Երկուշաբթի, 30.12.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Մ Ա Յ Ր Ի Կ Ի Ս

Գիշերն ընկել է երկնակամարից
Հուշերիս նման պաղ ու թափանցիկ,
Քեզ հյուր եմ եկել արցունքն աչքերիս,
Մթնով եմ եկել, անտես եզերքից:
Եւ ցանկանում եմ ինձ էլ բացառել
Օրերի շռայլ, մեղավոր երթից,
Ասես, ինձ երբեք, երբեք չես ծնել,
Ու չես գալարվել երկունքի ցավից:
Երբ ես սիրել եմ ու երբ հարբել եմ,
Գիրկդ եմ երազել ինչպես մի բագին,
Հիմա շիրմիդ մոտ ես ինձ զոհել եմ,
Ինչ անորոշ եմ, Մայր իմ թանկագին:

...

ՄՈՐՍ

Հիմա գլուխս ու՞մ կրծքին փարեմ
Եվ ու՞մ կարոտից խելքահան լինեմ,
Ո՞վ ինձ որբ թողեց, այնպես միայնակ,
Ամեն մեկի մեջ փնտրում եմ մորս ամբողջ ժամանակ:
Իմ հեզ, իմ բարի, իմ աղոթարար,
Վեհաշուք մայրիկ, մայր իմ, հաշտարար,
Վերջին ժպիտդ իմ կիսակործան
Հուշերին գգվեց որպես սուրբ նշան:
Պիտի աղմուկով բացեմ դռները հանդերձյալ լույսի,
Որ գալս իմանաս, ձեռքերիդ դողը ձայնիդ փոխանցես.
-Եկե՞լ ես, տղաս,-թե հանդիմանես,բայց նաեւ շոյես,
-Գինո՞վ ես դարձյալ,-ա՜խ, ոնց չբացեմ դուռ վերհուշի...

...

Մայրիկիս

Այտս համբուրիր դողդոջ շուրթերով,
Ճերմակ մազերիդ խնկաբույրն զգամ,
Աչքիդ մի կաթիլ արցունքի համար
Ես ինձ ուրանամ , ես ինձ մոռանամ:
Ամոքիր մայր իմ ակունքը ցավի,
Ես ինչո՞ւ այսքան մանուկ մնացի,
Իմ որբությունը ինձանից վանի,
Թեև երազ ես անտեսից թախծի:
Ե՞րբ եմ բռնելու ճամփան տունդարձիս
Մեղքի քավության աղոթքը շուրթիս,
Մի մոմ կվառես, որ վերադարձիս
Ես ինձ ուրանամ, ես մոռանամ ինձ:


Տեսիլք

Եւ խառնամբոխը բազմություն էր հոծ
Կրքերից կիսված հազար մասերի,
Սգապարի մեջ աղաղակ ու կոծ.
Աչքերն են հանել նվիրակների:
Երեկոյի հետ միտքն էլ կուրացել,
Խավարի երթն է լույսին ուրացել,
Ակնախոռոչի անտեսին ունայն
Մի բու դարձել է տեր ու տիրական:
Գիշերահավքի բնազդն անսխալ
Թագադրել է մարդուկին կոտակ,
Արյունով կգա մի նոր ոխակալ
Դաժան բռնակալ, նենգ ու սանձարձակ:
Խոցվածն էլ ընկավ, վայ քեզ, անտերունչ,
Խաչին խաչվածն էլ վերստին խաչվեց,
Ծիրանափողի լացն էլ ողբաշունչ
Իր Արձագանքնից կախաղան սարքեց:
Ինձ օրոր ասա աղոթքի նման,
Ցավի ակունքը թող, որ համրանա,
Մի վերջին համբյուր, սեր իմ աննման,
Եւ այս պատկերը լուռ անէանան...

...

Երազի թեւին ամենատարած
Այնպես անտես եմ, իմ մեջ ծվարած,
Եթե խորհում եմ, խոհ եմ, ասելիք,
Թեեւ մոլոր եմ անմիտ-խոլամիտ,
Ինչ անորոշ եմ ու կարգին գինով,
Հոգուդ հնձանում ու անհուն սիրով:

Այդ ես եմ սիրում

Լալազար ծաղիկ, աղջիկ նազանիկ,
Արցունք շաղաշար, երանգ ծփացիկ,
Շահմար բազմագույն ու գալարագիծ,
Լույսի ծագեծագ վաղանցիկ ալիք:
Հիրիկ դալկադեմ քեզ եմ դարպասել,
Սիրո ցանկությամբ առնաբաղձ դյութել,
Ինձ մտապահիր քո երազներում
Այսպես զգլխիչ այդ ես եմ սիրում:

