Շաբաթ, 21.12.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
ՄԻ ՏԽՈՒՐ ՊԱՀԻ

Սիրտս պիտի խնդա ասես,
Սակայն տխուր եմ այնպես, 
Այս անհայտին դեմ-հանդիման
Ես էլ այն չեմ, ես չկամ:
Ամեն վախս մի թշնամի,
Մի ելուզակ օտարի,
Ինձ քո սիրով ոգևորի,
Ցավը սրտիս ամոքի:
Ես չեմ եղել երբեք վհատ,
Ծամածռված ու թերի,
Չէ, չի եղել ինձնից հպարտ
Սիրուդ կարոտ մի գերի:
Զգայական ի՜նչ խաբկանք էր
Իմ երազում այս գիշեր, 
Թեև գիտեմ, որ բերկրանքն էր,
Բայց անուրախ եմ, իմ սեր:
Դեռ կարող ես ինձ տատանել
Հաղորդակից անոթում,
Ես ուզում եմ տարալուծվել,
Ամբողջանալ քո սրտում:
Ինձ սիրում ես և չես սիրում,
Ու չգիտեմ, թե ինչու,
Մի կաթ արցունք է պակասում,
Ամբողջանաս նաև դու:

...

Կրկին դավում են աջից, ահյակից,
Ասես, անհեթեթ թիրախ եմ դարձել,
Անգամ միջակետ, որ չեն նկատել,
Եվ դառնացել են անտես նշանից:
Դավում են խոսքով, մտադրությամբ,
Եվ մերձավոր մի հոգատարությամբ,
Հուդայի նման մի արծաթասեր
Իմանալով են մատնում աներեր:
Թեև կավից եմ սահմանվել ծածուկ,
Հախճապակին է շուրջս օրինատու,
Տակտն եմ անտեսում այն ճենապակու,
Որ ղողանջ չունի կվարցին հատուկ:

...

Քնքշադեմ լույսի ծվեններն , ասես,
Աղոթքի նման երկնին են միտվել.
Տրտմության քանի ելևէջ իմ մեջ
Հուշերում մռայլ նոթերն են կիտել։
Աշխարհն ինձանից խռով չի մնա,
Հասունացել է ունայնի գինին,
Ամեն կումի մեջ սարսուռ ակամա,
Աչքս է կարոտում արցունքի հունին:
Անկումն ի՞նչ է, Տեր, հարվա՞ծ, թե՞ պատիժ,
Հույզերս են դարձել բութ երեսփոխան,
Ամեն մեկին մի մահաբեր պատիճ,
Լույսերի խաղում գուցե՞ փողփողան:
Ի՞նչ ունեմ, Բարձյալ, որ առանձնանամ,
Տարբերվեմ մի քիչ շռայլ այս երթում,
Փետուր տվեցիր, որ անանձնանամ,
Անգամ մելանի գույնը ուրանամ:
Սակայն դատարկ եմ, Տեր սքանչելի,
Քանի Կարեկից չունեմ մատչելի,
Ափս մեկնել եմ, որ հանգանակեմ,
Այլոց տվածով ինքս ինձ ծանակեմ:
Մեկ օր պարզապես ապրել եմ ուզում,
Որ ես բաժանեմ խոհերս բազում,
Ասես ձույլ ոսկի կամ սիրո պատիկ,
Յուրաքանչյուրին ու հատիկ-հատիկ…

...

Եվ ժամանակի երթն է ալեհեր աշխարհը տանում,
Մեկն իր հայացքով դյութել է անվերջ ջութակ ու տավիղ,
Քնարն ընկել է համաստեղից կախ. հոգիս է հանում,
Ելևէջի մեջ մահվան պատարագ՝ անհայտ մի բավիղ:
Խաշնարած հովիվ, թուրմն է բալասան և երանավետ,
Խաշխաշն է ծաղկել արձակ դաշտերում այնպես հոտավետ,
Գինի և կակաչ՝ արյան խոնջության կույր համադարման,
Ես սավառնում եմ քո անուրջներում այնպես անվարան:
Մի օր ձգանը կդնեմ քունքիս, որ անէանամ,
Եվ անպատմելի ցավ ու դավերից երկյուղ չունենամ,
Այս ի՞նչ աշխարհ է՝ անմիտ կրքերի մի շտեմարան,
Քեզ կարեկցու՞մ են, թե՞ քարկոծում են, ու՞ր է աբեղան:
Կուսակրոն է այս փորձությունը, որն ինձ չանտեսեց,
Մեղքն իմ առաջին իմ մեջ ծերացավ, նոր շիվ չտվեց,
Ի՜նչ տարբերություն, ես Տիրոջ առջև գլխահակ էլի,
Խաշխաշի նման թոշնել եմ ահա, որ անձս ների…
Աղջիկն ապրում է իմ անուրջներում մերկ ու ցանկալի,
Բառի երկունքն է քնարում հիմա մեղքն անմեկնելի,
Այսքան կատարյալ միայն եթերն է անտեսանելի,
Գաղտնատես Աստված, տուր նրան այսօր մարմին ու հոգի…

...

Մեղմանուշ, մեղմանուշ շողերով
Մթնշաղ՝ տեսիլում այս անշեջ,
Հարս, անցար քո ճերմակ դողերով,
Աշխարհը շավիղեց ինձ ու քեզ:
Միաձույլ լույս ու մութ տակավին,
Երկընտրանք փոխանցվեց կտավին,
Եվ կրկին խաղում ես ջրերում,
Հոգուդ մեջ տագնապ կա երերուն:
Ոսկեկար լուսնկան կերպասն իր
Փռել է մթամած ծիրերում,
Աբեղան սերտում է կերպարն իր
Հոգևոր ըղձանքի ծերպերում:
Ո՞վ մնաց երկնքում մենավոր
Ամպերով սքողված ու խռով,
Կտավում այս անգամ փայլածուն
Սեր ունի աննման ու թաքուն:
Լուսինը կմնա անհունում,
Աբեղան՝ ըղձանքի անկյունում,
Կմտնեմ խորքը այս նկարի,
Կմեղմեմ տագնապդ անարի…

...

Ցայգն այսօր մերկ է, ասես անթափանց
Հեռվում աստղերն են երկնացիր, սրսուռ,
Կնոջ հմայքի ուռկանն է անանց
Շուլալվել նրանց հեշտանքին սարսուռ:
Նայիր, աշխարհը ծածանվում է նույն
Տակտին համահունչ… և երազներում,
Ի՜նչ կատարյալ է ժպիտը սահում
Անսքող դեմքի եզերքով անհուն:
Պահմտոցի է խաղում լուսնկան,
Ամպի սաղարթից առկայծող մի շող
Երևակում է մարմինն աղջկա,
Կիրքը մտնում է անկողին ու հող:

...

Այս գիշեր

Անթառամ, անմեռուկ հոտավետ,
Հարության այս տոնին իմ հոգին
Եթերին ձուլվել է առհավետ,
Ուր ես կամ և չկամ, իմ անգին:

Ես մեռա, որ ծնվեմ այս գիշեր
Քո լույսից, քո բույրից աննման,
Խավարի տխրադեմ մի ստվեր
Թերթերիդ մի ցող է ինձ նման:

Կեսգիշեր և առկայծ հեռավոր,
Սահում է մեղմաթիռ մի զեփյուռ,
Սարսուռը գրկել է մեղավոր
Տարածքն այս բազմաչափ, համասփյուռ:

Կկարդաս, կհիշես ինձ մի օր,
Կծաղկես հոգուս մեջ անդադար,
Տողերից կժպտամ անսովոր
Այս գիշեր , երազում …և անմար:

...

Ես կկարոտեմ փողոցները հին
Քարապատկերի ծանոթ մենության,
Ավազին եփվող իմ գավաթ սուրճին,
Քեռի Մանարի համով կատակին.-
Երազի նման սուրճն էլ է երազ,
Բայց ինքդ քեզ հետ երկար չմնաս,-
Ու ականջալուր նրա խորհրդին,
Միտքս շախմատի տախտակին գամած.
Անդրանիկի ձին, ասես, կատաղած
Սեւասարն անցած քուռկիկ ջալալին,
Պատի ու մատի հին մենամարտում
Պեգաս է դարձյալ նա իմ կարոտում:
Եւ մինչեւ կեսօր մի չքնաղ զեփյուռ
Աչքս կշոյի իր պատուհանից,
Իմ հիշողություն, եթեր համասփյուռ,
Ինձ անտես չանես նրա հայացքից...

...

Պատերազմ

Օրը գույների բազմաշառաչ է,
Կապույտը վախ ու սևը հառաչ է:
Փետրագնդակի նման հուզաթիռ,
Երկնի անհունը ծնեց ինքնաթիռ:
Բամբասանքն ընկավ հազար մի բերան,
Գետը բերում է տաշեղ ու գերան:
Հեղեղն անցնում է, մրուրն է մնում,
Քար քարի վրա էլ մարդ չի դնում:
Ինքնաձիգները այլ չափողության
Այստեղ խաղալիք կամ զարդն են միայն:
Երկու սունկ տեսան այն արևելքում,
Մահն օրորվում էր գինետան ելքում:
Արյու՞ն, թե՞ գինի, նույն է երևի,
Մեկ է, հարբում են կրքերում էլի…

...

Ձեռքերիդ դողդոջ հպումից, մայր իմ,
Դեմքս հուզմունքից ուր է, թե այրեմ,
Քո համբույրից մի, մամա, սիրելիս,
Իմ կաթ արցունքով շուրթերդ ցողեմ:
Ճերմակն ու սևը մազերիդ անանց
Անվերջ փնտրում եմ անծանոթ կանանց
Ժպիտներում ծուռ և օտարոտի,
Հայացքներում շեղ, առանց կարոտի:
Քո բույրն ուրիշ էր, ուրիշ էր, մամա,
Ներիր մեղքերս, որ ես չեմ գործել,
Ու թե գործել եմ այնպես, ակամա,
Որ չես նկատել, աննկատ... կոծկել:
Երբ խրախճանքում հարբել եմ, հոգնած
Այլ կանանց գրկում գտել ինձ հանգած,
Դարձյալ գլխիկոր եկել և քեզ մոտ
Անկյուն եմ փնտրել հեռավոր, թե մոտ:
Ինձ ներս ես առել հայացքով բարի,
Եւ չեմ թաքցրել հրճվանքն իմ հորթի...
Մամա, հիմա ու”մ ու ո”նց համոզեմ,
Քո գիրկը մի այլ համ ու հոտ ուներ

...

Մեկնել ես անդարձ իմ երազներից
Առաջին ձյունի թռուցիկ ժպիտ,
Հետքերս էլ թռան, որ ակամայից 
Գրգիռներ էին աննման դեմքիդ:
Քո ցավը տանեմ, ձյունե թագուհի,
Հուշը փախուստ է անհաղորդ անցյալ,
Գլուխ չեմ հանում, սիրո քրմուհի,
Ի"նչն էր իրական ու ի"նչ թվացյալ:
Սեր իմ, մի համբույր, սառույցը հալվել,
Ես եմ անհայտի սահմանը անցել,
Բայց ես տուն չունեմ, իմ տունը վաղուց
Այն ապարանք էր ջերմացած սիրուց:

...

Թախծոտ աչքերով սիրահար տղա
Ես Քո հարցումին բալասան չունեմ,
Կրքոտ համբյուրը, հմայքը նրա...
Իմ սիրած կնոջ հեքաթն ինչ անեմ:
Մեր պատումները նման են իրար,
Ես էլ եմ լուսնի առկայծում սիրել,
Հիմա բռնել եմ ձեռքը իմ հուշի,
Ու հոգուս մեջ է աշխարհը արար:
Եթե կանչում է, իր սիրո մասին
Ուզում է ամբողջ աշխարհն իմանա,
Քո ներշնչանքը մանուկ է հիմա,
Թող որ քո փորձով տղամարդ դառնա:
Քո շուրջը նայի աչքով պոետի,
Տես քանի մարդու ցավին հարահաս
Քո պատմությունը կարող է լույսի
Ճառագայթ դառնա սիրով մի անհաս..

...

Քսաներորդ դար
Ա
Խենթ է այս դարը, մարդու հոգեւոր ծաղկունքի դարը,
Որն է այս դարի բուն էությունը եւ ինչ է դարը,
Գուցե պատրանք է եւ կյանք էլ չկա,
Կամ ինչ-որ մանկան եւ կամ արքայի մի երազ է սա:
Խենթ է այս դարը դարն այս բարիքի, առատ չարիքի,
Մտքի, խառնվածքի եւ տաղանդների հախուռն հոսքի,
Որն է այս դարի համեստությունը թույլատրելի,
Որն է խորհուրդը այս ցնոր դարում մեզ հասանելի:

Բ

Դարաժամերի մութ այս բավիղում,
Երբ դարը, ինքը, մի արարումով խենթ է անվանված
Հոգեւոր աճի անզուսպ քանակով պայմանավորված,
Ես հոգեւորի խանգարում ունեմ:
Եւ հոգեւրի իմ խանգարումը
Առաքինության պակասի մեջ է,
Հարմարվող չեմ , մայր,
Կամ պատճառն այն է, որ ես եմ չարը
Արդարության այս համատարածում.
Եւ ես եմ չարը, ու ես եմ բարին,
Եւ իմն է միայն վաղաժամ այսքան ծերացած հոգին...

...

Եւ տառապանքի մի վարդ արյունոտ
Ինձանից խլեց երազ ու կարոտ,
Ես ինձ փնտրեցի տրտմության ժամին.
Ինձ աչքով արեց նույն հոմանուհին:
Ես ում երազում դարձա խաղալիք,
Մութի թեւերին դողահար ալիք,
Գունատ նայեցի նույն փշոտ վարդին,
Որը թոշնեց իմ անուրախ դեմքին:
Քեզ ինչ սիրով են ընդունել ծաղիկ,
Ախ, թաց աչքերով, էյ, լուսե աղջիկ,
Քո միայնության անծիր երկնքից
Անթարթ ժպտում ես նույն գերեզմանին:
Իմ երեկոն է փոխվել գիշերի,
Անմարմին աղջիկ անցած հուշերի,
Մի վարդածաղիկ ինձ թունավորեց.
Սիրո հուզմունքին թողնելով անտես:

...

Նորօրյա աղոթք

Բարձյալի առջեւ անձս ուրացար,
Որ հափշտակեց քեզ խանձարուրում,
Այն անպատկառի դեմքը մոռացար,
Նա խոցել էր քեզ այս մերձամարտում:
Գնամ , թե մնամ, նույնն է տեսիլը.
Առաջնորդիր ինձ, Տեր ամենակալ,
Դեռ փնտրում եմ ես այն անբասիրը,
Թեեւ վիրավոր, բայց անոխակալ:
Իմ աղոթքներում մեղքերիս կրկին
Թողություն արա, Տեր սքանչելի,
Եւ ակնթարթը մի թող ծանրանա,
Այս մեղքս էլ ների, մեղքս նորօրյա:
Սիրում եմ նրա աչքերի մութը,
Նազանքը վայրի, համբույրի շուրթը,
Այս հրեշտակը քո անկատարն է,
Սակայն իմ հոգու մեղր ու նեկտարն է:

...

Սա, որ նման էր անկախ, հերթական ապրումներիցս յուրաքանչյուրին,
Նույն աչքերն ունի, համն ունի անխոս իմ տառապանքի,
Վայելքի բոլոր պահերը, գիտեմ, ցավ են պատճառում մեր մարմիններին
Եւ մենք փախչում ենք ահա մեզանից մի կրկին անգամ , հանուն վայեքի,
Թե ամբաստանյալ մեր հոգիներում դեռ թվարկելի մեղքերի թվի:
Հոգու խռովքը խեղդվում է ահա մերկ մարմինների անկատարությամբ,
Սա, որ նման էր անկախ, հերթական ապրումներիցս յուրաքանչյուրին,
Երեկոյի հետ պետք է ծանրանա, թե գիշեր դառնա
Հաճույք կքամեմ կոնքերից նրա մինչ լույսն ընթանա,
Եւ համալուծվի հրճվանքը մանուկ սուրճի բուրմունքին:
Ես տարաշխարհիկ բառեր կգտնեմ մխիթարության 
Եւ վերահասու քնքշանք կորզելու նրա ձեւերին
Մեն մի ժպիտով կուղեկցեմ մինչեւ իմ դուռը ծածկվի,
Որպեսզի հետո սարսեմ անմարմին այս միայնությամբ:
Սա, որ նման էր անկախ, հերթական ապրումներիցս յուրաքանչյուրին,
Հեռացող օրվա հրապույրն ունի...
Այսպես ՀԱՎԱՏն է լուռ նսեմանում գիտակցության մեջ ենթախորշերում
Փայլն իր կորցրած մետաղի նման,
Առանց հավատի ժամանակն են մեզ անվերջ մատուցում 
Առաջ բերելով մտավախություն,
Եւ հիվանդության պատմություններում
Առավել չափով կարդում ենք ինֆարկտ:
Եւ ես տեսնում եմ հենց փողոցներում նստատեղերին
Թե բախտագուշակ ԾԵՐ տղամարդիկ իրենց արհեստին
Ինչ ջերմությամբ են հասու դարձնում ավելի ջահել նորաթուխներին,
Ես նախանձում եմ եւ թուղթ խաղալու նրանց ձեւերին:
ԱՅՍՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԷԻ դատարկ անտեղի բաների մասին
Եւ զգում էի երանությունը նոր բացվող օրվա ...ԻՆՉ ՀԱՍԿԱՑԱ ԵՍ...
Երբ տեսանելի ամեն ինչի մեջ հետքեր փնտրեցի հավիտենության
ԵՒ տիեզերքի անեզրությանը եզրեր հագցրի
Առձեռն վերցնելով ինձ հասանելիք դրամի չափով:
Թեեւ հայտնի է որ իմ դատածի յոթնապատիկն եմ
Մոռացել հաճախ վաճառողների յուղոտ ափերին:
Սա, որ նման էր անկախ, հերթական ապրումներիցս յուրաքանչյուրին,
Արյան կանչ էր նախ եւ գայթակղության անսպառ ակունք,
Թե աղջիկ էր համակ սարսուռ եւ թե կին էր տաք գգվանք,
ԹԵ ԵՐԱԶ էր աներեւույթ հրաշալի պահ էր նախ,
Թե աղջիկ էր եւ թե կին էր, թե երազ էր եւ թե ԿԱՆՉ,
ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ՈՒ ՀԱՍԿԱՑՎԱԾ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԷՐ ՆԱԽ...

...

Զուգահեռ աշխարհ

Ի հեճուկս ինձ, ի հեճուկս քեզ
Եվ ներհակաբան չար սատանայի,
Հուշերից ծնված մի նոր հարալեզ
Շուրթը կլիզի հարթավայրերի:
Մեղքից կիսաբաց դժոխքի դուռը
Մեկը կպնդի, որ ամուր ծածկեն,
Երկինքն ակոսած ցասումն ու հուրը
Ցավի առանցքով որ չտատանվեն:
Ծիսական կարգով քանի ճգնակեց ,
Աղոթքների մեջ որ սրբագործվեց,
Ի հեճուկս ինձ, ի հեճուկս քեզ,
Հուշերում մնաց անթիվ հարալեզ:
Ներոնը սակայն կայրի Հռոմը,
Մուշեղ իշխանը, մեծատոհմիկ այր,
Անդարձ կգերի շահի հարեմը,
Կանայք պագշոտ են և նուրբ սիրահար:
Արտավազդ արքան գլուխն անխոնարհ
Թագուհու գրկում այն չմահավան,
Անցք ու ժամանակ, զուգահեռ աշխարհ,
Իրար կխառնի մեղք ու քավարան:

...

Հուշերի իմ եռանկյունին

Ես հարբել եմ, որ աշխարհն ինձ մոռանա,
Քայլս մոլոր, ծուռ է գծվել իմ ճամփան,
Անհավատը թող զույգ աչքով քոռանա,
Օրորվում եմ, ո՞վ ինձ խղճաց ակամա:
Ես այս ծովը թիկնալողով եմ անցել,
Երբ վեց հոգով յոթը երգ ենք մենք երգել,
Ուստա, Համոն փողն այդպես էլ չի տվել,
Եռանկյունին իմ հուշերից է հառնել:
Մի օր պիտի սավառնակով ես մեկնեմ,
Ճուտոն հետո պատումթյունն այս կպատմի,
Տեսնես Նինան փոշին սրբե՞ց օրերի,
Մի Մկրտիչ փուչ աշխարհից պակասեց:

...

Ակնթարթը մի երազ է վաղանցիկ,
Հաճույքների թույնն ես անվերջ ըմբոշխնում,
Մեկ սիրում ես, մեկ էլ հանկարծ հպանցիկ,
Մագնիս, ասես, ցավի բևեռն ես փնտրում:
Սերը երբեք բուրգի նման կառուցիկ
Չի էլ մատնում ներկայությունն իր գունեղ,
Հորձանքներով ջուրն է բերում մածուցիկ
Եվ պարգևում անմահության մի բյուրեղ:
Տողերիս մեջ դու մնացիր առհավետ,
Աստվածուհուց, ախր, շատ ես կատարյալ,
Զարմացել ես, թե հասարակն այս անհետք
Իր երազին ո՞նց կարող էր հավատալ:
Ես քշվել եմ բախտ կոչվածից անողոք,
Սիրած կնոջ անուրջներից անկարոտ,
Եվ վիրավոր ավերակ եմ արյունոտ,
Այն շարքի մեջ, որ ծնվում է քո կամոք:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz