Կիրակի, 22.12.2024
Բանաստեղծություններ
Կայքի մենյու
Բաժնի անվանակարգերը
Իմ հոդվածները [22]
Մինի - չաթ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մուտքի ձև
Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Հիսուն տարվա մենություն
Հիսուն տարվա մենություն

Ես անանձնական ցավեր ապրեցի,
Որպես հատուցում հին-նոր մեղքերի,
Որն էր իրական, որը թվացյալ,
Այդպես էլ հասու ինձ չեղան, Բարձյալ:
Մոտեցա խաղաղ մի հանգրվանի,
Իմացա հարգը իմ հանգ ու բանի,
Մի աղջիկ մնաց արցունքն աչքերին
Հեքիաթում անանց, անցյալ անցքերի:
Նա չէր սիրելին իմ հին օրերի,
Թեև կրծքի տակ գծված կորերի
Նա էլ սեր ուներ այնպես թանկագին,
Եվ թվում էր ինձ, նա էլ էր անգին:
Բայց ուրիշ մեկի և ժամանակի,
Զուգահեռ մնաց և անվերադարձ,
Ես էլ պարզապես մնացի մենակ
Եվ հեռանում եմ անսեր ու անդարձ:

...

Պարադոքս

Փակուղղի մտած մի հին կենսաձև վերջացա՞վ, գնա՞ց,
Ասում են, իբրև, վերացական չէր մտքերը նրանց,
Կիրառական էր և աքսիոմատիկ հաց ու կացիվ էր,
Հակոտնյա մեկի միտքը անարգել, աչքը ցրիվ էր:
Եվ ամենուր էր, ասես, դժոխքի թատերաբեմից
Կարգ ու կանոնի հազարափեշակ պահնորդ ու հսկիչ
Միևնույն տակտով, ջերմեռանդությամբ սաղմոս են կարդում,
Որ մեզ հմայեն ինքնաբավ ցավի անստույգ ծիրում:
Թողեք, որ մենք էլ մեր մեջ համրանանք և անէանանք,
Մինչև Փրկիչի այն ազդարարված գալը հասկանանք,
Որ մեր մանկության խաղերին հանկարծ կարոտ չմնանք,
Մենք էլ մանկանանք ու այս դեմքերը մասամբ մոռանանք:
Ահա քառորդ դար առաջնորդների պակաս չունեցանք,
Երկյուղ չունեցանք, քանզի կամավոր վախն այդ ուրացանք,
Ո՞վ է մեղավոր փնտրտուքների այս խառնաշփոթում,
Կանգ առ, իմ եղբայր, թույլին մորթում են կամ ինքն է մորթում.
Իր վախը հարկավ…
Մի պահ և հետո մեզ առաջնորդեք սիրո փորձությամբ,
Մենք քիչ ենք, այո, բայց հայ ի ծնե և փորձառությամբ,
Որ չեն ունեցել գենետիկ կոչված այն հոսքագծի
Խոտանները բյուր և միահեծան, նույն վարքացցի…
Որ մերը չեղավ…
...

Ինձ էլ մտահան արա հուշերից,
Ասես, չես խազել բեկված լույսերից
Էսքիզն այն, որ իմ պատկերը ծնեց,
Հոգուդ հայելին այդ ի՞նչ ճաք տվեց:

Մի ասուպ հատեց երկնակամարի
Կուսաթաղանթը բոսոր ու հնչեղ,
Եվ նրա բազում արձագանքներից
Կրակվեց հոգիդ շողարձակ կանթեղ:

Ես ո՞ր առկայծում մարեցի իսպառ,
Ստվերս դարձավ մոխիր քամահար,
Եվ միայն սիրտս, սիրտս վշտահար
Քեզ ձոնեց երգեր, երբ իմը չեղար…

Մի օր անանուն կփարվես նրան,
Եվ իմ ժպիտը առագաստ կանեք,
Կշրջվես մի պահ, թեև անվարան,
Եվ ինձ կշոյես մի վերջին անգամ:

Ու ես կմեռնեմ աշխարհում համայն,
Հյուլե չի մնա մի նոր հարության,
Աշխարհն աշխարհից խռով չի մնա,
Մեկն ավել, պակաս. Հերն էլ անիծած…

...

Հատել եմ բոլոր զգացմունքներս առանցքիդ վրա,
Դարձել աննշմար մի կետ սրտիդ մեջ,
Քո պատրանքներում իմ տարածական պատկերը չկա,
Քո ստվերն իմ մեջ ձգվում է անվերջ:
Ու շոշափում եմ այդպես ամեն կետ,
Ձեռնահարում եմ բլուր ու իջվածք,
Սիրահարում եմ ամեն արահետ,
Սիրո հրճվանքին դնում բազմակետ...
Հեծյալն իմ անցավ հազար անդաստան,
Խազեց ամեն մի փարախ ու ոստան,
Ու հաճույքների մի հին քարավան
Պարտեզը մտավ սիրո անվախճան...

...

Ինձանից խլածն իմը չէ, բնավ,
Քո տվածն անգամ իմը չդարձավ,
Մի լույս է թարթում այն պատուհանում,
Մոմի դալուկն էլ սիրո խորանում:
Կաթիլն արցունքի պատրանք ու թախիծ,
Մահվան տեսիլը ի ցույց է հանել,
Դառնահամ ծուխը բուրվառ չի տեսել,
Նա էլ է անսեր ինձ նման հոգնել:
Ես քեզ թողնում եմ հույսի ծմակում,
Ուր հանդիպակաց ժայռերն են խոկում,
Ասես Անգեղաց Տորքի շառավիղ
«Մտածողին» են անվեջ աղերսվում:
Դու էլ խորհելու ժամանակ ունես,
Քանի պատկերն այս սիրտդ կգերի,
Քո ծմակուտին արեւն էլ գունեղ
Գույներ կբերի, ուր ես չեմ լինի...
Ես ծմակուտն եմ ցող կաթիլներով
Ու լույսի ժլատ, նուրբ փաթիլներով,
Հեւոցի նման կամ արձագանքի,
Լսելի, սակայն պատի այն կողմից:

...

Մեղրի պես ծորում, բառերն են ոսկի,
Շուրջկալ է հիմա փողոցում խոսքի,
Շշուկների մեջ ինձ ես կորցրել,
Ինչ ես որոնել եւ ինչ ես գտել:
Մերկ է մարմինդ ու փարոս անշէջ,
Կնավեմ մի օր քո ափը դեպի,
Ով հիշողության փոքրիկ մի խէցի
Քո միայնության ծովեզրին թաղեց:
Մի օր բառերը կծնեն մտքեր,
Աղոթքի նման կհնչեն խոսքեր,
Եւ ծովից եկած մի հուզմունք-քամի
Շրջազգեստի պես քեզ էլ կփարվի:
Դու ինձ կփնտրես քո անուրջներում.
Անտերունչ խեցի՛ ծովի հատակում,
Փարոս-լուսատու, որ ինձ է կանչում
Անվերջ հուզվում է, սակայն չի սիրում:

...

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: armen (07.05.2013)
Դիտումներ: 408 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հյուր,
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2024
Անվճար հոսթինգ uCoz