Անխառն ակնթարթ,
Անծիր տիեզերք,
Ինչպես մի տարերք 
Ձեզ կապող իրար,
Առեղծվածային
Ժպիտն է միայն
ՆՐԱ աննման
Չքնաղ հայացքի:
Քանի ժպտում է,
Ես ժամանակի
Քառուղիների
Հայեցողն եմ մի.
Իմ մեջ թող բախվեն,
Իմ մեջ բաբախեն
Հույզերը նրա...
Վարդ Անանունի 
Ես եմ անհունի
Աննշմար մի կետ,
Ես եմ խաչմերուկ,
Ես եմ ակնդետ,
Թեկուզ անմեռուկ:
Այս ժպիտն ինձ է
Քարուքանդ արել...

...

Դողում եմ

Դողում եմ վերջի այս սպասումից,
Աշնան տերեւի վերջին անկումից,
Կանգնած թաղվելու մտատանջումից.
Ձեռքիդ շարունակ, անտես հպումից:
Դողում եմ տառից, բառից, դարձվածքից,
Մաղձից եմ դողում կեղծ բարեկամի,
Թշնամու սարքած ցավի թակարդից
Ու անտարբերի հոգնած հայացքից:
Երեք հաստատուն ու մի անհաստատ
Մեծությունների վեճն է իմ ներսում,
Զրոի վրա թիվ չի բաժանվում,
Պի-ն ու ե-ն ունեն արժեք մի կոնստանտ:
Ես եմ փաստորեն այսպես անհաստատ,
Ինձ որ անկյունում դնես անարժեք,
Այս բաժանումն է պի-ին համարժեք,
Դողում եմ , անգին, քո հետ համաչափ:

Ես չեմ հեռացել, պարզապես չկամ,
Հուշերի տեսքով քեզ այցի կգամ,
Անստույգ ժամի, մի աղջամուղջի,
Երազի նման, նման անուրջի:
Ես չեմ դադարել, պարզապես հիմա
Անորոշ դող եմ դեմքին գիշերվա,
Անկայուն մի դող, ասես, ապագան
Դեռ սակարկում է հայցվորի նման:
Մի օր դու կգաս ու հենց այդ պահին
Ես կդադարեմ ժպտալ աշխարհին...
Կդառնամ թեթեւ լույսից անմարմին,
Որ ինձ չհիշես, չսիրես կրկին...

Ով ինձ գտավ իր խորանում
Հանդերձներում մենակյացի,
Ախ, բազմաձայն մի երգչախումբ
Սիրտն էր գերել ճգնավորի:
Մեղեդին էր պատարագի
Հնչյունների մի համախումբ,
Նա ինձ զննեց սրտի չափի
Տակտերի մեջ ու տարափի:
Արձագանքում սիրո կանչի
Պատվերը կար արարիչի,
Հաջորդական հին ընթացքին
Ով միացավ հանկարծակի...
Գարունն ինչպես զվարթ արյուն,
Ամռան մեջ լույս կար անհամար,
Այս աշունը սիրտ է մաշում,
Ձմեռն էլ դեռ չի կառանել:
Ինձ քիչ մնաց, մի հանգրվան,
Ես էլ դարձա սիրո թարգման,
Հիմա մերկ իմ թագուհին
Ծայրն է քաշում վարագույրի:
Գիշերն է այս հեքիաթասաց,
Ես էլ իմ մեջ խորասուզված,
Խորանարդել եմ ինքս ինձ
Պատրանքներում անվերջ, անսանձ...

Այս աշունն իմ ուրվականը
Անթեղեց լուռ իր հուշերում,
Կորացած նույն հարցականը
Մնաց անհույզ իր անկյունում:
Մի կարուսել տատանվում էր
Տեսարանում անհրապույր,
Ասես, անվերջ ծածանում էր
Քամու բերանն ընկած համբույր:
Վերջին ժամին հրաժեշտի
Եկավ աղջիկն այն գլխիկոր,
Կարծես ուզում էր զավեշտի
Վերածել այս պատկերը կոր:
Ինձ ետ տարեք վաղվաղակի
Պատանի այն ժամանակին,
Ուզում եմ ես նրան ասել,
Որ ես աշունն եմ լոկ սիրել:
Ընկերուհի ինձ կարեկից
Ես անցյալն եմ ուզում փոխել,
Դու փախչում ես այս ներկայից,
Որտեղ աշունն է ինձ թաղել...

...

Իմ բարեկամը մի քիչ խենթ եղավ,
Ուրիշ մի ցավի հարահաս եղավ,
Անմնացորդ էր նվիրումն էլ այս,
Համբույրի համար, ախ, շատ է անհաս:
Ինձ ձեռք երկարեց, երբ վհատ էի,
Այտս նուրբ շոյեց, երբ քնած էի,
Կարոտի շրջանն ինձնով պարփակեց,
Իմ ցավն իրն արած նա այն պարտակեց:

Եւ կգա օրը, դու հաղթանակած
Տուն ես դառնալու օտար եզերքից,
Պատերազմի դաշտ, դու էլ ես հոգնած
Քո մեջ ամբարված օտար վշտերից:
Այն նույն աղջիկն է այնպես գրկաբաց
Վիրավոր հոգուդ լույս սպեղանին,
Նրա մեջ փնտրիր սերդ մակնթաց,
Արդյոք չես հոգնել օտար սերերից:
Գնացիր, տեսար, հաղթեցիր... հարկավ,
Խոցել ես անվերջ ամրոց ու անձավ,
Բայց մեկի սիրտը չես գերեւարել,
Նա է քեզ տիրել ու անվերջ սիրել:
Նրան ես ձոնել հոգուդ մեղեդին,
Բառերն իրենք են կամավոր զինվել,
Դաշտ ես դուրս բերել հզոր բանակին,
Բայց մի աղջկա սիրտը չես գերել:
Հիմա եկել ես վիրավոր սրտից,
Խղճահարության թիկնոցը հագիդ,
Ասա քեզ ինչպես եւ ինչու սիրել,
Դու դեռ քո բաժին սերը չես մուրել....

Մի աղջկա անհուն սիրով դարձել եմ ես դիվադադար,
Գրում-ջնջում եմ ակամա, գրում-ջնջում եմ անդադար,
Մի օր կգաս դու ամոթխած անմխիթար քո եզերքից,
Քո մերկության հիմնը մի օր կվերծանեմ քո նազանքից:
Կասեմ, գոզալ, այս աշխարհի փերիների փերին ես դու,
Խավարիս մեջ լույս անթերի ծիածանի կամար ես դու,
Շնորհալի մի սիրահար, սիրախաղում վարպետ ես դու,
Հրաժեշտի մեջ ակամա արցունքից էլ զուլալ ես դու:

Իրական մի պատմություն շախմատի
մրցաշարի ժամանակ

Դու հաղթել էիր այդ մենամարտում
Դիմացի նստած տարեկից մեկին,
Մի զգացմունք էր այնպես անմեկին.
Լուծումը գտար անգամ ցայտնոտում:
Արցունքի պատը վազքով հեւիհեւ
Անցար մի շնչով եւ անցար թեթեւ,
Դու հաղթողն էիր ողջ շրջափուլի,
Դրսում անհայտն է, դրսում նոր ուղղի:
Սակայն մի ապտակ դեմքիդ շառաչեց,
Ասես , թե մտար ցավի ասպարեզ,
Մանկան քո հոգին այս ինչպես բեկվեց,
Մայրդ անհաղորդ դեռ բզում էր քեզ:
-Հաղթել եմ մայրիկ,- հազիվ լսելի,
Թիթեռների պես շուրթերից թռան,
Բարձրացված մի ձեռք օդում կես շրջան
Գծեց անկատար եւ տեսանելի...
Բայց հաջորդ մի պահ եկավ ջնջելու
Ծաղրուծանակի բութ մի հավելում,
Դու էլ մոռացի մանուկ ցանկալի
Տիգրանի աջը քեզ պաշտպան լինի...

Դու դեռ երազ ես, այնպես կանացի,
Չես ընդդիմանում ու չես զարմանում,
Վաղորդյան ցողի զուլալ մաքրություն,
Գիտեմ, ամենն այս լույսի հետ կանցնի:
Լույսը կբացվի հոգսերի շարան,
Անուշ երազից ոչինչ չի մնա,
Անփույթ կշարժես վերմակ ու սավան,
Ու մեղմ կսահես հայելու վրա:
Մեկի շուրթերը լուսնի պես նորել,
Հուզմունքը կույսի այս ուր է կորել,
Ախ, ով հանդգնեց գիշերվա կեսին
Շոյանքով գերել աստղ մի անմարմին:
Էհ, կյանք իրական, այս ինչ ճերմակ է
Տեղ-տեղ մազերիդ գիշերն ակոսել,
Սա մի արհավիրք, կամ սա խորշակ է
Երազի անգամ բույրն է անգոսնել:

...

Տեսել եմ նրան դաշտի մեջ արձակ,
Մեղմ մի հովիկ էր, որ ինքնածածան
Վարպետացել էր , դարձել էր գիտակ
Հրապույրներին նրա բազմազան:
Փորձեցի սերտել քամու մեղեդին
Եւ նոտագրել շուրթերիս ճաքած,
Նա անէացավ վերջալույս հագած,
Իր հետ տանելով իմ ուրվականին...

Կարմիր եւ ոսկի ու մի հայելի,
Աղջիկն իջել է իմ անուրջներից,
Նրա հայացքում մի անձեռակերտ
Ժպիտ միտվել է անհունին հավետ: 
Աչքերը նրա փարոս են ասես,
Արձակ մազերը հաղորդության ծես,
Պատարագիչ ենք ես ու իմ հոգին
Սիրո անվախճան եկեղեցու մեջ:
Եռաձայն երգի արձագանք եմ մի,
Ինձ սիրահարիի շապիկ հագցրեք,
Իմ մերկությանը այն համահունչ է,
Ինձ մի սեր տվեք կամ փշոտ մի վարդ:
Ես գիտեմ, աղջիկն այս կրկին,
Դարձել է հեքիաթում թագուհի,
Աննկատ շղթայել իմ հոգին,
Շողում է, շոյում է հավերժին...

Կարոտս, որ դռնից ներս մտավ ու ծվարեց անկյունում:
Ապրում եմ մեկ տարի ու մի քանի օր...
Մայրամուտը հպվել է ստինքներիդ:
Անդեմ խառնամբոխի մեջ իմ հպարտ արքայազ
Ի՛նչ անեմ, դու գիտես շարունակությունը:
Մի փակիր իմ ու քո աչքերը, 
Ժպիտդ վերջալույսի գրկում 
Գգվել է սարերի ստվերներին
Ու երկարում է հաճույքից մերկացած:
Ես մեկնել եմ ձեռքս ու շոյում եմ հասարակածը,
Դու սիրում ես, երբ ես արտասվում եմ:
Հեթանոսի բուրգը, Քարահունջի զորաց քարերը...
Ի՛նչ կա աշխարհի վրա, որ չկար Հայաստանում,
Երբ ծառերի վրայից իջան ծպտյալները,
Մենք բարձրացանք ու գլխիվայր նստեցինք ազատ վանդակներում:
Ես սիրում եմ ու ես արտասվում եմ,
Իմ երգին անդրադարձ չկա,
Մեղեդին երգեհոնի սեռական կողմորոշումն է
Քաջ Նազարի թագավորության մեջ,
Որքան խորանում է, այնքան ավելանում է 
Չծնված կիկոսների ծնվելու հավանականությունը:
Լաց կա երեք կամ հինգ ոսկու արժեք ունի
Ու մեկն կեղծ է, ծանրութեթեւ... արա՛...
Ես ել եմ հայ , երկու հայ օտար քաղաքում
Ուրեմն սպասիր հրաշքի:
Արթուր արքան Աբրահամի զարմից
Էն ինչ քոթակ տվեց էն գերմանացուն:
Ծիծաղելի է, թե՛ չէ, իմ ու Ձեր բոլորի սրտերը լեռներում մնացին:
Մենք, մեր սարերի վրա ու մեր մանկության քոչարին,
Մասիսն ի վեր, ի վեր, էլ անզոր եմ, ցած իջի...
Ո՛րն է Արագածը հաջորդ շուրջպարի:

Եւ ի՛նչ եմ հիմա քո գրկում անում,
Մազե՛րդ եմ շոյում ,ձեռքերս են սահու,մ
Մարմնիդ համաչափ անորոշությամբ,
Պարզապես այսպես ես քե՛զ եմ սիրում:
Դու ինձ վանելու հնարը չունես,
Ես մոմ եմ դալուկ գունատ, անստվեր,
Բռնկվել եմ ես քո լույսով անտես,
Որ հաճուքներիդ հեւքիցը հանկարծ
Մի օր ես մարեմ կիսավեր կանգնած,
Ասես չեմ եղել անգամ մոմի պես.
Դու ինձ վանելու հնարը ունես.
Ժպտա, թող մարեմ ժպիտդ դարձած:
Ինքդ քեզ այդպես մի խարազանի,
Դու գիտես արդեն խենթ եմ յուրովի,
Քո արցունքներից ժպիտդ եմ ձուլել
Ու այդ ժպիտով աշխարհին նայել,
Որ անբիծ մնամ, մնամ անաչառ
Ու այսպես թախծեմ քո սիրո համար:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz