Մի լույս խավարում մոլորվեց, Համրացավ ամեն ինչ գիշերում, Մի քամի ծածանեց վարագույր, Մի ժպիտ չքացավ, ես եմ կույր... Ով այսօր ինձ ասեց հեռացի Ու ջնջեց պատկերս նկարից Աշունը խեղճացավ իմ հոգում Մի սրինգ լալագին հառաչեց Կարեկցեց ինձ խավարը միայն Ինձ շոյեց աշնան քամին Գիշերնի իմ պատկերից ծամածուռ Հունցեց մի անկենդան մոլորակ ...
Երազանքներս թեթեւ, ինչպես ստվեր, Ասես ծովի ալիքների տատանումներ, Եւ չափածո, անվերնագիր մեղեդիներ, Անգամ հոգուս մենաստանում կարոտ ու սեր, Կարոտն աշուն չունի, սակայն ծիածանի նման Կապել է նա մի յոթնագույն կամար ուր ես վերջակետն եմ... ...
Դու կրկին հեռու, դեռ վիճարկում ես անբեկանելին, Համարի չկամ, անմաս կմնաս անակնկալին, Պատահական է իմ գոյությունը, արցունք կա աչքիդ, Մի օր հուշերիդ հագուրդ ես տալու... ու սիրո կանչին: Քո ապրած կյանքից գեթ մի ակնթարթ իմ սիրով ժպտա, Տեղադրիր ինձ քո անուրջներում որպես բազմակետ... Երբ, անտարակույս, մի անցողիկ սեր քեզ պես ինձ գթա, Իմ տառապանքին քո նմանությամբ դնի վերջակետ: ... Ես, դու, լուսինը... Կուզես հեքիաթ նվիրեմ ու հեքիաթում մի աշխարհ, Համբույր տամ քո շուրթերին, սիրո թրթիռն էլ զգամ, Շոյեմ վարսերդ՛ գիշեր, տագնապներն իմ անհամար Տեղադրեմ գրկիդ մեջ աստղերի պես ցիրուցան: Հպեմ կրծքիդ կիսափակ, կոնքերիդ բաց ու մարմար Դեռ չգրված մի սիրերգ ու մեղեդի մի խելառ, Թե արտոնես քեզ սիրել, սիրեմ անգամ հայացքով, Անուրջներիս թագուհի աստվածուհու նայվածքով: Կուզես խնդամ, կուզես լամ , հարբեմ սիրուց քո անուշ, Կարոտ, թախիծ ուրանամ ու չդառնամ քաղցր հուշ, Լուսին, ես քո հայելում նրա պատկերն եմ տեսնում. Ձեր երկվորյակ քույրերից հիմա ես ում եմ սիրում...
...
Ես նայում եմ պատուհանից, ուր ձյունաճեմ Իմ փողոցը ձգվել է ցած ու հեռացել, Մի աղջիկ էլ օրոր-շորոր, սակայն անդեմ Այս լռության մոլորակում, սեր է գտել: Ի՞նչ երկյուղ է իմ մէջ մտել հանկարծակի, Ե՛րբ թվում է կորցրել եմ անվերադարձ, Ես պայտում եմ ձյունի փաթիլ վերվարածին, Եւ սիրու՜մ եմ, բայց հայացքո՜վ, կույսին անսանձ:
...
Անուշ գիշերն է մեղքի, Ծաղկած մտել են թաղար Ծաղիկների մեղեդին Եւ քո ծիծաղը խելառ: Կավն էլ մեղքի համ ունի Պատահական, անցողիկ, Ախ, ի՞նչ գիշեր առանց մեղք, Առանց ծաղիկ, առանց երգ:
...
Ինձ պարգևեցիր լոկ քո հուզմունքը, Մեղքդ մարմին էր առնում կամովի, Երբ քողարկեցիր հոգուդ խռովքը, Ինձ բաժին մնաց շփոթն աշխարհի: Անբիծ որոգայթ, դիմակներ բազում, Կախարդական եւ անբասիր ժպիտ. Սիրախաղերից չկա ազատում, Աշնանամուտիս չքնաղ մարգարիտ: Կարոտս բեկվեց, հազար անդրադարձ Փնտրեցին կրկին պատկերդ ավերիչ, Ես մոլորվեցի օրերում անդարձ, Քո սուրբ նազանքից չմնաց ոչինչ...
...
Իմ բառերն աչքիդ արցունք կբերեն, Բայց ես չեմ լինի, որ սրբեմ կրկին, Հուշերդ անմեկին քեզ էլ կգերեն, Ես էլ չեմ լինի, թանկագին իմ կին... Դե մնաս բարով, սեր անզուգական, Եղածն անցյալ է, անցյալն անթերի, Մի օր կփարվես վարդի թերթերին, Որ զարդարել են դեմքն անտարբերի: Աշխարհը մնաց հոգնա՜ծ հուշերին, Ուր ճաք է տվել հոգուդ հայելին, Դու նախկին փառքով երբեք չես շողա, Քո բաժին փայլը խամրել է հիմա: Դե մնաս բարով, սեր անզուգական, Ես դեռ հիշում եմ մերկ երկանդամին, Ինձ անտես մնաց թախիծն աչքերիդ Ու հաղորդության մեր եռանկյունին:
...
Ձյունն ամենուր է արծաթն իր փռել, Իմ երազներին հետք է դրոշմել: Ես շուն չեմ, լուսին, որ ցավից ոռնամ, Գնում եմ հարբեմ իմ հին գինետան Կիսանկուղի մի խու՜լ անկյունում, Որ այսօր կրկին ճոճվում է, հարբում...
....
Ա
Ես այսօր դարձել եմ հիսուն. Անբե՞կ եմ, քամահար կաղնի՞, Սառել են աչքերիս հեռվում Անցյալի հուշերն անթերի:
Մի օր ես աշխարհ եմ եկել Անտերունչ, հեռու եզերքում, Կարոտ ու կսկիծն եմ թողել Դեռ անհայտ, չգրված եղերգում:
Եւ Վարար աղբյուրի թաղում Երերուն ոտքի կանգնել, Այս հիսուն ու ձիգ տարում Անհաստատ ո՞նց եմ ապրել:
Բ
Կռապաշտն այլադավան Մայր հողին ինձ կույր կարգեց, Հեռացա, որ անվարան Հուշերից սարքեմ պարտեզ:
Դե, արի, փարվի, իմ տաք, Այս այգու ծառին ծաղկած, Հիմա է հուշը հարթակ, Տես, չընկնես անժամանակ:
Կմնա՞ս, թե՞ կգնաս, Կաղոթե՞ս դու առ Աստված, Ես այսօր հիսունն անցա, Խոհուն եմ, շրջահայաց:
...
Իմ նամակները ...որ չես ընթերցել, Քեզ խանգարել էր սոսափն անտառի. Երբ մեր մանկության քաղաքն անքուն էր, Երգս գողացել ու քեզ էր ձոնել:
Լսիր, քանի դեռ խոսակցությունը Թարմ լուրի տեսքով եթերն է լցրել, Ես կառուցել եմ ծովի իմ տունը, Ապառաժներին, որտեղ չեմ եղել:
Քանի քաղաքը խաղաղ չի քնել, Նամակները իմ ...ինչու՞ եմ հիշել, Դեռ առկայծում են կայծոռիկները, Որ արթնանում են եւ երգում երգեր:
...
Իմ փողոցը
Այստեղ անցորդ են եւ իմ հուշերը Եւ աստղազարդ է անգամ գիշերը, Լույս եւ ապակին դեռ թափանցիկ են, Կանայք վարդերից մի քիչ կրքոտ են: Իմ երազներից լապտեր եմ վառել, Ձանձրույթն եմ իսպառ նաեւ բացառել, Եւ միալար է միայն ջութակը Ու նրա մանվածք նույն ժամանակը: Սակայն քո դեմքին երկչոտ դիմակ է, Անտես, որ մնաց, համակրանքն է. Առաջնեկ չեղա, չդարձա երկրորդ, Սիրո շրջանում դարձա լոկ հաջորդ... Իմ փողոցն այսպես ամեն երեկո Հուշերիս տրվում, ասես, ինքնագոհ Հոմանուհի է, շնացող մի կին, Որ ինձ է դյութում անվերջ ու կրկին:
...
Արի, չքնաղ, հանգավորեմ սիրախաղի բառ ու բանով մարմինդ տաք Պատրանքների ջրվեժ դարձած գահավիժեմ գիրկդ անհագ Ժպիտ դառնամ դեմքիդ անմեղ ,պատահական ինչ վրիպակ, Մի ակնթարթ քեզ հմայեմ, թեկուզ սիրեմ անժամանակ: Խլեմ հազար հայացքներից երկրպագու ու ցլադեմ, Ձեռնահարեմ ու շոշափեմ կուծքդ սարքած թատերաբեմ, Հոգիս դարձնեմ անմխիթար ետնաբեմի մի հուշարար Գայթակղեմ մինչ լուսաբաց ու կրկնեմ ամեն արար: Քեզ էլ ինչպես ես համոզեմ ու թարգմանեմ անմեկնելին, Լուսին ես դու իմ եզերքում կարոտիս պես հասանելի, Երբ մոտիկ ես, մակնթաց ես փոթորկահույզ իմ հայելի, Աչքերիդ մեջ ինչ եմ փնտրում. հուսահատված սիրահարի:
...
Ձեր ժպիտը համաստեղ հայացքիս ծիրում, Եվ դյութել եք ինձ այսօր, դյութել եք հեռվում:
Արագընթաց հույզերիս բնանկարում Վրձնահարված մի մնաց կիսատ նկարում:
Տիրոջ կամքով արարվեց աշխարհը արար, Ձեր հղացքն էր կատարյալ, չքնաղ հոգեառ:
Մի օր կավից յոթնահունց արձան կունենաք, Ես կփարվեմ այդպես Ձեզ, որ սիրված մնաք:
Հետո կանցնեք երազում խորքը կտավի, Եվ հեքիաթն էլ այս թերի այսպես կավարտվի... ..
Ձյունի մի փաթիլ գարնան շերեփից դողահար ընկավ,Ափս պարզեցի և արցունքաբեր ամպերը, ասես, մեկով քչացան, Լուսատուն մաղեց լույսի մանանա և մեղուները քնից արթնացան, Ցուրտը նահանջեց, գիշերը զոհվեց կրքերում անբավ... Ես շղթայակապ կառափնարանի շուրջն ամենօրյա շրջան գծեցի, Որտե՞ղ է հույսս ծվարել անտես, ինքս էլ չգիտեմ, Պահնորդը հայտնեց, որ անակնկալ մահս կգուժեն մի վերջին պահի, Հիմա խորհում եմ, պարադոքսն այն է, քանի որ գիտեմ... Բայց չորեքշաբթի ձյունի փաթիլը ափիս ջերմությամբ հալվեց, վերջացավ:
...
Խոհերս անտիպ են, մարմինս է տտիպ, Ցանկասեր գինու թթվաչ նախատիպ, Մեկը խազել է հուշերիս հեռուն Զգացմունքների պարսերով զեղուն: Նախամարդ, ասես, քարայրս թողած, Արձագանքի մեջ երկյուղս դողաց, Այս անհայտության ջութակն եմ լիզում, Առաջվա նման էլ քեզ չեմ հուզում: Քեզ որոնում եմ չասված բառերում, Զգացմունքներում, որ դեռ չենք ապրել, Միտքս դարձել է այնպես սևեռուն, Բևեռայինն է աստղն իմ երկնքում: Թե կուզես հիմա զենիթն ուրացիր, Եվ Փոքր արջի տուտն էլ անտեսի, Մի օր, ակամա զարմանք հարուցիր, Անցիր լուսաճեմ՝ եզրով անտեսի...
...
Ձեռքդ տուր, անգին, անդունդն ընկալենք, Գույները բոսոր այս մայրամուտի, Ընկնող արևի հետագիծն անցնենք, Իլիկը մանենք անցնող հուշերի: Ես, դու, լուսինը... չորրորդը չկար, Կավածեփ մի տուն՝ աշխարհի խեցին, Երանի ցայգը համրանար, չգար, Խաշամը մնար ոսկե անկողին: Ներդաշնակ մի հույզ մեզ իրար կապեր, Սիրո հորձանքում հարակաց ափեր, Մայրամուտի մեջ մարմին ու ստվեր Ձուլվեին, ասես, սիրահար ամպեր:
|