Երեքշաբթի, 03.12.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Դու լուսին ես, ես՝ նախաբեմ երկնքի
Դու լուսին ես, ես՝ նախաբեմ երկնքի,
Գիշերն էլ է սև սաթի պես հմայիչ,
Քեզ սիրում եմ այս եթերում զգլչիչ,
Սերը կյանք է աննման մի ակունքի:
Եվ լույս եղավ բևեռային կամ հեռու,
Համասփյուռը լուռ ծվարեց իմ հոգում,
Աղջիկն անցավ հարդագողի հետքերով,
Ծիր Կաթինում իմ երազն է հոգեթով:
Ես կարող եմ քեզ հնարել երկունքից
Եվ շոշափել սահմաններն իմ մենության,
Բայց թողնում եմ, որ քո լույսը անմեկին
Այլոց սիրտն էլ լցնի ուրիշ ջերմությամբ:
Աստվածուհուն լուռ պաշտում են, չեն սիրում,
Կամ սիրում են, բայց անհաղորդ կամ թաքուն,
Միայն դու ես անհայտության քո ծիրում,
Որ աննկատ պահմտոցի ես խաղում:


Իրենային

Ես զգում եմ, որ շիկնում ես այս պահին,
Երեկ գինին մի քիչ շատ էր հմայել,
Դեռ զնգում են թասերն ասես նույն տոնին,
Որ ծննդյան օրն է նաև հնարել:
Կինը գանձ է, տարիներն են անողոք,
Մեկ հրճվում ես, մեկ էլ, կարծես, անամոթ
Ժամանակն է վեղար հագած աբեղա,
Որ եկել է ու հարբում է ակամա:
Չի ցանկանում ժամանակն այս ծոմ պահել
Եվ մեկտեղ են խոկում ահել, թե ջահել,
Եթերն ընկած մի համբույր կա անմեկին,
Որ գալիս է, սակայն դեռ տեղ չի հասել:


Գերեվարեց ինձ պագշոտ մի թագուհի,
Անուրջածին և սլացիկ հանց եղեգ,
Մենության իմ զարդատուփն է հեշտանքի,
Եվ երկնաճեմ թե լուսին է, թե արեգ:
Ու մակընթաց քո հույզերում փոթորկոտ,
Թե խռովք ես և թե հուզմունք ալեկոծ,
Ես բեկվում եմ շուրթերիդ նոր հպումից,
Եթե դող եմ, ապա ծնված ամպրոպից:
Երբ քո տեսքից աշխարհներ են համրացել,
Ամուլ դարձել կախարդանքով քո լուսե,
Այսօր կին ես՝ իմ սենյակում, հոլանի,
Թե հղի չես, ես պատրաստ եմ խոյանքի…


Բաժանում

Ինձ հեգնու՞մ ես, թե՞ հերքում ես անխռով,
Ինձ տենչու՞մ ես, կամ թողնու՜մ ես անվրդով,
Հեռանում ես և պատկերս ես անտեսել,
Այս թափորը իմ մարմինն է անգոսնել:
Ես մեկնում եմ վաղվաղակի և անտեր,
Ինձ տանում են անաղմուկ ու անընտել,
Ես թեթև եմ, ես փետուր եմ, ես չկամ,
Եվ արցունք եմ, թե՞ արցունք եմ, ես կգամ:
Հուշի նման, նման պայծառ երազի,
Իմ ստվերը քո ստվերին ագուցած,
Ինձ կփնտրես ալիքներում Արաքսի,
Ի՞նչ եմ անում բարձրունքները Կայլասի:
Իմ փողոցը առանց քեզ էլ դատարկ է,
Կանգ են առել ակնթարթ ու ժամանակ,
Միայն ցավն է, որ հայելու մեջ հստակ
Իմ պատկերով քեզ է նայում աննդհատ:


Պարմանուհի, հոմանուհի մտատար,
Եկ, աչքերիդ սև սաթերը համբուրեմ,
Թող որ լինեմ ես ամենից անկատար,
Թաց երկյուղդ և մարմինդ գուրգուրեմ:
Զվարթախոս և հաճելի թագուհի,
Ես հարբում եմ պանդոկում այս անկյունի,
Խալխը գիտի, թե սա դարձյալ սեր չունի,
Ինչ իմանա, միակ դու ես անձնուհի:
Քո պատկերն է թասերի մեջ զրնգուն,
Ու ես անհագ վայելում եմ սուրբ գինին,
Թե հուզմունքս խեղդում էլ է, ես կանգուն,
Ցա՜վդ տանե՛մ, թե՛ հեկհեկա՜մ, ի՜մ անգի՜ն:
Մտատա՞ր ես, թե՞ բաքոսն է հմայել,
Ծովածիծաղ՝ քեզ այդպես են հնարել,
Քեզ կգտնեմ ես աշխարհի ծագերում,
Թասում լինես, թե սրտիս մի անկյունում:


Անիրական են, թեև զույգածին,
Միևնույն աստղի երկու արբանյակ,
Տեսիլները այդ և անձրևածին
Հույզեր են ծնում՝ հակինթ ու մանյակ:
Ես խոնարհվում եմ հրաշքի առջև
Արարման պահից սուրբ հողը մինչև,
Մեկը ինձ շոյեց քնելուց առաջ,
Մեկը վերմակն իմ ուղղեց անհառաչ:
Սիրեմ, չսիրեմ, տեսիլ դյութական,
Կնոջ պատկերով այնպես իրական,
Երանի պահը ակնթարթ դառնար,
Անուրջներից իմ ծնվեր մի քանքար…


Անիրական են, թեև զույգածին,
Միևնույն աստղի երկու արբանյակ,
Տեսիլները այդ և անձրևածին
Հույզեր են ծնում՝ հակինթ ու մանյակ:
Ես խոնարհվում եմ հրաշքի առջև
Արարման պահից սուրբ հողը մինչև,
Մեկը ինձ շոյեց քնելուց առաջ,
Մեկը վերմակն իմ ուղղեց անհառաչ:
Սիրեմ, չսիրեմ, տեսիլ դյութական,
Կնոջ պատկերով այնպես իրական,
Երանի պահը ակնթարթ դառնար,
Անուրջներից իմ ծնվեր մի քանքար…


Այսօր մահը ինձ շրջանցեց մի հանգով,
Ես իր ահից դառնացել եմ ու խռով,
Ուրիշ խաղում դարձել էի խաղալիք,
Ինձ դավել են , սակայն անհույզ ու անկիրք:
Սառնասիրտ են ինձ քնարել բարուրում,
Ասես մանկան, որին երբեք չեն սիրել,
Խաբված այսպես մնացել եմ փակուղում,
Քեզ պաշտել եմ և քո մասին վկայել:
Ասել եմ, որ աննման ես ձյունի պես,
Թույլ հպումից նվաղում ես ու հալվում,
Քո ջրերում լող եմ տալիս խենթի պես,
Այս երազն էլ այլ ավարտ է ունենում:


Գիշերակաց հավքի նման տակավին,
Ժուժկալ մեկի, որ սովոր էր սակավին,
Ընդվզեցի՝ ձեռքս մեկնած տակառին,
Թե հարբեցի, բայց սիրեցի քեզ, անգին:
Ստորասույզ անձավներում այն մութի
Աղբյուրներ կան լույսի երես չեն տեսել,
Եթե սուր եմ, ապա ձեռքով սկյութի
Ճեղքեմ սիրտս, միթե՞ ինձ ես անտեսել:
Լուսնկայի շողերն աղոտ, կորընթաց
Ձգողական քո դաշտում են կարկամել,
Ասեմ նրանց, ինձ հետ այսօր թող հարբեն,
Իմ աչքերը քո կարոտից շատ են թաց:
Այս պանդոկից արդեն քանի մատռվակ,
Ինձ թևանցուկ ուղեկցում են դեպի տուն,
Բայց չգիտեն, որ քո սիրուց ես՝ անհագ,
Գիշերս զուր և անցնում է կիսաքուն:


Շուշվա բարձրունքը հեռվից փաստորեն
Անառիկ ամրոց ու բերդ է թվում,
Աստղերն այսօր էլ մեզ կսատարեն.
Մեղեդին կրկին այնպես է թովում:
Սա Վարարակն է՝ քաղաք-առասպել,
Մարդիկ բարյացկամ և ինքնավստահ,
Այս մատույցներում թուրքին են զսպել
Մարտիկները քաջ և սահմանապահ:
Չքնաղ քաղաք իմ աշխարհի ծերպին,
Քեզ մաքրամաքուր խիղճն իմ մատուցեմ,
Եկել եմ հեռվից, որ այս իմ կերպի
Խոնարհումը քեզ այսպես հատուցեմ:
Զինվորական է այստեղ ամեն հայ,
Մատաղ կույսերը գեղանի ահա,
Քաղաքն ապրում է և քաղաքը կա,
Ես այս քաղաքի կամքին ենթակա…


Թե որ ուղեղիդ հարդն է պակասել
Եվ կամ կրծքերիդ սիլիկոնն է քիչ,
Պատկերից մեկ է քեզ չեն անտեսել
Վիրավոր հոգու մեղավոր իմ ճիչ:
Թե անպարագիծ հետույքդ հիմա
Օրերն է մաշում անտարբեր ժամին,
Մեկն իր հենակը այսօր ակամա
Անզոր շպրտեց աշխարհի վրա:
Եթե աչքերիդ ակնոց ես կրում
Վերջին մատուցմամբ և վայելչատես,
Կույրն ասմունքում է, ուրիշը՝ գրում,
Թե ցավն ինչու է գալիս միշտ անտես:
Եթե իրանդ սլացիկ է դեռ
Ջարդված եղեգի առոգանությամբ,
Չդարձար նեցուկ, մնացիր այնտեղ
Կեղծավոր մեկի նույն նմանությամբ:
Բայց թե սիրում ես և ինքնամոռաց,
Ինչու՞ ես թողնում, որ անվերջ տխրեմ,
Երբ մատուցում են խունկ ու պատարագ
Ես արցունքների հորձանքին տրվեմ…


Թե նմանը պիտի սիրի իր նմանին,
Ո՞վ եմ, հոգիս, որ քո սիրուն ընդդիմանամ,
Թե սապատը կուզ է միայն իմ իրանին,
Ես այդ ցավը ո՞նց դարմանեմ ու դիմանամ:
Թե համբույրը բաժանարար գիծ է սակայն,
Եվ անկումն է գահավեժ մի անզորություն,
Ես տենչում եմ սահմանային եզրագիծն այն,
Որից անդին անդունդներ կան դեռ կուսական:
Թե շուրթերս համաչափ են ազդարարում,
Որ կառուցիկ կորությունը քո կրծքերի
Ծածկագիր է… բայց իմ կամքով չի դադարում
Արեգն ասել բարի գալուստ նոր ծագերին:
Թե նմանը հմայում է իր նմանին,
Ո՞վ կսիրի անզուգական աննմանին,
Երբ մատներս ինքնամոռաց վարժ չեն այնքան,
Որ ջութակ է մի հեծկլտում անդունդներում այն կուսական…


Ախր, մի տեղ, պիտի ինձ պես զնգաս, ինձ պես թնդաս,
Արձագանքդ իմ մեջ մարի և տարփողի,
Ծիածանը կամար հյուսի մի յոթնագույն,
Թեկուզ լինեմ լույսից թեթև, բայց շառագույն…
Ինձ նմանին քիչ է ասել մահկանացու,
Սա թատրոն է կամ մի հոգու ներկայացում,
Քեզ չեմ հուզում և շուրթերս եմ դարձյալ լիզում
Այս չորացած և ճաքերից այս մասնատված:
Հոգիս քո շուրջ գծել է մի էլիպսոիդ,
Ու ես դանդաղ, բայց համաչափ
Քո ծիրում եմ, անտես բոլիդ,
Շուրջս սակայն տիեզերքն է անտակ, անչափ…


