Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
|
Երբ մենության եռավանկն է դավադիր
Երբ մենության եռավանկն է դավադիր, Արցունքներիս համն անանց է ու աղի, Անարձագանք, թեկուզ անվերջ դրվատիր, Ես դատարկ եմ ինչպես անհույզ մի խեցի: Թեթևասահ լույսն անցնում է անսքող, Այգն է անվերջ կերպասներն իր ծածանում, Աղոթք ասես, մրմնջում եմ տող առ տող, Մի քիչ էլ կաց իմ հուշերի կածանում: Անսովոր է բաժանումն այս, ցավագին, Տխուր տեղս սեպվել է նույն առանցքին, Հոլի նման անգամ հողին չեմ հպվում, Գլխապտույտ և կամավոր եմ հարբում: Հիմա կասես, գինին շատ է մառանում, Եվ հուշերս են անզուգական թասընկեր, Կասես ինչու՞ հարբում և չեմ մոռանում Քո պատկերը, քո նազանքը, իմ ընկեր: Մի քիչ էլ կաց, կհասցնես դեռ գնալ, Այս հուշերում իմ մարմինը օրորիր, Թե չեմ հուզում, գոնե փորձիր ինձ գթալ, Ես հարբել եմ, դու էլ այսպես ինձ սիրիր:
Սերն անհույսին, հույսը՝ կույսին, Տիրընդդառի խարույկն էր մեծ բոցավառ, Արծաթափայլ ամպ ու լուսին, Գիշերն էլ էր կրքերի մեջ զինավառ: Ինչ եղել է՝ անվերադարձ, Հուշն է միայն հայացքի պես հայեցող, Ես մեկնում եմ, գուցե անդարձ, Ուրիշ մի սեր, ուրիշ մի հույս, կամեցող: Սահմանն անցա, սակայն էլի Քո աչքերում վրիպակ եմ, իմ անգին, Մի օր կրկին ամպ ու լուսին Այլ գրկի մեջ կամբողջանան թանկագին:
Խավարի մեջ զորացրված ստվերներ, Շունչ էլ չկա, որ անկենդան ծածանվի, Տարաժամը մութի նման աներեր, Անհոգի մի՝ անզոր է, թե սասանվի: Լուսնկան է վաղուց մեռել երկնքում, Աստղերն էլ են կամայական մեկնակետ, Շվարել եմ բյուր բեկյալի արանքում, Ինձ ջնջե՞լ են, թե՞ դրել են վերջակետ: Տողերիս հետ մնացել եմ միայնակ, Ի՞նչ եմ փնտրում և չեմ գտնում շարունակ, Բայց եկել ես ու եկել ես անշշուկ Եվ քեզանով լցրել գիշերը տամուկ: Այս կետերի բազմությունը աջ ու ահյակ, իմ առանցքին համաչափ մի տատանում է գծագրում, Եվ անեզրից գալիս- գնում, անհայտության ախոռներում իմ այս վերջին սիրո ցավն է անէանում, Մարդիկ կան, որ անկարող են զանազանել գույն ու երանգ, սև ու ճերմակ և անտարբե՞ր են նրանք սիրում, Մարդիկ կան, որ կույր ի ծնե և աշխարհը շոշափելով են ընկալում, ի՜նչ տարբեր ենք մենք նույն ծիրում: Միթե ես էլ թերի եմ, Տեր, խղճա, Բարձյալ, բազմամեղիս, ես մեղքերի քայլող կծիկ, ես պաշտում եմ Ու չեմ սիրում այս գոհարին և լույսերից բազմաերանգ նրա էսքիզն եմ անհաղորդ դեռ հնարում, Այս հեքիաթն է այսօր անբավ իմ հայացքում աստղ ու լուսին, զօր ու գիշեր, և հարատև, և շարունակ, Անտես արա դու ինձանից կերպարանքն այս, որ զմայլ մի հետագծով դեռ թևում է ողջ ժամանակ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ
Մի բան ասեմ կամ շշնջամ աղոթքի պես, Հոդաբախշ մի անզորություն, մի ելևէջ, Որ շուտափույթ, անվերապահ և խորապես Անէանամ քո հույզերի հորձանքի մեջ: Իմ թերարժեք գոյությունը շղարշ է լոկ, Որ սքողեմ առանց այն էլ անբացահայտ Հպարտության ընձյուղն այն, որ ծնվեց անհոգ, Ինձ պես ստերջ, քեզ պես հղի, սակայն անհայտ: Ստնտու մոր բերկրանքն է նույն, աներևույթ Իմ մենության մարմաջն անգամ սարքում ոչինչ, Ոչինչ, որ ես այսօր ջնջեմ ցավ ու բարդույթ Եվ վերանամ քո լազուրում վճիտ ու ջինջ: Մի բան ասեմ, անուրջածին իմ թագուհի, Քո հոլանի մարմինն էլ է գայթակղիչ, Ես մեկնիչ եմ մութուլույսի և անհունի, Երբ ժպտում ես, և ժպտում ես հրապուրիչ: Քո մեջ կրկին բույն է դրել իմ սատանան, Որ երկկենցաղ գոյությամբ է գայթակղում, Մի թող, հոգիս, որ մեղքերդ էլ շատանան Եվ ես մնամ արհամարհված քո հատակում: Քամահարես, ինձ նզովես անվերադարձ, Հիշողության քո երիզից ջնջես իսպառ, Հաջորդական այս շարքի մեջ կամ հակադարձ Ցավը դառնա անմեկնելի և անսպառ: Առեղծվածը իմ մեջ ծնվեց, երազ դարձավ, Քո պատկերով, նմանությամբ, աննյութեղեն, Ես տենչում եմ կիսախավար, թեկուզ անձավ, Որ ինձ սիրո խաձարուրում լուռ անթեղեն…
Երբ մարմինդ պիտի դողար հպումներից գայթակղիչ, Եվ բզկտված ժամանակը շիկներ անգամ ամոթահար, Չեմ հավատում, թեև գիտեմ վերջին կինն ես այն հմայիչ, Որ ինձ խոցեց անտարակույս և ընկած եմ ես շանթահար: Վաղը դարձյալ և անդադար, անվերջ ինչքա՞ն չքմեղանաս, Արցունք հեղես ու զարմանաս, օձահմա ո՜նց նեղանաս, Չեմ հավատում, եթե անգամ դերասանի անզուգական Վարպետությամբ արտաբերես խոսքեր պատիր, բայց մոգական: Քանի այսօր անհայտության բաղաձայնն է, ի՜նչ մահաբեր, Ներհակաբան սիրո կանչին առաջնորդում կառափնարան, Ուր վերստին գլխատում են, բայց չեն մորթում, որ հագենան, Ես քեզ տեսա իմ երազի ծիրից անդին և… անտարբեր: Աչքերիս փակն էլ երազ է թովիչ, Աչքերիս բացը լույս այսաշխարհիկ, Մի օր եկել ես, մի օր համոզիչ Պիտի հեռանաս փոքր-ինչ երջանիկ: Եվ թաց աչքերով հուշերում անանց Մի աղջիկ դարձյալ գայթակղիչ է, Իմ անուրջներում թանկագին մի գանձ, Բոլորից սակայն նա հմայիչ է: Հրապուրիչ է, ասես ծովերի Սահմանին ձուլված չքնաղ մայրամուտ, Նմանների մեջ այնպես գովելի, Սակայն աննման ինչպես մարգարիտ: Մեկնում ես հիմա կամ հեռանում ես, Ինձ էլ է թվում, որ անվերադարձ, Ծովածուփ ալիք, թե վերանում ես, Ինձ հետ միասին՝ օրերում անդարձ: Այսօր կրկին հուշերս անանց, մեկուսի Շրջան բռնել, շորորում են ուս-ուսի, Մենապար է, բայց կարոտն է երկուսի Տարալուծվում շուրջանակում անհույսի: Աստղիկները երկնքում էլ հմայում, Հուշ են դարձել անիրական առկայծում, Քո մատները իմ մատներն են դեռ շոյում Եվ շուրթերդ իմ շուրթերն են որոնում: Թե ծիծաղ է, դու ժպտում ես անմեկին, Թե արցունք է. լաց ես լինում և թախծում, Դեռ սիրում ես անիրական այն մեկին, Որի սերն էլ անիրական ես կարծում: Ես աղոտ եմ, ես էլ մոմ եմ և վետվետ Ես քո սերն եմ, ես քո ցավն եմ այսուհետ, Թե երազ եմ, գիշերների մութ ֆոնին Ես պարգև եմ քո ծննդյան սուրբ տոնին: Փողոցն ալեկոծ ու ես սեր չունեմ, Քանի ցերեկը կույս է անսքող, Գաղտնատես մութի գալն ազդարարեմ, Աղոտ առկայծում մարմինդ գերող: Հուզմունքն ընկել է կուրծքդ կիսաբաց, Երկու կոներից էլ բան չմնաց, Հատվում են անվերջ երազ ու խաբկանք, Ասես սաստում են, որ անսեր մնանք: Այս տարերքն ունի եռաչափ տարածք, Ուր ժամանակն է բարի պարտիզպան, Անվերջ հյուսում եմ անասաց մի ասք, Որ սկիզբ ունի, բայց ոչ վերջաբան: Երկնքի մութը կաթում է ահից, Եվ խենթանում է ցավն իմ անամոք, Արքան ընկել է անհաղորդ գահից Ամբոխի նաև աղջկա կամոք: Իսկ ես գինի եմ խմում աներկյուղ Արարատն այսօր ո՜նց է հմայում Հարբում եմ այսպես առավոտ կանուխ, Դարի զարմանքը ես եմ քնարում: Դեպի քեզ գալիս և հեռանում եմ, Միթե աչքերիս թախիծն աներկբա Անէացել է անհայտ մի ծիրում, Որտեղից երբեք վերադարձ չկա: Անզուգական մի աղջիկ փողոցն անցավ հեզաճեմ, Խոնարհ հայացքն անմեկին, հանդիպեցինք դեմ առ դեմ, Ասես շոյեց ինձ անբավ երկյուղս արած ետնաբեմ, Ես մնացի հմայված, ուր է նրան կախարդեմ: Փոփոխական մի աշխարհ և երկնաճեմ մոլորակ, Մեղքը քաղցր է ,Տեր Աստված, թե աղջիկն է շարունակ Նախաստեղծ իր թովչանքից և հուզմունքից կաս-կարմիր Ինձ նվիրում մի կակաչ, թեկուզ թոշնած, բայց ընտիր: Օձը նրան հմայեց, թե նման էր այն օձի, Ես աշխարհն եմ ընկալում նաև առանց ակնոցի, Այս փողոցը դեռ այսքան անմիջական չի գերել, Ես սիրում եմ քեզ աշխարհ, թեև ինձ դեռ չես սիրել:
|
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (08.07.2013)
|
Դիտումներ: 589
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|
|
Հյուր,
|