Կիրակի, 24.06.2018
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Ջոկոնդա
Ջոկոնդա

Դու եկել ես ցողաթաթախ առավոտից էլ թափանցիկ,
Վաղորդյան ու զարմանալի, հերարձակ ու մերկ ես էլի…

Եթերն անբասիր, անապական է աղջիկն անթերի, անգամ գեղեցիկ,
Արևը լույս է, խնկամարմին է աղջիկը միայն ու մերկ է էլի…

Բոլորն են ուրախ, տոնահանդես է և կատարներն են Տավրոսի ճերմակ,
Շողերն անհայտի վաղուց են բեկվել, ասես թրթիռ մի կույսի հերարձակ…

Պաշտում եմ նրա հանդարտությունը ցասումից առաջ, ցասումը թեև
Իր ափերի մոտ առնում է դադար և երկարաշունչ, առնում է թևեր…

Եփրատն ակունքում, Տիգրիսը հեռու, մարդիկ ժրաջան ու աշխատասեր,
Երկիրը ցնցվեց, Վաչիս, դու, Վաչիս, Կիլիկիան տեսար, երկիր մի անտեր…

Մշո աշխարհում, կողմերում Հայոց, զույգ Մասիսների հայացքն է հպարտ,
Թուրքերն են մալել և առանց պատիժ պատմությունն անտիկ, կին ու տղամարդ…

Դու ես ամոթխած, ներիր ինձ, ձայնեղ, բնանկարում ժպիտդ է սառել,
Թեկուզ գլխիվայր, հայելիների կիսախավարում դադար ես առել…


Ոտքս երերուն, հոգիս անհունում, սիրտս է խոցված,
Ու՞ր են ինձ տանում հենակներս այս ծովերով անսանձ:
Մի՞թե կարոտի կերկերուն այտը շոյում եմ անդարձ,
Մի կաթ արցունք է թափորն այս տանում և անվերադարձ:
Նվաստս ընկավ կրքերում անչար և անհիշատակ,
Մեկը սիրեց ինձ, մեկն էլ պարզապես շուրթս անապակ…
Մի օր հրճվանքի և երանության կայմերը կարմիր,
Առագաստները մետաքսածածան և երեկոյի,
Զարմանքն անմեկին և հիշողության պատկերներ պատիր,
Ինձ կարհամարհեն ու կանէանա շրջանն անգոյի…
Մի գավաթ գինի, կիսախավար է պանդոկում հոգնած, մի հոմանուհի,
Վայելքն ի՞նչ է, Տեր, զննիր ինձ ներսից, մեղքերս են անթաղ դեռ խանձարուրից…


Կույր են աչքերդ, մտքերդ խառնակ,
Համր են շուրթերդ, հոգիդ խռոված,
Քայլդ վարանոտ, կյանքդ դժնդակ,
Ի՜նչ տարբերություն, կու՞շտ ես, թե՞ սոված:
Ընկածն ընկածի ցավին անհաղորդ,
Ցեխը պարգև է և անձրևը՝ լաց,
Օրերդ են միայն, որ անմնացորդ
Գաղտնազերծում են հույզերդ անանց:
Մի աղջիկ իջավ երկնակամարից,
Սարսուռի համակ մեկնաբան թախիծ,
Այս դողն ինչու՞ է ինձ հետ միաբան,
Ինձ հետ համաքայլ և աշխարհական:
Կույր են աչքերդ և չես նկատում,
Համր են շութերդ ու չես բարբառում,
Քայլդ է վարանոտ՝ երկյուղն անմեկին
Քեզ անմաս արեց երկնային կույսին:


ԹԱԽԻԾ

Սպասման թախիծն է մի
Պանդոկում պարպված գինին,
Անմատույց, անժամանակ,
Խավարում ճախրող փերին:
Լուսինը պար է բռնել
Ամպերի արծաթ ֆոնին,
Մեկ եղել կամ չի եղել
Աստղերից մաղվող ոսկին:
Եկ սիրենք լույսն անմեկին 
Սիրելի մատնեմատիկ,
Արցունք է, թե այլարցունք,
Կաթիլ է, կընկնի գետնին:
Ծիրան է, ամռան հուրի,
Փերի է նրբաիրան,
Հունիսին մի վարդ կգա,
Որ մեռնեմ նրա գրկին :
Հուլիսը կանցնի շիտակ,
Նախկինից հետք չի մնա,
Նրբադեմ հուշեր հստակ,
Միրաժ եք գալիք օրվա:
Նավասարդ, իմ ամանոր,
Հույզերիս ասա մնան,
Ծովերում տեսա նրան,
Դարձել եմ մտամոլոր:
Ծամերով նրան տեսա
Մերկանդամ այն անուշին,
Հանդեսին ամանորյա
Տեսա իմ ձյունանուշին:
Կհալվի, ջուր կդառնա,
Սառցե այս հրաշք փերին,
Եկել է, որ հեռանա,
Բայց ինչու՞ ամռան վերջին...

Ի՞նչ է խանդը, ծեր

Ծերունին խոհեմ հայացքը հառեց երկնի անհունին,
Հավերժը պահի կրկնություն ասես եկել, չոքել է հայացքիս ծիրում,
Հարցն անակնկալ աշխարհի պատիր բարքերն անմեկին
Մի հարթության մեջ մեկտեղեց կրկին ( ով ինձ չի հիշում, նա ինձ չի սիրում):
-Ի՞նչ է խանդը, ծեր, սիրախաղերի անհագ մոլուցքի տառադարձություն,
Թե՞ լուսանցքներում մնացած կարոտ, սիրուհին ու՞մ է տակավին խանդում,
Ամեն մեկի մեջ գտնում մրցակից, և համեմատում… ու համեմատվում,
Անգամ անկողնու անէության մեջ (և կախարդանքի) հրաշքներ գործում…
Սիրուհիններն երբեք անիմաստ, բայց ու՞մ են խանդում, երբ ընծայում են
Սիրո կեսգիշեր, թանկագին հուշեր, հալածված ժպիտ, որ միայն սիրված
Եվ չարհամարված փերիներն ունեն, փերիներն ու՞ր են, Տեր Աստված, զուր են
Սիրո մեջ սիրո երկյուղը սիրում, կամ խանդ կոչվածը որպես հավելված…
-Ծերը լուռ ժպտաց, -հանցակազմ չկա, միայն մերկացում մեղք մի տարածքում,
Սակայն Բարձյալը վաղուց հաշտվել է մոլորությանն այդ, երբ որ խենթացել,
Կին ու տղամարդ սիրել են իրար, ասես չեն սիրել, պաշտել են, սակայն
Խաբեությունն այն, որ սեր են կոչել, մինչև իսկ անգամ խանդից էլ գժվել…


Ամեն մի խոհս մի մենամարտիկ,
Վահան ու սուր եմ պարզել անհայտին,
Մահն իմ ապրել եմ հազարապատիկ,
Ու անվերջ տրվել սիրո հրճվանքին:
Շփոթ աշխարհի կրկեսում անտես,
Ծափ ու ծանակի բյուր հանդիսատես,
Տաղերիս ի դեմ հանել են փաղանգ,
Թոշնած մնացին թուղթ ու մագաղաթ:
Ընկեր, բարեկամ անձս ուրացան
Հարճի հեզությամբ, դավի սերմնացան,
Ծիածանն ընկավ երկնակամարից,
Ես էլ գրավիչ կույսի հուշերից:
Էլ անկարող եմ, Տեր սքանչելի,
Հորձանքն անգոսնած փետուր եմ էլի,
Մի տեղ սահում եմ, մի տեղ մատչելի 
Գիրս թողնում եմ տեսքով համառի:
Է, չորքոտանի չարքաշ բեռնակիր,
Հակեր ես տանում արհամարհանքի,
Օրերի շղթան , որ կյանք են կոչում,
Գուցե՞ ես այն եմ դեռ ոսկեզօծում:
Եվ ամեն խոհս մի մենամարտիկ,
Ճոճում եմ անվերջ փետուր ու սուսեր,
Պատրանքս է միայն, որ հատիկ-հատիկ
Սևագրում է թե երազ, թե սեր…


Աշխարհը ընկավ հայտնության ծիրից,
Երանությունից ոչինչ չմնաց,
Անսովորն անգամ հոգնած ամենքից
Մատնանշում է կեղծիքը անանց:
Իմ մեջ բացակա, քո մեջ ներկա եմ,
Եթե սիրում ես ինձ անմնացորդ,
Ո՞վ եմ ես եղել, երբ որ հեգել եմ,
Երազի թևին մնաց մի ակորդ…
Երկրաչափ չեղա, որ քեզ կառուցեմ
Կորերի չքնաղ մի բազմությունից,
Այնպես ուզում եմ զարմանք հարուցեմ,
Գուցե տարբերվեմ, բայց… անմրցակից:
Գրչակից եղբայր, աչքդ է սրատես,
Ապրումիդ մասին գրի աներեր,
Կլռես անդարձ մի օր պարզապես, 
Սակայն կմնաս սրտերում ավեր…


Այսպես, հավատա, էլ անկարող եմ հուզմունքս խեղդել,
Հուսաբեկ նաև իմ անշուք տեսքից երկինքն է մթնել,
Անթափանց մի ձայն բեկվում է անվերջ ուղեղիս ծիրում,
Անհրաժեշտաբար ես ինձ ատում եմ և չեմ զարմանում:
Ինչպես անարյուն մի ողորմելի՝ արյունն եմ ատում,
Դահիճ՝ իր գործած ոճիրի ահից՝ իմ մահն եմ ատում,
Եվ ոչ թե այլոց, որոնց մորթում եմ այնպես անվարան,
Առանց խղճի խայթ, աչքս էլ չեմ թարթում, սպանում՝ անձայն:
Եվ երբ ցածրաձայն մեղքերս եմ քավում աղոթքը շուրթիս,
Անհուսությունից սիրահետում եմ կառափնարանին…

Սակայն այդ դերը առանց կատարյալ բեմական խոսքի
Ես բոլորից լա՞վ ու ո՞նց եմ խաղում, ո՞նց եմ հանդգնում:


Տեր Աստված, այսօր ինձ էլ կարեկցիր
Եվ տար գեհենի հոգեբուժարան,
Թե մեղավոր եմ և անդառնալի,
Փարատիր վախն իմ անորոշության:
Ոչնչանում եմ անհայտին ի դեմ,
Հայցվորի նման , սակայն հակընդդեմ,
Ինչ երազում եմ, միշտ անկատար է,
Ցավն անագորույն հարակատար է:
Եթե սովոր եմ, այս տանջարանում
Անտեր շան նման աջդ եմ հոտոտում,
Ի՞նչ կա անձնական, որ քավարանում
Ինձ սրբագործես մեղավորների միևնույն հոտում:
Եթե կախյալ եմ և փոփոխական,
Անկախ դիտորդի տեղակայումից,
Ի՞նչ տեսություն է հարաբերական,
Որ բեկում է ինձ կորստյան կետից:
Անպատվաբե՞ր է իմ գոյությունը
Շփոթ օրերիս դարչնագույն երթում,
Թե՞ պարզ ապրելու իմ ցանկությունը
Պարզապես դարձավ անհասցե երդում:
Մայրս ցավով է ինձ աշխարհ բերել,
Ու ես խորապես այդ մեղքն եմ ապրում,
Թե հարկավոր է լոկ ապաշխարել,
Այդ մեղքն է, սակայն որ ինձ չեմ ներում:


Ինձ հավաքեք ծվեն-ծվեն երազներից մասունք-մասունք,
Ամպրոպներից որոտաձայն՝ ինձ՝ անաղմուկ, հուշիկ, անձայն,
Ջրվեժներից այն շառաչուն, ցողին թառած՝ կաթ-կաթ արցունք,
Տեսիլներից տարաշխարհի՝ կարոտակեզ, բայց ողբաձայն…
Ինձ հավաքեք անմնացորդ՝ մանկան քունը հսկող ժպիտ,
Որ խաղում է իր երազի հրեշտակի գիսակներով արծաթագույն,
Մտքերը իմ , որ թևում են այս աշխարհում և ինձ նման շատ են անմիտ
Եվ միամիտ, սակայն փորձեք չաղավաղել այն, որ ես եմ, ինձ եմ հանգույն:


Կորստյան մոխիր, կորստյան գիշեր,
Մահվան տեսիլում սրածայր սուսեր,
Մեկը դրեց քեզ հուրհեր շեղջերին,
Սևազգեստ մեկն էլ՝ անցած հուշերին:
Հեռվում մնացին հորձանք ու սահանք,
Լույսը ՝թագակիր, վրձին ու թանաք,
Կարմիր ու դեղին վարդերը կրկին,
Քեզ նվեր տվեց սերը անմարմին:
Արծաթը ե՞րբ էր այսքան զրնգուն,
Գորդյան հանգույցը կտրվեց ձեռաց,
Մահը մելանից ինչքա՞ն էր անգույն,
Սոսափը մնաց, արձագանքն՝ անանց:
Սա իմ մահը չէր, որ վաղվաղակի
Եվ արագընթաց ձիերը սանձած,
Խունացած մի տեղ, մի տեղ շեշտակի
Եկավ ու գնաց, հերն էլ անիծած…


Այս գիշեր եկել ես աննկատ,
Համրաքայլ, քնքշադեմ ու հանդարտ,
Մերկացել, պարզել ես առագաստ
Եվ պեղել մի ուրիշ ակնթարթ:
Այս գիշեր խավարն ինձ կարեկցեց,
Հմայիչ ու շռայլ ես կրկին,
Ժամանակն, ասես շարակցեց
Նախորդը հաջորդին ու էլի:
Բուրմունքդ տարածվեց այս գիշեր
Վայրենի կրքերում արբունքի,
Ուռկանն են ընկել թանկ հուշեր,
Այս գիշեր, խավարում ու էլի:
Աշխարհը անէ է այս գիշեր,
Փետուր է, որ մարմինդ է շոյում,
Սահում են սիրահար ու ստվեր
Պատկերներ գիշերի այս ծիրում:
Ու էլի, շարունակ ու կրկին
Հրճվանքում երկուսի մեկուսի,
Մեկտեղել շարժագիր ու կարկին
Չափում ենք տատանում ու գրգիռ:

Լուսինը
Սուր ծակոցներ են նույն պարբերությամբ,
Ուրվագծերը չեմ զանազանում,
Եվ կույրի նման գրում եմ անյամբ,
Սակայն ցավը այս էլ չի հեռանում:
Մագնիսական է փոթորիկն ավաղ,
Եկել փարվել է ձախ կիսագնդին,
Կույսի հեզությամբ ընտրել է թիրախ,
Ահյակաբան է ու մի քիչ անդին…
Համախտանիշն այս անքնությունն է,
Թոքախտավորը փողոցի շունն է,
Երկուսով անկախ լուսնոտի նման
Ոռնում ենք ցավից և տենչում նրան…

Ու թե չգաս կրկին, այս քաղաքի մարող դիմագծին
Իմ հետքերը պիտի անվերջության նշան կետադրեն
Հարբած մեկի հանդգնությամբ, անմայր, անհայր լիալուսին
Պահմտոցի արի խաղանք հիշողության և լույսերի ֆոնին: 
Ցայգալույսի մուսան այսաշխարհիկ մերկ է ու անդավաճան,
Ես զգում եմ ասես բնազդներով վայրի ոնց է արծաթ շաղում,
Իր տվածի դիմաց ակնկալիք չկա, հրավերքը մնաց անպատասխան,
Մի կորընթաց լուսին անհետագիծ մարեց մեր մարմնական վայելքներում:

Մի երազ է, մի աշխարհ, թախծոտ մի հայացք,
Ինձ գերել է այն նրբին կույսը երկյուղած,
Շորորվում է մեղեդու հնչերանգը սին,
Ես հիշում եմ քո արծաթ վարսերը կրկին:
Անծանոթ այս փողոցում շվարել ենք, տես,
Օտար մարդկանց բազմախայտ մարմիններն ու ես,
Նախահարձակ կրքերի հեղեղում անծես,
Դու մեկնել ես, դու չկաս, որոնում եմ քեզ:
Դու կորել ես հուշերի բավիղներում մութ,
Ինձ թողել ես անմեկին պատրանքներ, անգութ,
Այս աշխարհը եռաչափ և զարմանալի
Ընդարձակվում լույսի հետ, փախչում է էլի:
Երկու աստղ են մնացել, թեև առանց լույս,
Մի ասուպ է դեգերում, մոլորված մի կույս,
Պատահական մի ընթացք՝ հազարը մեկին,
Գուցե մենք էլ մեր այգում դառնանք այր ու կին…

Մի՞թե ես եմ անարժեք, իմ հին չարակամ,
Ազնիվ ոսկին է դարձել կեղծ տարադրամ,
Խնջույքների սեղանին գինու կումերում
Թասերն ինչո՞ւ են այսքան անհանգ զրնգում:
Թե հարբել ես բացառիկ կարգավիճակից,
Եվ մտքերից քո դժխեմ և կամ հարակից,
Ուրիշների ձեռքի մեջ հարգո խաղալիք,
Տարուբերվում ես ,ասես ափածեծ ալիք:
Քո ժպիտը կիսակոր ավազ է ու խիճ,
Ունեցածդ ես գրպանել՝ թե պատիվ, թե խիղճ,
Անբարո էր վարքը քո այսօր և երեկ,
Դու եղել ես խամաճիկ, չես փոխվել երբեք:
Պատկառանքդ՝ այն, որ կար, թաղել ես անդարձ,
Երես առած տղեկի անհույս վերադարձ,
Այլոց փառքը քո փառքին դու չես գումարի,
Դեռ սողում ես դավադիր, չգիտեմ… էլի:

Ես ելա այսօր տավիղը ձեռքիս,
Եվ ջրերից ջինջ երկինքն էր լազուր,
Մեղեդին խազեց հետքն անրջանքիս,
Ու հասունացան հաղարջ ու մասուր:
Մի մեղու թռավ ծաղիկից-ծաղիկ,
Քաղեց նեկտարը շուրթերից ընտիր,
Պարունակի մեջ անմահ ըմպելիք,
Սնամեջ չիբուխ և խոսքեր պատիր:
Չգիտեմ ինչո՞ւ, քեզ բացառում եմ
Օրերիս ընդհատ երթից բացահայտ,
Այսօր ակամա քեզ կարեկցում եմ,
Ես քեզ սիրեցի օրերում անհայտ:
Արդեն անձրև է գալիս հորդառատ,
Ես էլ չգիտեմ, ինչու՞ եմ լալիս,
Արցունքս ընկավ հողին անարատ,
Սակայն չես գալիս, սակայն չես գալիս…

Վարագուրել է ամպը լուսնկան,
Եվ ծիկրակում է աղոտը լույսին,
Հուշերն անմեկին փռել են ուռկան,
Համերգ է տալիս ջութակը կույսին:
Լարերն անհայտից գալիս են գնում,
Պարաբոլիկ է ընթացքը նրանց,
Անորոշ մի կետ իմ կյանքն է հատում,
Կմնամ այսպես աննշմար անանց:
Մի կետ անհունի նույն խորխորատում,
Ապրածս կյանքի դառը հատուցում,
Մեկն ինձ սիրում էր, ուրիշը ատում,
Աննման մեկին ես էի պաշտում:

Փողոցում այս ինձ անծանոթ,
Հեզաճկուն և այլաճեմ
Աննմանի տեսա թախծոտ՝
Ամոթխած էր ու դալկադեմ:
Հագին ուներ խաս ու ատլաս
Եվ թափանցիկ էր առավել,
Աչքս էր անթարթ ու նա՝ անհաս,
Ախ, հեռանում էր... անարգել:

ինքնամերժումի պահեր եմ ապրում այնպե՜ս բացահայտ,
Մի օր ծանակում, մի օր հարբում եմ կրքերում էլի,
Տողերիս մեջ եմ, երբեմն ազնիվ, երբեմն անհայտ,
Ես եմ, ահյակ իմ էսքիզն անորոշ ու մի հայելի...
Քեզ կարոտում եմ ինչպես սափորը գինու հրճվանքին,
Որ հասունացել, նշան է բռնել իմ կերպարանքին,
Ու ես ճոճվում եմ և անասելի, հույզերի ծովում,
Եթե սուզվում եմ, ջրերի փերին ափ է ինձ հանում:

Մի աշխարհ է, մի գունագեղ մոլորակ,
Մի լուսին կա հուշերիս մեջ մակնթաց,
Աստղերն ասես կայծոռիկներ ցիրուցան
Դեռ վետվետ են հեռուներում այլազան:
Ինչ երկինք է՝ պարմանուհի մի թովիչ,
Երբ ժպտում է վարդաբույր ու հմայիչ,
Անհունն այսօր շառագունել է կրկին,
Արեգակն է՝ հուզաթրթիռ և անդին:
Մի քաղաք կա յոթ ծովերի արանքում,
Կույսերն այնտեղ արթմնի են անրջում,
Ահավասիկ գտել եմ ես քարտեզում
Վայրերը այն, որ գանձեր են պարտակում:
Մի փողոց կա, մի նեղ նրբանցք միջանցիկ,
Զեփյուռն այնտեղ ծածանվում է թափանցիկ,
Մեկն անցնում է հաղորդության այդ ծիրով,
Ինձ գերում է անմնացորդ իր սիրով:
Նա գալիս է թագադիր ու այլազան,
Եթերածին՝ բոլորի մեջ զանազան,
Մահկանացուն դեռ չի տեսել իր օրում
Այն կորերը կանացի և օրորուն:
Ես դիտորդ եմ գեղեցկության հանդեսում,
Իմ փողոցը էլ ինձ դատարկ չի թվում,
Բույրդ կանգուն, դու գնացիր իմ սիրուն,
Այս աշխարհը էլ անիմաստ չի թվում:

Աշխարհն իր պտույտը, Հայր մեր,
Հայացքիս ծիրում ավարտեց,
Փակում եմ աչքերս այս գիշեր
Եվ տրվում հուշերիս աներեր:
Գարունն էլ անխոս հեռացավ,
Երկինքը աղի է այս գիշեր,
Մահն ինձ համրաքայլ մոտեցավ,
Մերկացավ խավարում մի սուսեր:
Մի գարուն ինձանից պակասեց,
Այս ցավն էլ, որ հոգիս ակոսեց,
Ծխում եմ, հոգնել եմ ու անսեր
Մոխիրս եմ շաղ տալիս այս գիշեր:
Այգի հետ թե ապրեմ հավասար
Կմեռնեմ խավարում այս գիշեր,
Իմ հուշեր, թանկագին ու անչար,
Աչք փակե՞մ, թե՞ խոցվեմ անսուսեր…




Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (16.06.2013)
Դիտումներ: 209 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2018
Անվճար հոսթինգ uCoz