Ինձ չփնտրես օրվա մութին՝ աղջամուղջին,
Մշուշն իմ մեջ հասունացել, մութնուլույսը դեռ չի եկել,
Դեռ չեմ ծեծվել, բայց ջարդված եմ, փուլ եմ գալիս, թե որ հրես,
Եվ թե հպվես մատնեմատով, դու անկարոտ հոմանուհի,
Իմն ես էլի…մանուշակի պես գլխիկոր, նեղացել ես,
Կամ ուզում ես թելադրել, որ ես ուռած այս աչքերով
Զանազանեմ տառ ու դարձվածք, միտք -գաղապար, օ, իմ գոհար,
Կամ անգին քար, ուրիշ մի քար, որի հոգին ճաք է տվել և անիմաստ…
Այսօր պիտի գաղտնազերծեմ քո մարմինը կապանքապատ,
Որ ավելորդ քաշդ դառնա լոկ պատրվակ, երբ ինձ վանես,
Եվ աշխարհի այս անտարբեր և օրերի մեկընդմեջում նշավակես
Ինձ ծանակես, իմ փոխարեն դու ճերմակես,խնդաս ու լաս իմ փոխարեն,
Աղջամուղջին պիտի խնդրես, որ այս անգամ չժամանի,
Թող որ ոտքը մի տեղ ճանապարհին կոտրի, չգա՜,
Դու էլ գիտես նրա գալով ես կդառնամ մի անպետք իր, մի առարկա,
Անշնչացած, բայց քո գրկում…
Ես կլինեմ մի փետուրից թեթև-թեթև, թեպետ հիմա ինչ էլ գրեմ
Բան չի փոխվի, եթե հոգիդ չխաղաղվի…
Փոթորիկից հետո միայն ավեր ափին երևում են մարմիններն անշչացած,
Ես չգիտեմ, դեռ ջարդված եմ, բայց ռունգերով ես տեսնում եմ
Իմ մոտալուտ մահը ափիդ, թե որ լույսին չասես,- բարև,
Մթնշաղը ինձ կտանի, ես հոգնել եմ քեզ սիրելուց կույրի նման,
Թող որ մի տեղ հակառակվեմ, գուցե ներքուստ ես խաղաղվեմ….


Ինձ մի ասա, թե ես ինչպես փառաբանեմ,
Եթե անգամ գլուխկոտրուկ մի հնարեմ,
Եթե անգամ այգը մութից զանազանեմ,
Նաև եթե, քեզ ինձանից հեռու վանեմ:
Ինձ մի ասա, թե քեզ ինչպես ատեմ, սիրեմ,
Պարզը բարդից ինչպես զատեմ ու բաղդատեմ,
Եվ ինձանից թիրախ սարքեմ, երբ դու լինես նշանառու,
Որ աչքերիս լույսը մարես անզուգական վրիժառու:
Ու այսքանից հետո , եթե պիտի գնաս, բարով գնաս,
Քո շուրթերին անզուգական շնչառությունն է իմ հատվել,
Գուցե ես քեզ շատ եմ սիրել և այնքան շատ, որ ես անհաս
Իմ երազի հետքը բռնել, սակայն երբեք տեղ չեմ հասել:


Խավարն ի՞նչ է, որ ցրես
Լույս ճառագայթյալ,
Մի օր ինձ էլ կթաղես
Մութի մեջ դարձյալ:
Ինչ տվել ես կամավոր
Քեզ հետ եմ տալիս,
Նաև սիրտս, որ այսօր
Մենակ է լալիս:
Մի քարափ եմ ես փնտրում,
Որ գահավիժեմ,
Սակայն մահս այս անգամ
Էլ քեզ չգուժեն:
Հանգիստ ապրի
ԱՇԽԱՐՀԻ ԻՆՉ-ՈՐ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ
ՀԵՌՈՒ, ՄՈՏԻԿ ԿԱՄ ԱՆԴԻՆ,
Ի՜ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ…
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (08.07.2013)
Դիտումներ: 1283 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz