Երկուշաբթի, 16.07.2018
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Անի Ալավերդյանին
Անի Ալավերդյանին

Շուշին այսօր հմայեց աչքերիս հեռուն,
Անապաստան ու տենդոտ մտքերս զեղուն,
Իմ տարաբախտ օրերի դիմադարձերում
Հուշերիս մեջ ցավն անանց, այսպես եմ ապրում:
Հայրդ փառքի իր ճամփան անցավ անվարան,
Մի Արցախ էր, մի Աբո- հայրենյաց պաշտպան,
Օրերի պաղ թվարկում օր կար բացառիկ,
Քո ծնունդը բոլորիս բարի ավետիս…
Հրճվեցինք ու հարբեցինք ցնծության տոնին
Ու հասկացանք, որ ծնվեց հայոց նոր Անին:
Գիտեմ, Անի, որ հիմա սիրտդ երկյուղած,
Սպասում ես, որ մի օր հայրդ դառնա տուն,
Այս ամենի մեզ բերեց թե հուզմունք ,թե լաց,
Սակայն օրդ է ծննդյան, Անի, սիրելիս…


Արծվամերձ մի տարածքից ես նայում եմ ցած,
Ուր Տաթևի աննման անապատն է մեծ,
Սավառնում ենք, թե ճախրում, դե մի քիչ էլ կաց,
Այս երկնքում թափանցիկ, իմ նոր լուսաբաց:
Ի՞նչ էր անունդ աղջիկ, այդ էլ չիմացանք,
Կամ ակամա ինձ թվաց Տաթև էր հանկարծ,
Իմ հարցերի տարափից դու չես կարկամում,
Եվ պատրանք է կամ երազ, ինչ տարբերություն:
Այս ամենը մի անգամ, ապրել եմ էլի,
Քեզ գրկել եմ մտքերում, շոշափել, Տաթև,
Ու երկնքում ակամա սիրել եմ կրկին,
Առաջնեկն է մեր ծնվել անգեղից պարթև…


Միթե սա է աշխարհն այն, որին եմ սովոր,
Մի պահ հայացքով հեռվից ի՞նչ եմ ընկալել,
Մի ջրվեժ է հույզերի, քարափն անսովոր,
Ու Շաքեի պատկերով ու՞մ եմ ես սիրել:
Թե անձրևն է այս նորից անբիծ որոգայթ,
Քո հայացքն է գրավիչ, մազերդ արծաթ,
Արահետն է ինձ տանում տարերքը դեպի
Ես գալիս եմ, որ Շաքեն ցավն այս ամոքի:
Խխունջներն են անձրևի երկյուղից ծնված,
Երկուսով ենք մենք կրկին մեր մեջ անթեղված,
Թե պատրանքում իրական քարափն այս գրկեմ
Քեզ, սիրելիս, մի վերջին հայացք պարգևեմ…


Հիլդային

Քո անունն այսօր մի հազար կետում
Տանս մեջ հնչեց որպես հաստատում,
Արձագանքդ անգամ ակնախեցու մեջ
Բեկվեց ու մնաց այնպես լուսերես:
Քեզ քույր կոչեցին, կարոտն անմեկին
Ասես երբևէ սահման չէր գծել,
Աղջիկս շռայլ Ձեր բառ ու բանից
Անվերջ հիշում է ու հրճվում նորից:
Կնոջն ու մորը խառնելու պահը
Անեկդոտի պես սեպվեց ու մնաց,
Ինչ վարակիչ էր անվերջ ծիծաղը,
Հավատի քուրմը Ամարաս գնաց:
Աշխարհի վրա վաղուց ամեն բան
Նույն չափը ուներ հարաբերական,
Բայց դու ակամա եկար հերքելու.
Հուշերը երբեք ու չեն մարելու…
Մեկտեղ խմել ենք սարսուռի գինին,
Մտերմիկ խոսել , շրջել քաղաքում,
Անընտել, սակայն բաժանման հույզին,
Աշխարհը այնքան թերի է թվում:


Սուրբ հողում այս մկրտության քանի՜ ծես,
Բայց հավատի քանի՞ խորան ավերվեց, 
Մեղավորի խարանն արած երկու կես,
Աջ-ահյակում թավալվում ենք ինքնակեզ: 
Բիրտ մարդկության վայրենացած մոլուցքին
Ի տրիտուր ի՞նչ տարփողենք ,Տեր Աստված,
Խաչվածն անգամ զարմանք ապրեց անմեկին,
Քո որդին էր՝ վերքն իր մնաց անմշակ…
Մարդը մարդուն բարեկա՞մ է, թե՞ գազան,
Ես գինովցած, ի՞նչ իմանամ, իմ Բարձյալ,
Չեմ տարբերում պանդոկ լինի, թե մառան,
Ցավի թասով ո՞նց չհարբեմ ես դարձյալ:
Ասում են, թե հողն է միայն հայրենի
Մոր գգվանքով ակունք դարձել ջրերին,
Այս խուժանը կրքերի մեջ վայրենի
Մեկ գազան է, մեկ էլ իսպառ բորենի…


Թե որ ցավը հանգանակեմ բյուր անգամ,
Դարձյալ քիչ է, որ քո սիրուց տառապեմ,
Գայլի նման կաղկանձեմ ու ինքնակամ
Ոռնամ մենակ և շարունակ հառաչեմ:
Իմ ցանկասեր տեսիլներում դյութական
Դու մի կին ես աստվածուհու հանդերձով,
Գիշերն ի՞նչ է, թե որ չկա լուսնկան
Ժամանակի անհիշաչար մանվածքով:
Կուզես գրկեմ քո իրանը սլացիկ,
Թեկուզ մեռնեմ աչքերիդ մեջ անորոշ,
Ու սքողեմ մերկ մարմինդ, կուրծքդ ձիգ,
Խավարն արած անհայտության ապարոշ:
Ցավդ տանեմ, թախծոտ դեմքդ ուրանամ
Համբյուրներիս տարափի մեջ հեշտանքի,
Թեկուզ հետո քեզ ակամա տիրանամ
Նաև ճոճվեմ կախաղանին զավեշտի:
Թյուրիմացաբար այս աշխարհ եկա,
Ապրեցի երկար, չեմ էլ նկատել,
Գնում եմ մեռնեմ որերորդ անգամ,
Արդեն ակամա հաշիվն եմ խառնել:



Լույս, երանի քո բեկյալին
Սքանչելի և անմեկին,
կույսն անվրեպ տեսանելի
Սուրբ, հողողեն, նուրբ է էլի:
Ես սիրում եմ շառաչը այն
Իմ ունկերի խեցուն թառած,
Երբ գալիս է նա անվարան
Գիրկս հանգած, գիրկս սառած:
Թափանցիկ է, սիրատոչոր
Ու մեկնել է հեռվից ահա,
Գալիս է նա գիշեր ու զոր
Այնքան շռայլ և ակամա:
Ծիածանի կամարը կոր,
Կույս ցանկալի, բայց կամակոր,
Խաղում է իմ վարսերի հետ,
Լույսն այն զվարթ, խայտաբղետ:
Ես ուզում եմ անէանալ
Սիրախաղում այս վերանալ,
Աչքս թարթեմ, կույսը կրկին
Ինձ կսիրի մերկ ու էլի…


Լույս տարաբայ կամ սևեռուն.
Հոմանուհի իմ հուշերում:
Ես ուզում եմ անէանալ
Եվ պատկերը քո մոռանալ:
Խոսքեր պատիր ու ստահոդ,
Ծիրանափող, որ լալագին
Մատնում է իմ ցավն անամոք,
Հոմանուհի, թանկագին կին:


Շնորհ արա, որ հնանամ
Փայլն իր կորցրած ոսկու նման,
Քո տվածով ո՞նց հագենամ,
Անգին կոչեմ սրան, նրան:
Ո՞վ է տեսել սիրախաղում
Արցունքներն էլ հեղվեն անձայն,
Ինձ մորթեցիր այն փարախում,
Ինձնից մնաց մի մահարձան:
Դու էլ գիտես, որ տոչոր եմ
Անապատի տուղտի նման,
Թեև հաստատ մեղրածոր եմ,
Թե սնուցես ինձ, աննման:
Շնորհ արա, որ մոռանամ
Աստվածուհու պատկերը քո,
Բավ է անվերջ, որ նորանան
Սղագրված հանգերը կոր:
Կարիքների կամ սարքերի
Համախումբն է այն հնաոճ,
Համազարկն է նույն արկերի,
Ու այդ խաղում ես եմ անկոչ:
Մինչև գնաս ու մինչև գաս
Մահն իմ տոնեմ մի օրեկան,
Ինձ կթաղի մի մեկենաս
Քո հուշերում ուր էլ չկամ…


Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (08.07.2013)
Դիտումներ: 145 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz