ՈՒրբաթ, 25.05.2018
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Գիտես ձայնդ չի հմայում
Գիտես ձայնդ չի հմայում
Երգեցիկ ու դյութական,
Ես խազերն եմ այն հնարում
Ոսկեգիր ու հուզական:
Զարմանում է վերացական
Իմ մասնակի դեպքը միայն,
Այս ինչքան ենք ամբողջական,
Շուրջն ամենուր սին ու ունայն:
Առանց քեզ իմ շառավիղը
Զրոի է անվերջ ձգտում,
Սիրո չքնաղ քո տավիղը
Մեղմ հնչում է դեռ իմ գրկում:
Գեղեցիկ ես թե աննման,
Ինձ սիրեցիր վաղվաղակի,
Թափանցիկ ես լույսի նման,
Ինչպես անբիծ մի ապակի:
Իմ մտքերն են քո եթերում
Պարի շրջան բռնել հանկարծ,
Բեկյալ գիծն է քո կետերում
Տեղադրել հոգիս… հանգած:
Ես մեռնում եմ վերջին անգամ
Թե սիրում եմ քեզ անվարան,
Դուռս հիմա պիտի թակես
Կամ մոռանաս ինձ ինքնակամ…


Նույն երկինքն է ու դու կրկին և հմայիչ
Աչքերիդ մեջ կախարդական, ջրերից ջինջ,
Նույն լուսինն է ու փայլածուն գայթակղիչ,
Ինքնազմայլ և անմեկին տպավորիչ:
Թե սահում են այլահայաց ու թռուցիկ,
Աննշմար է հետքը նրանց, բայց կառուցիկ,
Ասես կուրծքդ ես տարուբերում և ներդաշնակ
Իմ ձեռքերն են դեռ խմորում չափ ու քանակ:
Դու էլ գիտես, որ աշխարհում ուրիշ ղողանջ
Եվ մեղեդի հազարաձայն, հազարականչ
Անզուգական հնչերանգը չունեն երբեք
Այն այո-ի, որ մեղմաշուրթ ասվեց անբեկ:
Իմ աչքերում, իմ հայացքում, նրանց ծիրում
Քո պատկերն է տեսանելի, բայց հեռավոր,
Աննմանին երկյուղած են նաև սիրում
Աստղ ու լուսին և փայլածու, բայց մենավոր:


Ինչ աշխարհ է, որ մեղեդին լալագին
Եվ աչքերը թաց լարերով հմայեն,
Տաղեր ձոնվեն այն սլացիկ եղեգին,
Սերն ու ցավը լոկ բառերը հնարեն:
Ինչ աշխարհ է, վերահասու բերկրանքին
Իրար գգվեն, որ բաժանվեն այր ու կին,
Մեկն իր սերը խանձարուրում դեռ մորթի,
Որ կանգ առնեն ժամանակները խրթին:
Ես իմ մահից չեմ վախենում, Տեր Աստված,
Ու նրա մեջ մեռնելուց եմ երկյուղում,
Երբ կհնչեն խոսքեր պատիր ու չասված,
Ուրվականն իմ կմոլորվի փակուղում:


Ես աչքերս կհանեմ, որ անտես մնաս,
Բույրդ կանգուն,իմ սիրուն, ուր էլ որ գնաս,
Խարխափում եմ խավարում,կույր համանվագ,
Խռով հոգիս այսուհետ կաղոթի անթագ:
Տերն արտոնեց, որ սիրեմ մենակյացի պես,
Հաղորդության այս ծեսում երիցս անտես
Ես եմ, դու ես, ես չկամ, աննկատ այսպես՝
Բաժանման մեջ այսքան ցավ ու մի սիրտ հրկեզ…


Մեռել է երեկոն անհունում,
Հոգուս մեջ կիսավեր ու տխուր,
Իզուր ես ինձ անվերջ վերծանում
Վարդագույն գույներում գլամուր:
Քամու մեջ մնաց մի ելևէջ
Եվ մի հանգ կարոտած ու անշեջ,
Պոկվել եմ լռության ծերպերից
Բեկվում եմ գահավեժ ու նորից:
Աղմուկը արյան պես է ցայտում,
Ես ցավից ոռնում եմ այս գիշեր,
Դյութական , աստղազարդ երկնքում
Կմեռնեմ, կկորչեմ այս գիշեր:
Թե չգաս, չփարվես ինձ կրկին
Աշխարհն իմ արցունքից չզատես,
Ինձ թաղիր եզերքում քո անդին,
Հեռացիր ու գնա, որ չատես…


Հավքի թևով կգա անիրական գարուն,
Շիվը բողբոջ կտա, ջուրը կընկնի առուն,
Իր երամին հանկարծ մի մոլորված թռչուն
Կգտնի ու նորից կհեռանա սահուն:
Սարին սովոր սարսուռ, սրընթաց է քամին,
Հիշողության խեցի, լուսանկար մի հին,
Չի խունացել սակայն քո պատկերը լուսե
Ավերակ իմ հոգում ու անտարբեր ժամին:
Անուրջներով եկար լուսաշող ու անգին,
Կտավ չկա, սակայն քեզ եմ վրձնահարում,
Աննման ես կրկին սիրո աստվածուհի
Մետաքսաթել ու խաս, ծածան հանդերձներում:
Անցողիկ է սակայն, ասես երազ անհաս,
Աչքս թարթեմ մի պահ, գուցե թողնես, գնաս,
Անմահական համը քո շուրթերի անանց
Լուսնին թվագրեմ, որ շուրթերիս մնաց:


Ինչ աշխարհ է կույսի գրկում հուզառատ,
Ամեն թրթիռ մի արցունք է անարատ,
Ես զգում եմ նրա հևքը տևական,
Չեմ հագենում ու մեռնում եմ ինքնակամ:
Անկրկնելին ինձ գերել էր այս գիշեր,
Հեշտանքածին ու մնայուն թանկ հուշեր,
Աչքերիս մեջ մարմիններ եմ անթեղել,
Սակայն նրա սիրտը իմ մեջ եմ պեղել:
Ես իմ բախտին չեմ հավատում, Տեր Աստված,
Անուրջածին կինն իջել է եթերից,
Ես եմ խելառ, նա սիրառատ ու հուզված
Մի աշխարհ է անզուգական, անթերի…


Անիրական մի աղջիկ կա աշխարհում
Թագուհու պես, ախր, շատ է տիրական,
Համբույրն առա շուրթերից այն կուսական,
Սիրտս հիմա էլ անիմաստ չի զարկում:
Կախարդական հյուլեներից հավաքված,
Ասես ցողում թաքնված մի արեգակ,
Հուշիկ լույս է երեկոյում մոլորված,
Մի աշխարհ է, մի երազ է ու պատրանք:
Շորորվում է լուսավոր ու թափանցիկ
Եթերի մեջ մեղեդի է դյութական,
Մեկ ժպտում է մեկ էլ հանկարծ հպանցիկ
Զեփյուռի պես գգվում լանջիս առնական:
Այսօր նա ինձ անվերադարձ հմայեց,
Մազերն արձակ ծովի փրփուր է ասես,
Ամենակալ Տերն աշխարհը հնարեց,
Մեկին սիրեց, մեկի սերն էլ բացառեց:
Այս շարքի մեջ աներևույթ, անմեկին
Այսքան տարի սպասել եմ իմ հերթին,
Ու վերստին կարոտում եմ այն մեկին,
Որին պիտի երկրպագեմ՝ իր հերթին:


Հաջորդական շարքերի մեջ բացառիկ
Իմ երազը անվերջ փոքր ես համարում,
Անհայտ մի տեղ ամրոցներ կան անառիկ,
Ուր հաճույքի ուրվականն է համառում:
Բազմանդամը հրապուրիչ դեմք ունի,
Աչքերի մեջ ծվեններ կան անհունի,
Ասես մութը նահանջել է կամավոր
Ծովից ծնված երանգներում կարևոր:
Նույն առանցքի աջ ու ահյակ կորերի
Եվ նրանցով խիստ կառուցիկ կոների
Հատույթներն եմ քարտեզներում զետեղում,
Որ չկորչեմ աստղացիր այդ կետերում:
Մանուկ էի թոթովախոս ու խելառ,
Մրջյունների արքա էի ինձ կարծում,
Արքունիքում կույսերի մեջ անհամար
Երկչոտ էի, սխալվեցի մի հարցում:
Հիմա գահս փոխանցել եմ նախորդիս,
Մանրերի մեջ աննշմար եմ, մի նշույլ,
Կազմաքանդվել՝ անհրապույր քանորդիս
Դու վերստին չես նկատում… ես ե՞մ կույր..


Պատրանքներում անմեկին լույս կա կարեկից,
Որ գգվել է անհունին ու մեկնել վաղուց,
Կինն այսօր էր հոլանի լույսից թափանցիկ,
Մթնշաղ էր այն խազել թե ծով, թե նեղուց:
Չքնաղ սոսափն էր ընկել գիրկը անտառի,
Ծառերն ինչո՞ւ են այսպես կանգնած մահանում,
Փայտը հետո է դառնում նյութը տակառի,
Հասունացել է գինին հոգնած մառանում:
Կրակի մեջ են թրծում կավը յոթնահունց
Եվ թասերն են կրկնում մարմինը կնոջ,
Ես խմում եմ, որ հարբեմ և անէանամ,
Գուցե՞ մի օր քո տեսքից այսպես հագենամ:
Միթե գիտես աշխարհում ուրիշը չկա,
Մերկ բնորդը վերստին էլ չի հմայում,
Լույսերից եմ արարում մարմինդ ահա
Եվ խավարն եմ շարունակ ես արհամարհում:


Աննման ես դու այսօր և զարմանալի,
Քո գիրկն արել եմ բագին ու քիչ է էլի,
Քեզ շոյում եմ երկյուղած, շոյում եմ կրկին,
Չնաշխարհիկ իմ երազ, սիրելի իմ կին:
Երկրպագու աստղերի այս համասփյուռում
Ես ասուպ եմ մոլորված անթափանց մութում,
Թեև չունեմ հետագիծ խիստ տեսնելի,
Իմ շրջանը քո ծիրում լրում եմ էլի:
Եթե ուզես, այս ավեր և թափառական
Մարմինն անեմ քեզ նվեր և կամ աներեր
Ոլոտնետերում անէի հրկիզվեմ, սակայն
Վերջին պահին քեզ գգվեմ, ասես չեմ եղել:
Մի հեքիաթ ես, մի աշխարհ, քնքուշ սիրահար,
Եվ ժպտում ես հերարձակ ու մերկ ես էլի,
Արտոնում ես, որ սիրեմ մարմինդ անդադար,
Հոգիդ թողած խավարում և անմեկնելի:


Սոսեին

Քո անունն էլ անկեղծության բույր ունի
Եվ մտքերդ էլ տիրական են ու զորեղ,
Աչքերիդ մեջ եզերքներ կան անհունի,
Որտեղ լույսն էլ քո ժպիտն է փառահեղ:
Այս աշխարհը նվիրական մի երազ,
Ակնթարթ եմ ես էլ նրա ծիրի մեջ,
Եթե մի օր պիտի մեկնեմ հանապազ,
Դու կժպտաս քո երազում ինձ անվերջ:
Ու թե մի օր թախիծն ասի քեզ ,-բարև,
Ու դու տխուր աշխարհն անես շուռումուռ,
Թող ճառագի քո եզերքում նոր արև,
Եվ մոռանաս ցավն անմեկին ու մրմուռ...


Ի՜նչ աշխարհ է, ինձ էլ այնտեղ չես հիշում,
Հառաչանքի վարդն ընկել է արյունոտ,
Ավաղ, հոգիս, քեզ վերստին չեմ հուզում,
Էլ ուր մնաց օտար մեկին այն պագշոտ:
Մի շավիղ է ինձ բաժանում քեզանից,
Մի արահետ, երբ շարժվում ենք հանընթաց, 
Դու փախչում ես, ասես վայրի գազանից,
Իմ աչքերից, որոնք կույր են, սակայն թաց:
Խոհերիս մեջ ես էլ դարձա մատնացույց,
Սերս ակամա բացառիկ մի ասելիք,
Շվարել եմ անմեկին ու անթաքույց,
Թեև գիտեմ եղել եմ ես խաղալիք:
Մի ծիսական տիկնիկ, ասես քո ձեռքին,
Թե շրջել ես, հմայել եմ անհայտին,
Ինձ խոցել ես հեռուներից քո անդին,
Հիմա եկել, մոռացել ես ինձ կրկին:


Մի ուրիշ լուսին

Երբեմն թաքուն և կամ ընդգծված, բացահայտ այնպես
Ես այլ կանանց եմ և երկրպագում, տրվում հաճույքին,
Երբ մելամաղձոտ հոգիս եմ սուզում խորքերը անտես,
Որ կարեկցանքի հանգեր դրոշմեմ նրանց աչք-ունքին:
Շարժում եմ գութը, որ իմ հուզմունքին մասնակից լինեն,
Ավերակներիս սյուն ու պատերի շաղախը սիրեն,
Գաղափարագիր ամեն դարձվածքս սերտեն յուրովի,
Այլ կերպ ընկալեն հրապույրները ամեն սիրողի:
Քո լռությունը երկչոտ բևեռն է աղմուկի անանց,
Տես, իմ առանցքով պտույտներ դեռ կան և համակենտրոն,
Քանի լռում ես, մի ուրիշ լուսին կրքերում անսանձ
Իր ձգողական դաշտում է պահում հյուլե թե ատոմ:
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (08.07.2013)
Դիտումներ: 143 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz