Սև կատու մի փնտրի անկյունում, Խաբկանքն է աներկյուղ հմայում, Վաղանցիկ հաճույքի արդյունքում Ծուռ, պատիր խոսքերն են քնարում:
Ասվածը դառնում է վերջնագիր, Հմայքից մնում է… վերնագիր, Հույզերը ծովի մեջ ալեկոծ Բեկում են ափեր ու ծովածոց:
Մեղմանուշ զեփյուռի կարոտից, Եվ կույսի գույնզգույն նարոտից, Հյուսում եմ մի անտես շրջագիծ, Դու՝ շրջան, ու ես քեզ՝ հարակից:
Այս գիշեր լուսնկան անմեկին Շողերն իր թախիծով պարուրել, Փնտրում է անծանոթ այն մեկին, Որ անկյան մթնում է ծվարել:
Իմ երազ, թափանցիկ, և հիմա, Մոմի լույս, և աղոտ ստվերներ, Քեզ ինչպե՞ս ես սիրեմ. ինձ ասա, Լույսից լու՞յս, թե՞ մութում աներեր:
Հմայիչ և ծածան գիշերում Կորընթաց ասուպներ, և անհուշ, Մի աղջիկ, լույս աղջիկ հուշերում, Դողահար, գլխիկոր և… անուշ:
Մարել է և նրա գրկի մեջ Շողազուրկ և դժգույն լուսնկան, Թախիծը ձգվում է սնամեջ, Այս անուրջն իրական է սակայն:
Պանդոկի կիսամութ անկյունում Այտերն իմ աննկատ են թրջվում, Մի աղջիկ ինձ անվերջ հմայում, Կաթիլից արցունք է հնարում:
Սև խաղող Արաքսի աջ ափից, Մաճառ է վրդովված այս գինին, Ընկել եմ թե հալից, թե չափից, Ամենուր լույս պատկերդ է կրկին:
Մարկ Սաղաթելյանի հիշատակին
Բարեգութ Աստված, հայտնության տվիչ, Ցնծության տոնին սերդ էր ամոքիչ, Բազմաբովանդակ մեղքերի քավիչ, Թող չանանձնանամ այսպես՝ սպառիչ: Հուշերս էլ այսօր եսակենտրոն են, Ցավն այս հանապազ էլ ո՞նց արտոնեն, Ծափահարում եմ ապրած այս կյանքին, Երանի նրան, ով տեսավ Մարկին: Խառնակ օրերի ծիծաղի Արքա, Մահը ու՞մ շունն է, գա ու չգնա, Ասուպի նման կյանքդ բոցավառ, Հայեցող ենք մենք, դու՝ հանդիսավար…
Թմրամոլ մեկին կամ հավակնոտ միջակությանն, այն մասին, թե ինչու եմ բանաստեղծությու գրում և խաշխաշն ու օղին գերադասում պարապ ընթացքի ռեժիմում
Պիտի ցնծա հոգիս, եթե գան ու ասեն, Որ թուրքերի հոտից իրենց զանազանեմ, Երբ միայնակ՝ ոչինչ, ոհմակով են Կայեն, Անհրապույր ու նենգ ու թե՞ խարազանեմ, Մտրակների շառաչն, այնպես, հազար անեմ, Որ լսելի լինի, անգամ, եթե ներեմ: Ծիրանափողն առած, եթե պիտի դավեն, Եթե մի օր քունքիս ատրճանակ պահեն, Հազար պատճառ բերեն՝ ամուլ, ու թե խածեն, Մահս լինի պարգև, եթե պիտի դաղեն… Անաղուհաց քրդի ու տաճիկի ահեն, Թե մտքերս մի օր անվերադարձ թաղեն: Ես կամ, չկամ եթե, եթե աներևույթ Ես անտեսից բեկեմ ցավին հանգույն ձանձրույթ, Մահարձանիս պիտի սեպագիր մի թախիծ Գեհենի մեջ անգամ գա ձեր թշվառ հախից, Այս կռիվը թեև պիտի մի օր մարի, Ո՞վ կմնա գինով, թե իմ մահով շահի…
Ինձ էլ չի մնա աշխարհի բանը, Մեկի հուշերում և կամ ողբաձայն, Բարձյալի կամոք, կգա իմ ժամը, Ինձ ե՞րբ կսիրես, կսիրե՞ս սակայն: Եվ հավատարիմ շան մի հեզությամբ Իմ ժամանակը առաջս ընկած, Ցնծում է անվերջ. կույսի մեկնությամբ՝ Անառակ մեկի հանդերձը հագած: Շքեզ է, ինչքա՜ն, կուրծքն այս կիսաբաց, Կոնքերը կոր են և… մշուշապատ, Գայթակղիչ են կին ու լուսաբաց, Որ հմայում են անդունդ, թե գագաթ: Կուզե՞ս հեքիաթի ասպետն անարի Վերստին տիրի գահին արքունի, Բանադրանքից բախտը անճարի Կհատվի մի օր… առանց արբունքի: Ինձ էլ չի մնա աշխարհի բանը, Մեկի հուշերում և կամ ողբաձայն, Բարձյալի կամոք, կգա իմ ժամը, Ինձ ե՞րբ կսիրես, կսիրե՞ս սակայն:
Հեռավոր մի բարեկամի
Անհավատի փիլոնն առել և կամազուրկ Ճեմարանի պատերից դուրս խելքից ես զուրկ, Մայրդ պիտի խոստովաներ, որ ակամա Ծնված օրից անհոգի ես մինչև հիմա: Աստծո անունն անհարկի ես միշտ հոլովել Եվ հուդային արծաթասեր կուռք ես սարքել, Երբ ամենուր մի Անտունի, մի Հորովել, Մեծավերջը ե՞րբ ես շեշտել և կամ հեգել: Օտարածին պոռնիկներին այն կռապաշտ Եվ սեմական տերերին ես երկրպագել, Ինքդ քեզ հետ ե՞րբ ես խաղաղ ու ինչքա՞ն հաշտ, Քո նմանը ե՞րբ է անգամ երկիր պահել: Հպատակին կուզես ասա մեկ ու հազար, Որոգայթ է միշտ լարելու ինքն իր համար, Անաղուհաց քանի մնաս թուրք ու խազար Հոգուդ վանքում չեն թողնելու սյուն ու կամար: Ստահա՞կ ես, քծու պոռնի՞կ կամ բանսարկո՞ւ, Սակարկում ես կույսի նման անվերարկու, Թե պոետիկ խոսքն ես անվերջ դու մրոտում, Շարական ու հայրեններով չես մտորում: Խռովահույզ ինքդ քեզ հետ և մեկուսի Դիմակազերծ արա ներսիդ չարակամին, Շուրջպար է սա, որ միակամ և ուս-ուսի Կյանք են կոչել ու դրվատել բարեկամին:
Իմ սիրածի նազերն անուշ, Պաչերն անուշ, գինի են հուշ, Կույսի ժպիտն ուրիշ է, Տեր, Վարդագույնից շատ է ընտիր: Շրջեմ այսօր պանդոկ ու բեմ, Բնօրինակն իմ դրվատեմ, Էսքիզ դառնամ ծովում ծածան, Սուզվեմ, հուզվեմ և անսասան: Օրոր-շորոր և վարանոտ Իմ հուշերից հարբեմ կրկին, Որ օրերի հեռվում աղոտ Այգն ընկալեմ այն անմեկին: Թե գաս, գնաս իմ փողոցով, Անցնես ինչպես աստվածուհի, Մեղեդու պես մի հոգեթով, Անզուգական իմ թագուհի: Ու ես հարբեմ քո խայտանքից… Գինու թասում քանի՞ երազ Հոգնել են այս տվայտանքից, Իրենց հերթին՝ քեզ պես անհաս:
Ես երկինքն եմ, մերթ աստղերի ասեղնակար մարմիններն եմ լուռ անթեղում Հիշողության իմ նախաստեղծ խանձարուրում, մերթ մթնում եմ անբնական, Բայց անթերի և ամպերից քող եմ կարում ճերմակագույն մառախուղի նման սակայն: Իսկ անանթափանց տարածքներում սիրահար մի զույգ է գտել պատասխանը, Թե նախամարդն ինչպես դարձավ մեղքի գերի և ճաշակեց հացն ու գինին, Որ մարմին ու արյուն դարձան և շրջում են այսաշխարհիկ, շփոթահար Եվ անտեղյակ ծիածանի կախարդական ու գունագեղ զորությանը, գիշեր է դեռ, Մոլորակի հակադիրն է լուսավորյալ, բարձրակրունկ մի կին ահա կետադրում Եվ ջնջում է անվերապահ հարցական ու բութ հայացքն իմ, Եվ կոչական նշաններն են Փաղանգ կազմել, զորագունդ մի անզուգական, որտեղ ես եմ փոքրիկ իշխան…
Ծաղրուծանակի շքերթն ավարտվեց, Եվ դեկորներն են դեռ քամուց ծածան, Մի նոր բռնակալ աշխարհը ծնեց, Մեկտեղ ոռնացին ամբոխ ու գազան: Միմոսը ժպտաց անառակ կույսին, Գայթակղիչ ու դալուկ անհույսին, Անագորույն ի՞նչ մորմոք է պատել Լույսին, որ մութից երբեք չի զատվել: Անտարբերն ո՞վ է, մի նոր ներքինի՞, Որին խածել են դեռ խանձարուրում, Անփոփոխ են լոկ բարքերն արքունի, Որ էլ արքային բնավ չեն հուզում:
Թե ուզում ես, որ ես դարձյալ շառագունեմ Եվ ամոթխած իմ երկյուղը վարագուրեմ, Կամ հորդառատ անձրևի պես շռնդալից Ապացուցեմ, որ երկինքն է սիրուց լալիս: Անապաստան և հեշտածին որոտներին, Աջ ու ահյակ փայլատակող կայծակներին Ստվերն ի՞նչ է, որ, երերուն ու դողահար, Արհամարհի, եթե նույնիսկ քիչ համարի: Եվ համառի… ու համառի անփութությամբ Ոսկորներիս թացն անտեսի և երկարի, Ու ես թրջվեմ մինչև ծայրը համասփյուռի… Վարանու՞մ ես, դեռ կարող ես թրջվել անձամբ:
Ինձ էլ չմնաց երգ ու պատարագ, Ծերացա միթե այսքան ժամանակ, Ողջագուրվեցինք իմ ստվերն ու ես, Բարի առավոտ և բարին ընդ Ձեզ…
Բացվել է լույսը քաղաքի վրա, Անառակն անգամ կույսի հանդերձանք Հագավ աներկբա և հաստատակամ, Կրքոտ այս խաղում զինվորներ դարձանք: Սովորական մի օր է մատչելի, Դահիճն ու զոհը շարքում են էլի, Մեզնից անկախ է դիպվածն անամոթ… Բարին Ձեզ հետ է, բարի առավոտ:
Հագուրդ եմ տալիս տխուր պահերիս, Արցունքն ի՞նչ է, որ ակամա չգա, Բալասան չկա անլուր վախերիս, Հոգի չմնաց քեզ պես ինձ գթա: Մարդ ծերանում է իր ժամանակում, Գուցե՞ հասցնես սիրել ինձ կրկին. Անդարձ, անմեկին ո՜նց են ճերմակում, Երազ է կյանքը մահի նույն ձեռքին: Այլ մի չափի մեջ հայեցող եմ, տես, Ուզու՞մ ես իսպառ ջնջեմ հուշերն իմ, Նոր վերադարձիս մի ականատես Կկարծի խենթ եմ, անաղարտ սեր իմ…
Իմ կարոտը անպարագիծ ու անտես Խնկաբույրն իր տարածում է եթերում, Կրքերի մեջ օրս տոն է ու հանդես, Հուշերս էլ են անբացահայտ երերում: Մեկ գալիս ես հրեշտակից էլ նրբին, Ծածանում ես՝ կերպաս լինի, թե բեհեզ, Մեղմ զեփյուռ ես մի օր խոնարհ, մի օր հեզ Եվ սիրում ես անհրապույր նույն սրբին: Այս կարոտը՝ անառագաստ մի նավակ, Մոլորվել եմ հորձանքներում վայրենի, Աչքից հեռու՝ նավաբեկյալ, թե նավազ, Սիրահար եմ այսքան օտար վայրերի:
Լույսն այսօր էլ զանազանեմ գույների մեջ երփներանգ, Հարբած մինչև ես տուն հասնեմ բառից քամեմ հազար հանգ, Մի մեղեդի գա ու գնա, միտքս բեկի կիսաձայն, Շշուկն ի՞նչ է, որ անվրեպ ինձ խոցում է այլազան: Ինձ հուշում են, որ ակամա հրաշագեղ մի աղջիկ Իր նազանքն է այգին խառնել ձայների մեջ երգեցիկ, Առավոտը դարձել է ցող համասփյուռ ու ցանկալի, Խայտանքն այս նոր օր է կոչվում հիացական ու բարի: Օրհնվես, դու լույս, բազմատարած շռայլ լինես, թե աղոտ, Ծածանում ես շունչ ու երազ տեսանելի, թե անտես, Միայն ես եմ հարբած այսպես քայլս գծում վարանոտ, Բան է, հանկարծ ինձ օրորես, ես՝ սիրահար, դու՝ անծես…
Սա փախուստ է, Տեր, ի շրջանս յուր, Անթրթիռ կարոտ, կարեկից իմ քույր, Սովոր շան նման ոտքերդ եմ լիզում, Աննախադեպ է, էլ ինձ չես հուզում: Հոգիս եթերից ընկել է վաղուց, Ցեխաջրերի կավն է անմատույց, Խավարի երթին պահնորդ եմ կարգվել, Անտարբերության խաչին եմ փարվել: Ինչ աննկատ եմ, Տեր Սքանչելի, Թիթեռի նման պատեպատ էլի Ելք եմ որոնում, որ ընդդիմանամ, Լույսի հորձանքին ինչպե՞ս դիմանամ: Կույր եմ հեշտանքին վազող ջրերի, Խույր եմ ակամա մտքին քրմերի, Անորոշության տեսաբան էլի, Ով սիրահար է, ես՝ քստմնելի: Փշաքաղվում եմ հույզից ալեկոծ, Ծփանք կա, պիտի հոգիս պարուրի, Սակայն քամահար մոխիր եմ անբոց, Ինձ հետ տանջվում է մերկ մի պարուհի…
ՄԱՅՐԻԿԻՍ
Բարի լուսին սարի ուսին, արի իմ հին ժամանակ, Հին ու զառամ, խոլ ու համառ, զոր ու ամառ և համակ Սիրո դաշնակ և ներդաշնակ, հրաշալի ամանակ, Աղանդ դարի, կաղանդ տարի, անտակ ու ձիգ և… վանդակ :
Օրհնիր ինձ, մայր, մանուկ մնամ օրորոցում այլևայլ, Գիրկդ պեղեմ՝ կաթ ու նեկտար, սերդ գտնեմ անայլայլ, Աչքերիդ մեջ ճրագ ու լույս, այցի կգամ մի օր քեզ, Մեղքը ի՞նչ է, որ հանապազ բաժանում է անվերջ մեզ:
Խնկաբույրն է տարածական հողի շուրթը համբուրում, Ո՞նց եմ, մայրիկ, անլուր ցավին ես անճարակ համբերում, Սերդ մնաց անդառնալի իմ հուշերում անմեկին, Հիմա միայն ես եմ սիրում ամռան տապին կամ մեգին:
Քո կարոտից թե որ մի օր պիտի ջերմեմ սիրահար, Ո՞վ ես եղել, ո՞վ ես այսօր, երեկ մի օր, այսօր հար, Եվ նույն գետը երկու անգամ եթե անցնեմ կամավոր, Մեկ ոտնասույզ, մեկ անկամուրջ ի՞նչ եմ փնտրում կարևոր: Հրա՞շք ես դու ամբողջական, ես եմ թերի՞ կամ անմաս, Մի համբույր կա օդում կախված, հուշն իմ որբ է, թե չկաս, Բաժանվել եմ, հազար հյուլե ելք են փնտրում ապարդյուն, Ու՞մ եմ անվերջ սիրահետում քնած լինեմ թե արթուն: Քեզ սիրում եմ և չեմ սիրում, տառ եմ փնտրում ձայնավոր, Տես, օրերիս լուսինն անգամ արտասվում է մենավոր, Մի երկինք կա նվիրական՝ աստղ ու ասուպ կորընթաց, Իմ աչքերը քո աչքերից ի՜նչ թախծոտ են և ի՜նչ թաց…
Եթե մի օր կույս ու լուսին Ինձ որոնեն շարունակ, Ասեք,- տեսանք այդ անհույսին՝ Քայլը մոլոր, սիրտը փակ:
Աչքերի մեջ՝ ցող ու արցունք, Կարոտն անգամ կույր, անտես, Հույսը ի՞նչ է, որ անարդյունք Ճեղք է փնտրում հոգուց ներս:
Մորմոքն ընկած հազար փողոց, Քայլը մնաց վարանոտ, Ափսոս տղա, հազար ափսոս, Գինովցած ու ալեկոծ:
Բառ ու բանի սովոր տղա, Համրացել է ակամա… Չկա հմուտ մի թասընկեր՝ Սիրտը բացի, տուն գնա:
-Ինձ թևանցուկ արեք այսօր Նվիրական այս ժամին, Ձեր մեջ ես եմ միայն անզոր՝ Եվ մոռացված նույն պահին:
Մի օր հետո, մեկ օր առաջ՝ Նույն բեմին եմ՝ անհառաչ, Եվ նույն դերն է երկրորդական Այս թատրոնում իրական…
Թշվառական կամ տանջահար սիրահար, Մենակյացի ցուպն ես բռնել ակամա, Ի՞նչ ես փնտրում եզերքներում այն օտար, Այն լուսինը հմայիչ է և հիմա: Արծաթ շողեր, հեշտանքածին մեղեդի, Ես խավարի շուրթից պոկված մի համբույր, Միալար էր լոկ ցավն այն, որ ապրեցի, Մեկը եղա, սակայն երբեք ոչ ու բյուր: Ես ընկերոջ հարգը մեկեն հասկացա, Սիրած կնոջ գիրկը գտա բացառիկ, Ու թե հանկարծ մի հրաշքով մերկացա, Մերկ մնացի, բայց չդարձա ասելիք…