարհ անցավ, նա էր կամազուրկ,
Անարի, անկամ, անգամ ընչազուրկ,
Նրանց այս կյանքն է ու թեև մալել,
Բայց նրանք էլ են ինքնակամ մարել:
Ամուլ մտքերի պահոցներ չկան,
Ծալից են զրկել, որ էլ չդատեն,
Ուրույն չխորհեն և… չմտածեն,
Ներքինի այսպես նրանք էլ մնան:
Ու ասես խաղ է, նշան են բռնել,
Կրտել են այսպես ու քարով զարկել,
Պարտվողին ե՞րբ են անարյուն արել,
Խաղի մեջ նաև այսպես են հաղթել:
...
Աղջիկը մերկ է, անգամ ցանկալի,
Անամոթ է, Տեր, ու սքանչելի,
Աննման, ասես հովազի էգը,
Ճկուն, սլացիկ ինչպես եղեգը:
Քամին ընկել է ստինքների մեջ,
Թեև վարսերում հովիկն է խաղում,
Եւ ցնորվել է ողջ տիեզերքը
Անբացահայտ ու անհայտ մի ծիրում:
Առաձգական է ժպիտը նրա,
Միանձնուհու պես ո՜նց է հմայում,
Անուշ գիշեր է աշխարհի վրա…
Կորերից կրկին գլուխ չեմ հանում:
Ինձ էլ քո երթին մասնակից արա,
Շուրթերդ զգամ համբույրիս պահին,
Շարասյուն դարձած հույզերդ ակամա
Խոնարհիր կրքոտ աշխարհիկ գահիս:
Թե սիրահոժար անձդ ուրանամ,
Կաղոթես ի սեր ներքին հաշտության,
Տոնական մի օր ինձ անտես կանես,
Բայց, Աստված չանի, ուրիշին սիրես:
Այսօր ամենագիշերն է մեղքի,
Թևում է քամին դա՜տա՜րկ փողոցում,
Աղերսներս, ասես, անհայտ մեղեդի
Անկյուններում մութ Քեզ են որոնում…
...
Երբ քամին ծածան մազերդ խառնի,
Հնար չունենաս անտեսին սանձել,
Թող որ ես դառնամ անմեղ շարժումի
Արձագանքը մի, որ ձեռքդ է գծել:
Երբ որ, ակամա, մի տխուր պահի,
Արցունքդ կընկնի սալահատակին,
Թող որ ես դառնամ ոտնակոխ հողի
Զարմանքն առաջին ու անձրևածին:
Երբ որ մեղեդին ոտքերդ կընկնի
Եւ պարել կուզես մերկ ու ցանկալի,
Թող որ ես դառնամ թանձր վարագույր,
Որ անտես անեմ ժպիտ ու համբույր:
Երբ հոգիդ ցավից կուչ գա անկյունում,
Թեկուզ կանգ առնի սիրտդ զարկերում,
Թող որ, սիրելիս, ես ապտակ դառնամ,
Ու թող շառաչեմ դեմքին հարության:
Ու երբ բառերդ դու զորացրես,
Համրի հեզությամբ անգամ կարկամես,
Թող ես անրջեմ երազիս թևով,
Ձայնեմ քեզ, անգին, այնպես հոգեթով:
Եւ թող շրջանս, որ բոլորածիր
Քո շուրջն է անվերջ պտույտն իր լրում,
Հաստատուն պահի շառավիղը իր,
Մոլորակի պես անհայտ մի ծիրում:

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (07.05.2013)
Դիտումներ: 387 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz